Երբ բիզնեսի հիմքում մշակույթ և արժեքներ են

Նռնենի Գուրմե հաուս-ը Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկում է գտնվում: Այստեղ հիմնադիրներըմ հայկական ավանդական քաղցրավենիքի, խմիչքների, աղանդերների ու այլ ուտելիքների հետ մեկտեղել են նաև կիրառական արվեստի նմուշներն ու հուշանվերները: Հիմնադիր Ինա Հովհաննիսյաը պատմեց մշակույթի ու բիզնեսի միքսի մասին:

 -Խնդրում ենք ներկայացնել՝ ի՞նչ կոնցեպտ է դրված Նռնենի գուրմե հաուս խանութ-սրահի գործունեության հիմքում:

-Նռնենիում ներկայացված են հայկական եւ արտասահմանյան ապրանքանիշեր, հետեւաբար պետք է ընտրեինք այնպիսի անուն, որ համահունչ լիներ իր  բնույթին: Եվ ահա. Նռնենի՝ տիպիկ հայկական խորհրդանիշ, և Գուրմե Հաուս, որն առաջացել է բոլորիս հայտնի գուրման բառից:  Նռնենիի հիմնական առաքելությունն է մեր հայրենակիցներին ծանոթացնել օտարերկրյա լավագույն ապրանքանիշերին, իսկ զբոսաշրջիկներին մեր երկրի լավագույն բարիքներին՝ չիր ու չամիչին, նռան ու խաղողի կարմիր գինուն, թխվածքներին, թեյերին, ևայս շարքը անվերջանալի է: Ի դեպ նշեմ, որ մեր սրահում չրերը մատուցվում են միայն սառնարանից: Տեխնիկական առումով ևս մեր սրահը կարելի է ասել առաջատարն է. տուրիստների գնված իրերը խնամքով փաթեթավորվում են մեր դիզայների կողմից: Շատերին սա մանրուք կթվա, բայց, հավատացած ենք, որ մանրուքներն են վստահություն ներշնչում քո արած աշխատանքի հանդեպ: Իմ պատկերացմամբ՝ Նռնենին պարզապես խանութ չէ, այլ այս ոլորտում մի նոր մշակույթ, նյութական և հոգևոր արժեքների դրսևորում:

-Ովքե՞ր են Ձեր հաճախորդները՝ արտասահմանցիներ, հայեր

– Ինչպես նկատել եմ՝ Նռնենիում որպես այդպիսին հաճախորդների դասակարգում չկա, քանի որ ինչպես նշեցի մեր սրահը հետաքրքիր է բոլորին՝ անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից… Նռնենին յուրահատուկ է իր տեսակով, իր ոճով, իր դիզայնով: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի բառերով Նռնենին ‹‹Քաղաքի զարդ›› է: Կարծում եմ դրանից լավ գնահատական չի կարող լինել: Այդպիսի խոսքերը մեզ թև են տալիս, ուժ են տալիս խոչընդոտներ հաղթահարելով՝ նորանոր հաջողություններ գրանցել և նոր բարձունքների ձգտել:

-Ի՞նչ արտադրանք կարելի է գտնել Ձեզ մոտ:
Ինչպես գիտենք, երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Իսկ երջանկության հորմոն ապահովելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել: Եվ ահա Նռնենիում կգտնեք այն ամենը, ինչը մշտապես բալանսի մեջ կպահի ձեր երջանկության հորմոնը՝ չորամրգեր, ընկույզներ, շոկոլադ՝ ընդ որում շոկոլադի ամենամաքուր տեսակը, տարբեր տեսակի քաղցրավենիքներ, հայկական մանրանկարչության գլուխգործոցներ, չրային ծաղկեփնջեր, չրային հավաքածուներ, սուրճի, թեյի, մեղրի ընտրանի: Գիտեք, եթե տուրիստը պետք է այցելի վայր հուշանվերների համար, այցելի մեկ այլ վայր քաղցրավենիքի համար, մեկ ուրիշ վայր սիրելի չրեր գնելու համար, Նռնենին տալիս է հնարավորություն այդ ամենը գտնել մեկ վայրում և հաճելին համատեղել օգտակարի հետ:

-Ի՞նչ կարելի է հասկանալ Հայաստանի մասին՝ այցելելով Նռնենի:

-Նռնենին կոլորիտային սրահ է: Շատերն ասում են, որ երբ ոտքդ դռնից ներս ես դնում, անկախ քեզանից արտաբերում ես՝ WOOOOOOW: Նռնենիում տեղադրված է մեծ էկրան, որով մեր գիդը զբոսաշրջիկներին ծանոթացնում է հայկական բարիքների ստեղծման գործընթացին,օրինակ՝ ինչպես են պատրաստում սուջուխը, նռան կամ խաղողի գինին, ինչպես են թրծում կավը, կամ օրինակ ստանում մեղր, ստեղծում շոկոլադ, և այդ ընթացքում նրանք հյուրասիրվում են Նռնենիի բազմատեսակ բարիքներով: Այսինքն՝ տուրիստը մեկ վայրում գտնում է իրեն անհրաժեշտ ամեն ինչ՝ թե՛ սնունդ, թե՛ հուշանվեր, թե՛ ինֆորմացիա և ամենակարևորը՝ էսթետիկական հաճույք:

– Ձեր սրահը հայկական ապրանքների ու սպասարկման նոր մշակույթ է, ի՞նչ ջանքեր եք ներդնում այս ուղղությամբ ու ի՞նչ տեսլական ունեք:

-Նռնենիի հետ կապված դեռ շատ անելիքներ կան, որպեսզի դառնա մեր երազանքների Նռնենին: Տեսականին անընդհատ թարմացվում է՝ Հայաստանում, ինչպես նաև Հայաստանից դուրս կազմակերպվող ցուցահանդես-վաճառքների շնորհիվ: Նռնենին ներկայացուցիչն է մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշերի, ինչպիսիք են՝ ֆրանսիական La Cure Gourmande-ն, իպանական Bombons Cudie-ն, ռուսական Медовый Дом ապրանքանիշը, աշխարհահռչակ Chocodate, La Ronda Wishes, Arabian delights և Rouge ապրանքանիշերը:

-Նորաստեղծ բիզնեսն ի՞նչ խոչընդոտներ ունի ու ի՞նչ է պակասում Ձեր տեսլականին հասնելու համար:

-Յուրաքանչյուր նորաստեղծ բիզնես կատարելության հասցնելու համար խոչընդոտների պակաս կարծում եմ չի լինում: Եվ Նռնենին նույնպես բացառություն չէ: Դժվարություններն ամենուր են, ամեն քայլափոխի, իսկ ամենաբարդ աշխատանքը մարդկանց հետ շփվելու կարողությունն է, որը կառավարման ամենակարևոր հմտությունն է: Մեր տեսլականին հասնելու համար պակասում է միայն ԺԱՄԱՆԱԿԸ: Ինչպես Բյուֆոնն է ասել ‹‹Ամենաանդառնալի կորուստներից մեկը ժամանակի կորուստն է››:

-Որո՞նք են բիզնեսի զարգացման հեռանկարները ու ի՞նչ պլաններ կան:

-Պլանների մասին նախապես խոսել չեմ սիրում: Միայն կասեմ, որ շատ նպատակներ կան, որոնք իրագործման փուլում են: Իսկ պտուղները կքաղեն Նռնենիի նվիրյալ հաճախորդները:

Հեղինակային իրավունքը՝ ԻՆՎԵՍՏ ԱՄՍԱԳԻՐ