Կրթությունից ուղեղային կենտրոն

Ցանկացած զարգացման հիմքում կրթությունն է ու գիտելիքը:

Բարձրագույն կրթություն ստանալ ձգտում է մեծամասնությունը: Այլ խնդիր է, թե որքանով է իրացվում ստացված հմտությունը՝ անկախ այն հանգամանքից, թե որքան է այն արժենում պետության, հասարակության վրա:

Տնտեսության մեջ ու հասարակությունում կրթության դերի, փորձագետի աստիճանի գիտելիքների ստացման հնարավորությունների  մասին զրուցում ենք ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտություններ դոկտոր Աթոյան Վարդանի հետ:

– Պարոն Աթոյան, Հայաստանում բարձրագույն կրթության արժեքը որքանո՞վ է համապատասխան իր բնույթին ու էությանը և որքանո՞վ է մրցունակ արտերկրի հետ։

-Նախ և առաջ պետք է նշել, որ աշխարհում չկան բարձրագույն կրթության կատարյալ համակարգեր: Ցանկացած երկրի բարձրագույն կրթության ոլորտում հնարավոր է գտնել որոշակի խնդիրներ և բացթողումներ: Խնդիրը դրանց խորության, բարդության և որակական աստիճանի մեջ է: Միաժամանակ շատ կարևոր է թե ինչ քաղաքականություն են վարում և ինչ քայլեր են ձեռնարկում ոլորտի պատասխանատուները՝ այդ խնդիրները հաղթահարելու համար:

Այս առումով, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առկա են, ինչպես գլոբալ բնույթի հիմնախնդիրներ, որոնց հետ բախվում են ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ տեղական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված մարտահրավերներ: Պետք է խոստովանել նաև, որ բոլոր ժամանակներում ոլորտի բարեփոխման ուղղությամբ թեև իրականացվել են որոշակի քայլեր, այնուամենայնիվ, վերջին տասնամյակներին՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով Հայաստանում բարձրագույն կրթության որակը էականորեն նվազել է:

Մենք մի կողմից տեսնում ենք հազարավոր շրջանավարտներ, դիպլոմավորված մասնագետներ, որոնք ամեն տարի մուտք են գործում աշխատաշուկա, իսկ մյուս կողմից՝ տարբեր ոլորտներում առկա է որակյալ մասնագետների պակաս: Ի թիվս մի շարք այլ պատճառների, այս ամենը վկայում է մի կողմից՝ դիպլոմավորված մասնագետների ստացած գիտելիքների և հմտությունների, իսկ մյուս կողմից՝ աշխատաշուկայի արդի պահանջների միջև առկա խզվածքի մասին: Ինչ վերաբերում է միջազգային մակարդակով մրցունակությանը, ապա ակնհայտ է, որ այստեղ ևս բազմաթիվ անելիքներ կան, եթե, իհարկե, խոսքը գնում է բարձրագույն կրթության ոլորտում առաջատար երկրների հետ համեմատվելու մասին: Թեև որոշակի ուղղություններով մենք բավականաչափ մրցունակ ենք, սակայն հիմնականում հետ ենք մնում ոլորտում արձանագրվող միտումներից: Ակնհայտ է, որ վերջին տասնամյակներին տեխնոլոգիական բուռն զարգացումը և դրանով պայմանավորված բազմաշերտ վերափոխումները նոր խնդիրներ են ի հայտ բերում բարձրագույն կրթության համակարգի արդիականացման հարցերում: Հայտնի է նաև, որ կրթական համակարգն ունի առավելապես պահպանողական բնույթ և օժտված է ինստիտուցիոնալ իներցիայով, ինչն երբեմն բարդացնում է խորքային բարեփոխումների բավարար ճկունությամբ և արագությամբ իրականացումը:

Այնուամենայնիվ, 21-րդ դարի հարափոփոխ գործընթացներն ու աշխատաշուկայի վերափոխվող պահանջները ոլորտի դերակատարներին պարտադրում են խաղի սեփական կանոնները: Աճող մրցակցությունը համալսարաններին դրդում է անընդմեջ արդիականացվել՝ նոր ուսանողների ներգրավման, լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ձևավորման, մատուցվող ծառայությունների որակի բարելավման և սեփական ակադեմիական հեղինակության բարձրացման խնդիրները հաջողությամբ լուծելու համար: Նման կոշտ մրցակցության պայմաններում կհաջողեն այն համալսարանները, որոնք առավել արդյունավետ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները, կբավարարեն հիմնական շահառուների ակնկալիքները և կհապատասխանեն ներկա՝ թվային դարաշրջանի պահանջներին: Այս առումով, Հայաստանի բուհերը գլոբալ կրթական շուկայում մրցունակության ապահովման համար կարիք ունեն համալիր արդիականացման և խորքային բարեփոխումների, որոնք երբեմն պահանջելու են բարդ և ոչ ժողովրդահաճո որոշումներ: Ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարափոփոխ աշխարհի գլոբալացվող գիտակրթական տարածությունում մրցունակ լինելու, առաջնորդող, իրականության փոփոխության, այսպես կոչված՝ դրայվերի դեր ստանձնելու համար անրաժեշտ կլինի նոր թափ հաղորդել կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդների արդիականացման, միջազգայնացման, կրթական ենթակառուցվածքների բարելավման, առցանց և հեռավար դասընթացների ներմուծման, հետազոտությունների և մշակումների, շարունակական կրթության բաղադրիչի ուժեղացման, համալսարանական ընկերակցությունների ձևավորման, կամ դրանց անդամակցման և այդ միջոցով կարողությունների միավորման, գիտական շտեմարաններ հասանելիության ապահովման, աշխատակիցների ակադեմիական գործունեության խրախուսման համակարգի, կարողությունների և փափուկ հմտությունների զարգացման, ակադեմիական և հանրային հարթակներում ակտիվության բարձրացման, որոշ ծառայություններ մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակման, և, անշուշտ, վարչարարության ավտոմատացման ու թվային տեխնոլոգիաների ներդրման գործընթացներին:

Ուղեղային կենտրոնների նշանակությունը ո՞րն է ընդհանուր առմամբ երկրի զարգացման հարցում։

-Վերջին տասնամյակները մշտապես ուղեկցվում են ուղեղային կենտրոնների քանակական աճով և հան­րա­յին քաղաքականության մեջ վերջիններիս դերակատարության պարբերական մեծացմամբ: Ներկայումս աշխարհում գործում է ավելի քան 8000 ուղեղային կետրոն: Տարբեր երկրների ուղեղային կենտրոնների գործունեության վերլուծութ­յունը փաստում է, որ անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում դրանք կարող ենք ստանձնել ազգային շահ սպա­սար­կող հաստատությունների դերակա­տա­րություն և քաղաքական համակարգում սե­փա­կան ազդեցության մեծացմանը զուգահեռ իշխա­նութ­յան յուրահատուկ բևեռ ձևավորել: Որոշ երկրներում դրանց ազդեցությունը հանրային քաղաքականության վրա այնքան նշանակալի է, որ պետական իշխանության դասական երեք ճյուղերից՝ օրենսդիր, գործադիր և դատական, և հասարակության վրա ունեցած ազդեցության առումով «չորրորդ իշխանություն» համարվող ԶԼՄ-ներից հետո ուղեղային կենտրոնները ակադեմիական գրականության մեջ երբեմն դիտարկվում են որպես «հինգերորդ իշխանություն»: Հարկ է հավելել, որ 21-րդ դարում արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերները և հարափոփոխ իրողությունները առանձնանում են իրենց բարդությամբ ու բազմաշերտությամբ, ինչը քաղաքական վերնախավի համար էականորեն դժվարացնում է որոշումների կայացման գործընթացը: Այս առումով, արհեստավարժ փորձագիտական հանրույթի ներգրավումը որոշումների կայացման գործընթացում, որոշումների փորձագիտական աջակցությունը և ուղեղային կենտրոնների կողմից պատրաստված քաղաքականության երաշխավորությունները, կարող են մեծապես օգտակար լինել տարբեր ոլորտներում մշակվող և իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացման համար: Պետք հաշվի առնել նաև այն, որ ուղեղային կենտրոնների և փորձագիտական հանրույթի հետ փոխգործակցության բացակայությունը որոշ դեպքերում կարող է նաև ռիսկեր ծնել՝ հանրության շրջանում ոչ հավա­սարակշռված կամ բևեռացված կարծրատիպային ընկալումներ ձևավորելու առու­մով: Այսպես, հանդես գալով որպես որոշումը նախաձեռնող սուբյեկտ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչները հանրության մեջ հաճախ չեն դիտարկվում որպես օբյեկտիվ կողմ: Նման պարագայում քաղաքական վերնախավը երբեմն ունենում է կայաց­րած որոշումների հանրային լեգիտիմացման խնդիր, ինչն արտերկրում իրականացվում է նաև ուղեղային կենտրոնների կամ փորձագիտական շրջանակների ջանքերով: Հատկանշական է, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե իշխող վերնախավի լեգիտիմությանն է առնչվում, այլ նրա կողմից կայացվող որոշումների հանրային ընկալման դաշտում լեգիտիմացմանը, հատկապես, երբ այդ որոշումները լինում են ոչ ժողովրդա­հաճո, հաճախ ոչ միարժեք ընդունվող, վիճելի կամ ունենում են էական նշանա­կություն որևիցե ոլորտում արտաքին կամ ներքին քաղաքականության փոփոխության առումով: Բացի այդ, ուղեղային կենտրոնների ներկայա­ցուցիչ­ները և ընդհանրապես փորձագիտական հանրույթը, անդամակցելով տարբեր միջազգային փորձագիտական ցանցերին, պարբերաբար շփվելով և համագործակցելով արտերկրի գործընկերների հետ, այդ թվում՝ մասնակցելով միջազ­գային գիտաժողովների և աշխատաժողովների, կարող է նպաստել սեփական երկրի դիվանագիտությանը, ազգա­յին շահերի պաշտպանությանն ու առաջմղմանը՝ հաճախ բարձրաձայնելով այնպի­սի միջպետական կամ միջազգային նշանակության խնդիրներ, որոնք տվյալ երկրի պաշտո­­նական դիվանագիտությունը տարբեր պատճառներով չի կարող կամ չի ցան­կա­նում պաշտոնապես հնչեցնել: Միաժամանակ, երկրների միջև բարդ հարաբերությունների առկայության պարագայում փորձագիտական հանրության շփումները կարող են օժանդակել երկխոսության ձևավորմանը, պաշտոնական մակարդակով շփումների համար հող նախապատրաստելուն կամ միջազգային մակարդակի որևիցե խնդրի լուծմանը: Նման օրինակները բազմաթիվ են: Ակադեմիական շրջանակներում փորձագիտական դիվանագիտության այս գործընթացն ընդունված է անվանել Երկրորդ շավիղի դիվանագիտություն կամ անգելերեն՝ Track II Diplomacy: Ուստի, մշակված կառուցակարգերով նաև ոչ պետական դերակատարների ընդգրկումն արտաքին քաղաքա­կան գործու­նեության մեջ կարող է էականորեն բարձրացնել երկրի արտաքին քաղաքակա­նության արդյունավետությունը:

Տպավորություն է, որ Հայաստանում  Think tank հասկացությունը կարծեք դեռ հում է գոնե կիրառության առումով։ Կա՞ն դրանք ու որքան են մրցունակ։

-Մասամբ համաձայն եմ Ձեր դիտարկման հետ: Թեև անկախության վերականգնումից ի վեր Հայաստանում նույնպես սկսեցին ի հայտ գալ ուղեղային կենտրոնների ձևաչափով գործող հաստատություններ, որոնցից շատերը նաև որոշակի հաջողություններ են արձանագրում, սակայն, ընդհանուր առմամբ, ոլորտը դեռևս ամբողջովին չի ձևավորվել և գտնվում է կայացման փուլում: Ուղեղային կենտրոնների ոլորտում առկա են բազմաթիվ խնդիր­ներ, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի և մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ փոխգործակցության ցածր մակարդակը, նվիրատվությունների կամ մեկենասության ավանդույթի տարածված չլինելը, ֆինանսական ռեսուրսների անբա­վա­­­­րա­­րությունն ու բազ­մա­­զա­­նեց­­ված չլինելը, որոշում­­ների ընդուն­ման գործընթացում ներգրավ­վելու բավականին սահմանափակ հնարավորութ­յունները և այլն: Կարելի է առանձնացնել նաև տեղեկատվական տիրույթում ուղեղային կենտրոնների ոչ բավա­րար ակտիվությունը և արհեստավարժ փորձագիտական ռեսուր­սի պակասը: Հանրագումարում կարելի է արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, հայկական ուղեղային կենտրոնները հարաբերականորեն թույլ ազդեցություն ունեն հանրային քաղաքականության և մասնավորապես որոշումների կայացման գործ­ընթացի վրա, և, որոշ բացառություններով, միջազգային մակարդակում մրցունակ լինելու մասին դեռ վաղ է խոսել: Բացի այդ, առ այսօր հայկական ուղեղային կենտրոնների համար «աքիլլեսյան գարշապար» է մնում ֆինանսական կայունության ապահովման խնդիրը, ինչն էականորեն արգելակում է տվյալ ոլորտի զար­գացու­մը: Մյուս կողմից՝ շատ դեպքերում ուղեղային կենտրոնների գործու­նեությունը որոշակի առումով խզված է Հայաստանի պետական առաջնահերթութ­յուն­ներից: Վերոնշյալ խնդիրների լուծումը և ուղեղային կենտրոնների ոլորտի շարու­նակական զար­գացման ապահովումը կապված են ոչ միայն քաղաքական համակարգի, այլ նաև տնտեսական ոլորտում երկրի հաջողություն­ների հետ, ինչն ուղղակիորեն կարող է անդրա­դառնալ ուղեղային կենտրոնների ներ­հայաս­տանյան ֆինանսական աղբյուր­ների ընդլայնման վրա, ինչը ինտելեկտուալ ոլորտում ինքնիշանության ապահովման և ուղեղային կենտրոնների ներուժը ազգային օրակարգերի ու առաջնահերթությունների վրա կենտրոնացնելու համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Բացի դրանից, ինչպես ցույց է տալիս ուղեղային կենտրոնների կայացած համակարգ ունեցող երկրների փորձը, ոլորտի զարգացման վրա էական ազդեցություն ունի նաև պետության քաղաքական ղեկավարների անձնական նախաձեռնությունը, որը դրսևորվում է ինչպես նման կառույցների ստեղծման համար բարենպաստ միջավայրի ձևավորման, այնպես էլ հանրային քաղաքականության բնագավառում դրանց հետևողական ներգրավումով: Միաժամանակ, այդ ոլորտում զարգացումը ապահովելու համար Հայաստանում դեռևս կա չօգտագործ­ված ներուժ, և համապատասխան պայմանների ապահովման դեպքում ուղեղային կենտրոնների ոլորտը շատ ավելի արագ կարող է զարգացում ունենալ, ինչն իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ ինչպես երկրի ժողովրդավարական համակարգի ամրա­պնդման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման հա­մար, այնպես էլ՝ էապես բարձրացնել արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության, անվտանգության համակարգի և այլ ոլորտներում նախապատրաստվող և ընդունվող որոշումների ու դրանց իրականացման արդյունավետությունը:

– Հայաստանյան ուղեղային կենտրոնները որքանո՞վ են ներգրավված երկրի նշանակալի գործընթացներում։ Ու ի՞նչ հարց կարող են լուծել մեր երկրում։

_Պետք է նշել, որ տարբեր երկրներում ուղեղային կենտրոնների ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թեև պետության կառավարման մոդելը կամ ժողովրդավարության մակարդակը որոշակիորեն ազդում է ուղեղային կենտրոններ-քաղաքական վերնախավ, ուղե­ղա­յին կենտրոններ-հասա­րա­կություն հարաբերությունների մակարդակի և ձևաչափերի վրա, այնուամենայնիվ, վերջիններիս նշանակալի և ակտիվ դերակատարությունը հանրային քաղաքանության գործընթացներում ոչ միշտ է պայմանավորված միայն վերոնշյալ գործոններով: Ուղեղային կենտրոնները մեծաթիվ են ու տարբեր ձևաչափերով ներգրավված են հանրային քաղաքականության բնագավառ ինչպես զարգացած ժողովրդավա­րական համակարգ ունեցող երկրներում, այնպես էլ արևմտյան ընկալմամբ ոչ այնքան ժողովրդավարական համբավ ունեցող պետություններում: Այնուամենայնիվ, բնական է, որ քաղաքական գործընթացներում և, մասնավորապես, քաղաքական վերնախավի կողմից կայացվող որոշումներում ուղեղային կենտրոնների ներգրավումը կամ ներգրավվածության աստիճանը պահանջում են համապատասխան քաղաքական մշակույթի, այդ թվում՝ ոլորտի ինստիտու­ցիոնալ կայացման համար բարենպաստ միջավայրի առկայություն, որոշումներ կայացնողների անձնական նախաձեռնողականություն և ուղեղային կենտրոններին որոշակի գործողությունների պատվիրակման մշակույթի առկայություն: Այս առումով, Հայաստանի քաղաքական վերնախավը անկախության հռչակման առա­ջին իսկ օրվանից մշտապես գտնվել է բարդագույն որոշումների կայացման գործընթացում, որոնք պայմանավորված են եղել ներքին և արտաքին բազմաթիվ մարտահրավերներով, այդ թվում՝ Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով, Արցախյան հակամարտությամբ, գլոբալ և տարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական հետաքրքրություններով, երկրում իրակա­նաց­վող ինստիտուցիոնալ վերափոխումներով, ինչպես նաև պետական, ժողովրդավարական ինստի­տուտ­ների կայացման, երկրի ազգային շահերի պաշտպանության և շարունակվող սոցիալ-տնտեսական բարդ իրադ­րութ­յունը հաղթահարելու առավել արդյունավետ ուղիների ընտրության անհրա­ժեշտությամբ: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս շուրջ երեք տասնամյակների մեր անկախ պետականության պատմությունը՝ քաղաքական որոշումներ կայացնողների և փորձագիտական հանրույթի հետ համագործակցության անբավարար մակար­դակի պայմաններում քաղաքական վերնախավը հաճախ «միայնակ է մնում» բարդ, ոչ ժողովրդահաճո որոշումների նախապատրաստման և ընդունման գործընթացում: Մասնավորապես, հաճախ չի կարողանում ապահովել համապատասխան բարենպաստ տեղեկատվական միջավայր, անկախ փորձագիտական շրջանակների կողմից չի ստանում բավարար աջակցություն՝ հասարակությանը այդ որոշումների դրդապատճառների արդարացիությունը, սեփական ակնկալիքները ներկայացնելու և արդյունքների գնահատման խնդիրներում: Սա հա­ճախ էապես թուլաց­նում է քաղաքական իշխանության հանրային դիրքերը, ինչն իր հերթին կուտակված հասարակական դժգոհությունը քաղաքական ցնցումների և անհնազանդության վերափոխվելու առումով որոշակի ռիսկեր է ծնում: Միաժամանակ ակնհայտ է, որ մեր երկիրը շարունակում է գտնվել արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական ոլորտներին առնչվող բարդ և երբեմն ոչ ժողովրդահաճո որո­շում­ների կայացման, կիրառ­ման ու դրանց արդյունավետության գնահատման խնդիրների լուծման գործընթացում: Հետևաբար, այդ խնդիրների անցնցում և արդյունավետ լուծման նպատակով խիստ հրատապ է դառնում մեզանում՝ որոշում կայացնողներ-ուղեղային կենտրոններ փոխգործակ­ցության ընդլայնումը և պետական մակարդակով նման հաստատությունների զարգացման համար համապատասխան պայմանների ապահովումը, ինչը կդյուրացնի որոշումների նախապատրաստման գործընթացում այլ­ընտրանքային գաղափարների գեներացումը և ոչ ստանդարտ մոտեցումների մշակումը: Ինչ վերաբերում է մեզանում պետություն-ուղեղային կենտրոններ համագործակցության կոնկրետ նախադեպերին, ապա կարող ենք հիշատակել հենց մեր հաստատության օրինակը: Այսպես, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, իր շուրջ յոթամյա գործունեության ընթացքում մշտապես փոխգործակցել է օրենսդիր և գործադիր իշանության տարբեր կառույցների հետ: Վերջիններիս պատվերով իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ, օրենսդրական նախագծերի վերաբերյալ պատրաստվել են փորձագիտական կարծիքներ, տարբեր հարցերի վերաբերյալ տրամադրվել է խորհրդատվություն, կենտրոնի փորձագետները մասնակցել են ռազմավարական բնույթի տարբեր փաստաթղթերի մշակմանը և այլն: Ներկայումս մենք շարունակում ենք զարգացնել այդ ուղղությունը, փորձում ենք նոր թափ հաղորդել այս գործընթացին և համագործակցում ենք տարբեր կառույցների հետ, այդ թվում՝ պաշտոնապես հանդիսանում ենք Անվտանգության խորհրդի գործընկեր կառույց և փորձում ենք մեր գիտելիքները ծառայեցել մեր հայրենիքի զարգացման գործին:

– Ի վերջո, մեր երկրի բարձրագույն կրթության համակարգը կարողանում է էքսպերտային կարգի մասնագետներ պատրաստել՝ հետագայում ուղեղային կենտրոններ ներթափանցելու միտումով։

-Շատ կարևոր և միաժամանակ ցավոտ հարց եք բարձրացնում: Պետք է խոստովանել, որ այստեղ ևս մենք լրջագույն խնդիրներ ունենք: Թեև կան բազմաթիվ պատրաստված մասնագետներ, փորձառու արհեստավարժներ, բայց, ընդհանուր առմամբ և պատկերավոր ձևակերպմամբ՝ Հայաստանում վերլուծաբանական դպրոցը և ուղեղային կենտրոնների ոլորտը դեռևս ձևավորման փուլում են: Արտերկրում հաճախ հենց ուղեղային կենտրոններն են այն ինտելեկտուալ դարբնոցները, որտեղ մուտք գործած և համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետները՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով նաև որոշակի հմտություններ, հետազոտական ու վերլուծաբանական գործունեության փորձառություն, կայանում են որպես ոլորտի փորձագետներ: Բայց դրա համար նախ պետք է կայանա ուղեղային կենտրոնների ոլորտը: Միշտ չէ, որ համալսարանի բարձր առաջադիմությամբ շրջանավարտը, կամ գիտական թեզ պաշտպանած մասնագետը կարող է կայուն պարբերականությամբ և անհրաժեշտ մակարդակի հետազոտական կամ վերլուծական բնույթի աշխատանքներ պատրաստել: Այստեղ դեռ շատ անելիքներ կան, այդ թվում՝ խրախուսող համակարգ, համապատասխան ենթակառուցվածքներ և բարենպաստ միջավայր ձևավորելու անհրաժեշտություն: Նույնիսկ բոլոր անհրաժեշտ պայմանները ապահովելով՝ լավ վերլուծաբան, փորձագետ, հետազոտող պատրաստելու համար հաճախ տարիներ են անհրաժեշտ: Ի դեպ, վերջինս վերաբերում է ոչ միայն վերլուծաբաններին: Ուղեղային կենտրոնների զարգացած համակարգ ունեցող երկրներում այդ ոլորտը կայացել տասնամյակներով: Կան ուղեղային կենտրոններ, որոնցից են Քարնեգի հիմնադրամը, Սթենֆորդի համալսարանի Հուվերի ինստիտուտը, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, Արտաքին հարաբերությունների խորհուրդը, Բրուքինգսի ինստիտուտը և մի շարք այլ կառույցներ, որոնք ունեն շուրջ մեկդարյա, որոշ դեպքերում առավել երկար տարիների պատմություն և ունեն ձևավոր­ված ավանդույթներ, խորհրդանշական կապիտալ, ուրույն ձեռագիր, վերլուծաբանական մշակույթ և ամրագրել են իրենց տեղը ոչ միայն իրենց երկրի հանրային քաղաքականության ոլորտում, այլ նաև շատ դեպքերում համաշխարհային քաղաքականության մեջ որոշակի դերակատարություն են ստանձնում: Ամփոփելով նշեմ, որ այնուամենայնիվ, ես լավատես եմ և կարծում եմ, որ մենք ունենք չօգտագործված ներուժ ու այդ հենքի վրա զարգացման հնարավորություններ, և համակարգային աշխատանքի դեպքում դրական արդյունքները առավել ակնհայտ կլինեն:

Հարցազրույցը՝ Թամարա Դավթյանի
ԻՆՎԵՍՏ ԱՄՍԱԳԻՐ