Հայաստանի և ֆրանկոֆոն փաստաբանների քննարկումը

Հայաստանի փաստաբանների պալատում սեպտեմբերի 3-ին և 4-ին տեղի է ունեցել երկօրյա քննարկում «Երիտասարդ ֆրանկոֆոն փաստաբանի կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ և եզրահանգումներ» թեմայով: Քննարկմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել ֆրանկոֆոն երկրներից ավելի քան մեկ տասնյակ փաստաբաններ Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից, Կոսովոյից:

Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (Organisation Internationale de la Francophonie) աջակցությամբ և ֆինանսավորմամբ և հանդիսանում է 2018 թվականի ապրիլին Կամերունի մայրաքաղաք Յաունդեում տեղի ունեցած համանուն խորագրով համաժողովի շարունակությունը:

Հյուրերը շրջայց են կատարել Փաստաբանների պալատի, այդ թվում՝ Հանրային պաշտպանի գրասենյակի և փաստաբանական դպրոցի հարկաբաժիններում, ծանոթացել են  տեխնիկական պայմաններին և հնարավորություններին:

Քննարկման սկզբին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է․ «Անցած տարի մեծ շուքով Հայաստանում նշվեց Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովը: Սա փաստում է, որ մենք անմասն չենք ֆրանկոֆոնների արտահանած մշակույթից: Այդ մշակույթն անդրադառնում է նաև փաստաբանության վրա: Պետք է արձանագրել, որ  փաստաբանությունն օր օրի դառնում է ավելի գրավիչ մասնագիտություն, վստահ եմ, որ դուք դրա մասին կփաստեք ձեր երկրների օրինակով: Մեր երկրում տարեց տարի շատանում է հոսքը դեպի փաստաբանություն: Մեզ մոտ փաստաբանական դպրոցում սովորում են արդարադատության ոլորտում կայացած պաշտոնյաներ, դա խոսում է այն մասին, որ մեր համայնքում նրանք վստահություն և կայունություն են տեսնում»:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնական եվրոպայի ներկայացուցիչ Ռենի Յոտովան նույնպես շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Հայաստանի փաստաբաններին փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ողջույնները, նշելով, որ նա հետևողական է ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացմանը:

Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների միջազգային միության գլխավոր քարտուղար Բեռնար Վաթիեն նույնպես շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբաններին և նշել որ․ «Մեր հանդիպման նպատակն է նաև, որպեսզի կապեր ստեղծվեն արևելյան եվրոպայի երկրներին և հատկապես Հայաստանի միջև, որովհետև Ձեր երկիրը դիտարկվում է որպես Եվրոպայի մասնիկ: Մեր նպատականերից է նաև որ փաստաբանների շփումը միմյանց հետ փորձով ու գիտելիքներով հարստացնումն է»: Բեռնար Վաթիեն հայտնել է, որ 2009 թվականին առիթ ունեցել է Հայաստանի փաստաբանների պալատում հյուրընկալվել, և փաստել  է, որ փաստաբանների պալատը լրիվ ժամանակակից ներկայանալի պայմաններ ունի:

Սեմինարի ընթացքում կներկայացվել են որոշակի վերլուծություններ, եզրահանգումներ, առաջարկություններ, որոնք հաստատվել են CIB անդամների կողմից 2018 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ:

Հավաքի նպատակն էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ պետությունների փաստաբանական միություններին հասանելի դարձնել նշված վերլուծությունները, եզրահանգումները և առաջարկությունները: Քննարկումները տեղի են ունեցել հետևյալ թեմաների շուրջ՝

  1. «Երիտասարդ փաստաբանի մուտքը (ինտեգրումը) փաստաբանների միություն և փաստաբանական գրասենյակ».
  2. «Երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատկությունները».
  3. «Երիտասարդ փաստաբանը` որպես քաղաքացի: Ի՞նչ դերակատարում պետք է փաստաբանն ունենահասարակության շրջանում»:
  4. «Երիտասարդ փաստաբանը և նորագույն տեխնոլոգիաները»: