Երկրորդ թվային հեղափախություն՝ կամ ծովից ծով Հայաստան

Իրերի Ինտերնետի (Internet of Things-IoT) սրընթաց զարգացումը արդարացիորեն համարում են երկրորդ թվային հեղափոխություն։ Ի՞նչ նշանակություն այն ունի Հայաստանի համար, ի՞նչ հնարավորությունններ և մարտահրավերներ կարող են լինել՝ այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Ինտերնետի և թվայնացման ոլորտի փորձագետ, Վահան Հովսեփյանի հետ։

-Պարոն Հովսեփյան, իրերի ինտերնետի ոլորտի սրընթաց զարգացումը համարվում է հեղափոխական, նշում են, թե դա երկրորդ թվային հեղափոխությունն է։ Ի՞նչ է թվային հեղափոխությունը:

– Նախկինում տեխնոլոգիական կամ, այլ կերպ ասած՝ արդյունաբերական հեղափոխությունների միջև ընկած ժամանակահատվածը բավականին մեծ էր լինում. առաջինը սկսվեց Անգլիայում դեռ 18-րդ դարի վերջում, երկրորդը՝ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբ, իսկ ահա առաջին թվային հեղափոխության և երկրորդի միջև ժամանակահատվածը բավականին փոքր է՝ առաջինի սկիզբը համարվում է 21-րդ դարի սկիզբը, իսկ երկրորդը ահա մեր օրերում է տեղի ունենում, հենց հիմա։  

-Այսինքն, մենք հիմա ականատես ենք երկրորդ թվային հեղափոխությա՞ն:

-Ոչ միայն ականատես ենք, այլև՝ ակտիվ մասնակիցը։ Անգլիայում սկսված առաջին արդյունաբերական հեղափոխությունը առաջին հերթին լուրջ վերափոխեց հենց այդ երկրի արդյունաբերական, սոցիալական, քաղաքական հարաբերությունները, որի արդյունքում Անգլիայի արդյունաբերությունը շեշտակի վերելք ապրեց՝ երկար տարիներով ապահովելով Ծովերի Տիրուհու գերիշխող դիրքերը մի շարք ուղղություններով։

Գլոբալիզացան էապես նպաստեց նման գործընթացների արագ տարածմանը, մեկ տեղու արված հայտնագործությունները անմիջապես կարող են հայտնվել մեկ այլ վայրում: Տեխնոլոգիական զարգացման համանման հիմք ունեցող երկրները շատ են, իսկ թվային հեղափոխությունը աներևակայելի հնարավորություններ է ստեղծում բոլոր, բայց առաջին հերթին՝ ծով չունեցող երկրների համար։ Մի խոսքով, ինտերնետը կարծես ծով հանդիսանա ծով չունեցող երկրների համար, իսկ երկրորդ թվային հեղափոխությունը թույլ է տալիս նավատորմ ստեղծել այդ ծովում հաջողակ լինելու համար։ Ամպային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, իրերի ինտերնետը՝ այդ մեծ նավատորմի մասնակիցներ են։

Իրերի ինտերնետի ծավալը 2020 թվականին գնահատվում է ավելի քան 30 միլիարդ սարք, իսկ  2025-ին նախատեսվում է ունենալ ավելի քան 75 միլիարդ սարք։ Համեմատության համար՝ ինտերնետից օգտվող մարդկանց թիվն այժմ մոտ 4.54 միլիարդ է։ Այն երկիրը, որը լավ է զարգացրել այդ համակարգերը տնտեսության մեջ, ունի թվայնացման բարձր աստիճան, հենց այդ երկիրն էլ ունի ամենամեծ նավատորմը այս թվային ծովում, նա է այժմյան Ծովերի Տիրակալը։

-Հայաստանը ինչպե՞ս է մասնակցում այս գործընթացներին, որքանո՞վ են այս հեղափոխությունները ազդում Հայաստանի տնտեսության, ներդրումային միջավայրի վրա:

-Կարող է զարմանալի թվալ, բայց Հայաստանը արդեն իսկ լուրջ մասնակցություն է ունեցել թվային հեղափոխությունների կայացմանը։ Առաջին թվային հեղափոխությունը համակարգիչների հայտնագործման և կիրառման, ինտերնետ տեխնոլոգիաների ներդրման արդյունքում տեղի ունեցած խորը փոփոխություններն էին ամբողջ աշխարհում։ Իսկ ինչպես գիտեք, դեռ Խորհրդային Միության տարիներից Հայաստանը հանդիսանում էր խոշոր տեխնոլոգիական կենտրոն, Մերգելյանի անվան ինստիտուտը ԽՍՀՄ համակարգչային արդյունաբերության ստեղծման հիմնքերում էր, ստեղծվել էին ռազմական արդյունաբերությունը սպասարկող մի շարք տեխնոլոգիական գործարաններ։ Մյուս կողմից տեխնոլոգիական կրթության խոշոր կենտրոնների, Պոլիտեխնիկի, ԵՊՀ շնորհիվ հազարավոր մասնագետնտեր էին տրվում տնտեսության այս ոլորտին։

– Թվային երկրորդ հեղափոխությունն ու Հայաստանը. որո՞նք են եզրերը:

-ԽՍՀՄ փլուզումից հետո շատ բան փոխվեց, բազմաթիվ տեխնոլոգիական գործարաններ փակվեցին, շատ մասնագետներ արտագաղթեցին։ Բայց մնաց կարևորը՝ մնացին մարդիկ, որ գիտեին, որ մենք կարող ենք, երկար ժամանակ դեռ չանցավ այդ տեխնոլոգիական կուշտ տարիներից և հիշողությունը նույնպես հեռու-հեռավոր Տիգրան Մեծի դարաշրջանի մասին չէր՝ մենք դեռ հիշում էինք ինչ նվաճումներ ունեինք։ Մենք գիտեինք, որ կարող ենք, և այն մարդիկ ովքեր դա գիտեին, իրենք ստեղծեցին Հայաստանի նոր տեխնոլոգիական կերպարը։ Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների մասին ոչ միայն մենք հայերով ենք խոսում, այլև հեղինակավոր միջազգային կառույցները, ամսագրերը։

-Դուք ի նկատի ունեք վերջերս Ֆորբս ամսագրում հայտնված հոդվա՞ծը:

-Ոչ միայն։ Հանրությանը հիմնականում հայտնի են դառնում միայն այն գործընթացները, որ հայտարարում է կառավարությունը, կամ խոշոր ընկերություններն են ներկայացնում, բայց կա նաև աշխատանք, որը չի երևում, սակայն դնում է հետագա թռիչքային զարգացման հիմքերը։ Օրինակ, երկար տարիներ Հայաստանը հանդիսացել է IPv6 RIPENESS ինդեքսի համաշխարհային առաջատարներից, Արփինետ, Ինտերնետ Հանրություն, Ջի Էն Սի Ալֆա, Վիվասել ՄՏՍ և Յուքոմ ընկերությունների շնորհիվ։ Այս ինդեքսը ցույց է տալիս ինտերնետի այս նոր պրոտոկոլի ներդրման պատրասվածությունը, ինչը, ինտերնետի մյուս փուլի զարգացման համար համարվում է նախադրյալներից մեկը։ Իսկ 2019 թվականի հունվարից երկու հայկական ընկերության, Ջի Էն Սի Ալֆա և Յուքոմ մասնագետների կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն պատրաստվածության ինդեքսի առաջատարներից ենք, այլև IPv6 արդեն ներդրման ցուցանիշով գրեթե հասել ենք Ռուսաստանի ցուցանիշներին, որն ինքնին առաջատարներից է տարածաշրջանում։ Համեմատության համար ասեմ, որ այս պահին մենք այդ ցուցանիշով առաջ ենք այնպիսի երկրներից, ինչպիսիք են Դանիան, Իտալիան, Բուլղարիան, Ուկրաինան, Իսպանիան: Մեր ընկերությունները իրականացնում են լայնաշերտ ինտերնետի ներդրման, ցանցերի կառուցման լայնամաշտաբ աշխատանքներ ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, Հայաստանի Բարձր Տեխնոլոգիաների Արդյունաբերության նախարարությունը հայտարարել է Հայաստանի բոլոր բնակավայրերում լայնաշերտ ինտերնետի մուտքի ապահովմանն ուղղված  աջակցման գործողությունների մասին։ Այս ամենը մենք կամ ընդունում ենք որպես այդպիսին և չենք մտածում համեմատականների մասին այլ երկրների հետ, կամ ընդհանրապես տեղյակ չենք, բայց իրականում այս բոլորը հիմք է դնում ենթակառուցվածքային փոփոխություններն են, որ կապահովեն մեր հետագա զարգացումը։ Ավելին, այս պահին մենք արդեն լուրջ տարածաշրջանային խաղացող ենք ինտերնետ տրաֆիկի տարանցիկ ծառայությունների շուկայում, տրամադրում ենք ծառայություններ Մերձավոր Արևելքում, լուրջ նախադրյալներ նախադրյալներ կան մտնել նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջան և, հետագայում նաև Չինաստան։ Այո, այս ամենը նախկինում արվել է հիմնականում մասնավոր ընկերությունների և ջանքերի շնորհիվ, սակայն պետության աջակցությամբ գործընթացները շատ ավելի դյուրին և արագ կլինեն։

-Խոսեցիք միայն դրական կողմերի ու հնարավորությունների մասին, իսկ ի՞նչ մարտահրավերներ կան մեզ համար:

-Ընդհանրապես բոլոր մարտահրավերները նաև հնարավորություններ են իրենց մեջ պարունակում։ Ինչպես բոլոր հեղափոխությունները, այդպես էլ երկրորդ թվային հեղափոխությունը բերել և բերելու է մի շարք մասնագիտությունների աստիճանաբար վերացման։ Մենք արդեն իսկ տեսնում ենք, որ գնալով մարդիկ շատ ավելի շատ են օգտվում օնլայն տաքսիներից, վճարահաշվարկային, սննդի պատվիրման միջոցներից, հաշվապահական ծրագրերից։ Այս ամենը դյուրացնում է մարդկանց կյանքը, բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, ստեղծվում են տնտեսության նոր ճյուղեր, ընկերություններ են բացվում, սակայ ավանդական ճյուղերի կրճատվում են։ Մենք դեռ տասը տարի առաջ հեռախոսը հիմնականում օգտագործում էինք զանգեր կատարելու համար, իսկ հիմա նույնիսկ զանգ կատարելու համար օգտագործում ենք նույն հեռախոսը, բայց ինտերնետի միջոցով։ Արդյունքում էապես նվազում են բջջային օպերատորների՝ GSM ցանցի միգոցով իրականացվող զանգերի և տեքստային հաղորդագրություններից եկամուտները, հետևաբար՝ նաև պետության հարկային եկամուտները։ Skype, WhatsApp, Viber, Telegram, այլ հաղորդակցման ծրագրերի միջոցով իրականացվող հաղորդակցությունը շահույթ է բերում այդ ընկերություններին, հետևաբար՝ այն երկրներին, որտեղ որ այդ ընկերությունները գրանցված են։ Գովազդի ավանդական շուկան նույնպես ճգնաժամի մեջ է, քանի որ շատ և շատ գովազդատուներ գնում են Google և Facebook:

-Իսկ ինչ լուծումներ կան այդտեղ:

-Տարբեր երկրներ տարբեր լուծումներ են փորձում կիրառել, սակայն և ոչ մեկն ամբողջական չէ: Որոշ երկրներում փակում կամ սահմանափակում են հաղորդակցման ծրագրերի կիրառման հնարավորությունը, ինչը պահանջում է լուրջ ներդրումներ, սակայն է այլ ռիսկեր, այդ թվում՝ ինտերնետի կառավարման ոլորտում, իսկ որոշ ծրագրերի կիրառմամբ այդ սահմանափակումները բավականին դյուրին շրջանցվում են։ Որոշ երկրներ նոր հարկատեսակ են փորձում կիրառել (Google Tax), ինչը վերջին հաշվին «ջարդվում» է հենց տեղական սպառողների գլխին, ավելացնելով ծառայությունների արժեքը։

Սակայն, որպես փաստ կարելի է արձանագրել, որ շահող մնում են այն երկրները, որոնց ռեզիդենտ են համարվում այդ ընկերությունները, ինչը մեզ հուշում է, որ լուծման բանալին կարող է լինել նման ծառայություններ, լուծումներ ապահովող տեղական ընկերությունների խթանումը, ներդրումային միջավայրի բարելավումը, վերազգային կորպորացիաների Հայաստան տեղափոխվելու համար բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելը։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Կառավարությունը, կարևորելով բարձր տեխնոլոգիաների զարգացումը, գնաց նույնիսկ կառուցվածքային փոփոխությունների, ստեղծվեց Բարձր Տեխնոլոգիաների Արդյունաբերության նախարարություն, որի մանդատի մեջ է նաև թվայնացումը, գործում է Ինտերնետի Կառավարման Խորհուրդը։ Բայց նավատորմ կառուցելու համար պետք է բոլոր պետական մարմինների, մասնավոր հատվածի, ոլորտային միությունների համընդհանուր աշխատանքը, պետք է փոխվի պետության և մասնավորի համագործակցության ամբողջ պարադիգմը, պետք է հասկանալ, որ մեր տիպի երկների համար թվայնացումը կբերի ոչ միայն զուտ տեխնոլոգիական, այլև սոցիալական փոփոխությունների, կներդրվեն էլեկտրոնային ժողովրդավարության, հասարակության գործիքները, կապահովվի պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկությունը և արդյունավետությունը, բարձր հավելյալ արժեք ունեցող ծառայություններն ու ապրանքները չեն վախենա ցանկացած շրջապակումից…։ Էլեկտրոնային առողջապահության գործիքները թույլ կտան ծնված օրվանից գրանցել մարդու խնդիրները, դուրս գրված դեղատոմսերը, ստացված բուժումը, արհեստական բանականությունը կաջակցի բժիշկներին կայացնել որոշումներ, հեռաբժշկության համակարգերը՝ ապահովել բարձր որակի նեղ մասնագետների ամբողջական ծառայություններ հեռավոր և դժվար հասանելի վայրերում։

-Այսինքն, դեռ մեծ ճանապարհ ունենք հասնելու այդ արդյունքներին:

-Այդ արդյունքներին հասնելու համար մենք պետք է գործենք հիմա, ճանապարհն անցնելու համար պետք է քայլ անենք հիմա, նավատորմ ստեղծելու համար, նավերը պետք է ստեղծել ստեղծել արդեն հիմա։

Հարցազրույցը՝ Մանանա Հովակիմյանի
ԻՆՎԵՍՏ ԱՄՍԱԳԻՐ