Վարկային Հայաստան

Ֆիզիկական անձանց ու առևտրային բանկերի կապող մի չափազանց կարևոր գործիք է վարկը: Սոցիալական ու ֆորսմաժորային իրավիճակների,  բանկերի գայթակղիչ թվացող վարկային առաջարկների նկատմամբ սեփական հնարավորությունները գերագնահատելու արդյունքում շատ ու շատ քաղաքացիներ կանգնում են ժամկետանց վարկերի ու դասակարգված վարկեր ունենալու փաստի առաջ: Հայաստանյան վարկային իրականությունը քննարկում ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանի հետ:

-Ընդհանուր առմամբ առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները որքանո՞վ են համապատասխանում ու համաչափ միջին աշխատավարձի համեմատությամբ։

-Ֆինանսական շուկայում տոկոսադրույքները ձևավորվում են ոչ թե ելնելով բնակչության եկամուտներից, այդ ռեսուրսների նկատմամբ առաջարկից, պահանջարկից, շուկայում եղած մրցակցությունից, սպասումներից և այլն։ Այս առումով բնակչության  միջին աշխատավարձի և վարկերի տոկոսադրույքների միջև կապ փնտրելն այդքան էլ ճիշտ չէ։ Բանկը ինքը ռիսկի է գնում՝ վարկ տալով և որքան բարձր է ռիսկը, այնքան բարձր տոկոսադրույք պետք է պահանջի։ Մյուս կողմից էլ բանկերն աշխատում են ներգրաված միջոցների՝ հիմնականում ավանդների, հաշվին և դրանց արժեքը վարկի տոկոսարույքի սահմանման վրա էական ազդեցություն է ունենում։

Մեր բնակչության հետ կապված ավելի կարևոր է ֆինանսական գրագիտության խնդիրը, ինչն էլ վարկ վերցնելու գործընթացի, դրա վերցնելու նպատակահարմարության, կամ դրա հետագա օգտագործման, վճարումների իրականացման առումով խնդիրներ է ստեղծում։ Բացի այդ վարկ վերցնողը ինքը պետք է կարողանա պլանավորել իր եկամուտներն ու ծախսերը, որպեսզի վճարման հետ կապված խնդիրներ չառաջանան։

-Ժամկետանց վարկերի ցուցանիշների բարձրացումը ի՞նչ տնտեսական վիճակի մասին է մտածել տալիս։

-2019թ դեկտեմբերի վերջի դրությամբ ժամկետանց վարկերի կշիռը 0,85 % է գրանցվել, ինչը դինամիկայի առումով նվազման միտումի մասին է խոսում, օրինակ մարտ ամսին այդ ցուցանիշիտ 1,02 տոկոս  է եղել։  Այսինքն այս առումով ժամկետանց վարկերի տեսակարար կշռի բարձրացում իրականում չկա, ընդհակառակը՝ նվազում է։ Երբ խոսքը գնում է բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալների մեծացման մասին, բնական է, որ այդ ցուցանիշի մեծացման ռիսկ լինի։ Սակայն վերջինս բանկերի կողմից գնահատվում և կառավարվում է,  և կարծում եմ, որ այսօր մեր բանկային համակարգը այս ցուցանիշի հետ կապված խնդիրներ չունի։

-Ի՞նչ միտումներ եք նկատում առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձերին տրվող վարկերի քանակի ու տոկոսադրույքների առումով։

-Երբ նայում ենք վարկերի արժութային կառուցվածքը, ակնհայտ է դրամային վարկերի կշռի մեծացումը, վերջինս կարելի է ասել նաև դրամային ավանդների կշռի մասին։  Սա պայմանավորված է  նախ և առաջ դոլար դրամ փոխարժեքի հարաբերական կայունությամբ։ Իսկ ընդհանրապես, բանկերի կողմից տրամադրվող վարկերի աճի հետ գործ ունենք, և այդ վարկերի մեջ էական կշիռ ունեն սպառողական և հիփոթեքային վարկերը 2019թ դեկտեմբերի դրությամբ համապատասխանաբար 28,2% և 11%։  2019-ի դեկտեմբերին 2018թ դեկտեմբերի նկատմամբ  ռեզիդենտներին տրամադրվող վարկերի ծավալը 16,7 տոկոս աճ է արձանագրվել։

2017թ –ից սկսած տոկոսադրույքների նվազման միտում է սկսվել, որի պատճառը ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության համեմատաբար թուլացումն է, ինչը դրսևորվում է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմամբ։ Նման իրավիճակին էլ բանկերն արձագանքում են իրենց տոկոսադրույքների նվազեցմամբ։  2019թ հունվարի նկատմամբ դեկտեմբերին մինչև մեկ տարի ժամկետայնությամբ ֆիզիկական անձանց վարկերը և դոլարայինի և դրամայինի դեպքում տոկոսադրույքների նվազում են արձանագրել՝ համապատասխանաբար 0,2 և 1,4 տոկոսային կետով։ Մեկ տարուց ավել ժամկետով վարկերի դեպքում դրամային վարկերի տոկոսադրույքը աճել է 0,4 տոկոսային կետով, իսկ դոլարայինը նվազել 2,3 տոկոսային կետով։ Նույն պատկերն էլ սպառողական վարկերի դեպքում է։ Տոկոսադրույքների աճը կարող է պայմանավորված լինել դրամային վարկերի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ, իսկ դոլարայինի նկատմամբ պահանջարկի անկումով։

-Ի՞նչ միտումներ եք նկատում իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի առումով։

-Իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի դեպքում էլ մինչև 1 տարեկան վարկերի տոկոսադրույքի նվազում է արձանագրվել, ինչպես դրամայինի, այնպես էլ դոլարայինի համար։ 2019թ հունվարի նկատմամբ դեկտեմբերին անկումը դրամայինի դեպքում 0,2, իսկ դոլարայինի դեպքում 1,4 տոկոսային կետ է եղել, իսկ մեկ տարուց ավել ժամկետով վարկերի դեպքում և՛ դրամայինները, և՛ դոլարայինները նվազել են 1,1 տոկոսային կետով։ Նման անկումը կարող է պայմանավորված լինել ինչպես ընդհանուր տոկոսադրույքների նվազման միտումով, այնպես էլ բանկերի միջև վարկավորման ոլորտում մրցակցության մեծացմամբ։

 

Հարցազրույցը՝ Թամարա Դավթյանի
ԻՆՎԵՍՏ ԱՄՍԱԳԻՐ