Սոցիալական ձեռնարկատիրություն. բիզնեսի ապագա՞ն

Ի՞նչ գիտենք մենք սոցիալական ձեռնարկատիրության մասին: Առաջին հայացքից սա բարեգործության մի ուրույն տեսակ է, որն օժանդակում ու հնարավորություն է ստեղծում շատերի համար, ովքեր ունեն լրացուցիչ աջակցության ու հենարանի կարիք: Միևնույն ժամանակ, լինելով հույժ սոցիալական մոտեցում, բավական կանոնակարգված է ու սկզբունքային: Զրուցում ենք Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր , ս.գ.թ. Գոհար Մկոյանի հետ:

-Ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը և ի՞նչ հիմնական գաղափար ու մտքեր են ներդրված այս մոտեցման հիմքում:

-Սոցիալական ձեռնարկատիությունը ձեռնարկատիրական գործունեության տեսակ է, որը սոցիալական խնդիրների լուծումը և սոցիալական շահը դնում է իր բիզնես մոդելի հիմքում, և որը իր շահույթի մեծ մասը ներդնում է դրական սոցիալական փոփոխությունների ձևավորման և սոցիալական մարտահրավերների լուծման համար:

Սոցիալական ձեռնարկությունները սոցիալական տնտեսության մաս են, որը գտնվում է շուկայի և պետության միջև: Քաղաքականության գործիք է նպաստելու տեղական, տնտեսական և սոցիալական զարգացմանը: Սոցիալական ձեռներեցությունը գործունեություն է, որը ենթադրում է ակտիվ և նորարարական գործարար լուծումներ այն խնդիրներին, որոնք մի կողմից պետական սոցիալական քաղաքականության ծրագրերի շրջանակներում լիարժեք լուծում չեն կարող ստանալ ներկա ռեսուրսների ու մոտեցումների շրջանակներում, իսկ մյուս կողմից՝ ավանդական ձեռներեցության համատեքստում բիզնես հետաքրքրություն չեն ներկայացնում։ Այս առումով, նույնիսկ երբ մեր սոցիալական ձեռնարկի մտահաղացումը գալիս է մեր անմիջական և անհատական փորձառությունից, խնդրի արմատները (միևնույն ժամանակ նաև լուծումների համար սեփական ներուժը) օգտակար է դիտարկել համայնքի զարգացման ավելի մեծ պատկերի մեջ։

Զարգացած և կայացած սոցիալական ձեռնարկատիրությունը պետությանը աջակցող հզոր մեխանիզմ է, որը օգնում է լուծել սոցիալ-տնտեսական, համայնքային, բնապահպանական և մարդկային զարգացման բազում սոցիալական խնդիրներ՝ նպաստելով հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։

Սա բիզնեսի տեսա՞կ է, թե բիզնեսի բնորոշում:

-Սոցիալական ձեռնարկատիրության պարագայում, չնայած որ սոցիալական շահն առաջնային է, սակայն տնտեսական շահը նույնպես կարևորագույն և անբաժանելի մասն է։

Սոցիալական ձեռնարկությունը տարբեր է ավանդական բիզնեսից, քանի որ ունի առաջնային սոցիալական առաքելություն՝ ուղղված մարդկանց, համայնքների, շրջակա միջավայրի բարելավված բարեկեցության ապահովմանը, իր շահույթի մեծ մասն ուղղում է սոցիալական նպատակների իրագործմանը, ստեղծված չէ իր հիմնադիրների և բաժնետերերի համար մաքսիմալ շահույթի ապահովման նպատակով, ուստի շահույթը մեծապես չի վերաբաշխվում այս նպատակի համար, ունի կառավարման առավել ճկուն և մասնակցային համակարգ՝ միավորելով մարդկանց, ովքեր ունեն համապատասխան սոցիալական կողմնորոշում, գնահատում և տարածում է իր սոցիալական ազդեցությունը:

-Հայաստանում ո՞ր ընկերություններն են ակտիվ այս առումով:

-Այսօր ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երևանում գործում են 49 ՍՁ-ներ /օրինակներ ՝ Օրիգանում ՍՊԸ, Բոհեմ արվեստանոց-թեյարան, Սարերի Բարիք ՍՁ,  Փողոց Պարադի, Քլեյ Հաուս, Հաջողակ ԿԻն ՍՁ, Եռագույն ՍՁ, Սոցիալական ձեռներեցների դպրոց և այլն/ , որոնք գործում են տարբեր կազմակերպաիրավական ձևերով՝ ՀԿ, ՍՊԸ, ԱՁ և տարբեր մոդելներով, առաջարկում բազմապրոֆիլ ապրանքներ և ծառայություններ: ՍՁ-ների  հիմնական նպատակն է, իրենց բի՝նես մոդելի հիմքում դնել առաջնային  սոցիալական հիմնախնդիրներ և լուծել նպաստելով  տվյալ տարածաշրջանի  համայնքի զարգացմանը: Վերջին 1 տարվա ընթացքում իրականացվել են այս ոլորտում սոցիոլոգիական  հետազոտություններ, գնահատվել են հայ հասարակությունում ՍՁ-ների սոցիալ ազդեցությունը:   Բացի այդ, այսօր   Հայաստանում  մասնակցային եղանակով մշակվել և այս պահին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը, որը ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններում ներառում է  սոցիալական ձեռնարկությունների ինտեգրման և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին պետական աջակցության տրամադրումը, և միջոցների մեջ նախատեսում է «ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) և տարածքային կառավարման մարմինների (ՏԿՄ-ների) համագործակցությունը ՍՁ-ների հետ՝ համայնքային զարգացման հարցերում, ինչպես նաև առաջարկել ՏԻՄ-երին և ՏԿՄ-ներին՝ աջակցություն տրամադրել ՍՁ-ներին իրենց գործունեության շրջանակներում»։

-Դեպի ու՞ր է տանում սոցիալական ձեռնարկատիրությունը, ո՞վ է շահում այս երևույթի ներդրումից:

-Այս ձեռնարկատիրական գործունեության դեպքում շահում են բոլոր կողմերը համարվում է  win-win   և պետությունը, և հիմնադիրը, և սպառողը և համայնքը:

Հիմքում ընկած է որևէ սոցիալական խնդրի լուծում և կիրառվում է «սոցիալական խնդիր – բիզնես մոդել – բիզնես լուծում – սոցիալական դրական ձևափոխում» մոտեցումը՝ չխախտելով կանաչ մտածողության սկզբունքը, և/կամ ստեղծվել է բացառապես սոցիալապես խոցելի խավի աշխատանքային ինտեգրումն ապահովելու նպատակով, կամ աշխատողների առնվազն 40%-ը, բայց 4 հոգուց ոչ պակաս, հաշմանդամություն ունեցող մարդիկ են։

Ստացված նվիրատվությունների և դրամաշնորհների հատկացումները չեն գերազանցում շրջանառության 30%-ը։

Շահույթի առնվազն 50%-ը ներդրվում է կազմակերպության զարգացումը խթանելու նպատակով և/կամ ուղղվում է կանոնադրությամբ (բացառությամբ՝ ԱՁ-ի) սահմանված սոցիալական ազդեցության ապահովմանը։

Չի գործում սահմանված այն ոլորտներում, որոնց շրջանակներում ՍՁ-ները գործել չեն կարող, օրինակ՝ ծխախոտի ու ալկոհոլի արտադրություն, որսորդություն, հանքարդյունաբերություն և այլն։

Որդեգրել է կառավարման բարեխիղճ հիմունքներ` թափանցիկություն, բացություն, մասնակցային կառավարում կամ ներառական որոշումների կայացում:

-Ովքեր ու ի՞նչ տիպի կազմակերպություններ կարող են ներդնել այս մոտեցումն իրենց ընկերությունում:

-Սոցիալական ձեռնարկատիրություն կարող ենք հիմնել բոլոր կազմակերպաիրավական ձևերով, միայն կարևոր է պահպանել այն բոլոր սկզբունքները և քայլերը, որոնք դրված են ՍՁ բիզնես մոդելի հիմքում:

Սոցիալական ձեռներեցները անհատականություններ են, ովքեր ունենալով ձեռնարկատիրական մտածողություն և կարողություններ՝ իրականացնում են նորարար գործարար լուծումներ՝ առկա սոցիալական խնդիրների և դրանց պատճառների լուծման համար։ Նրանք իրենց շահույթ ստեղծող գործունեությունը ծավալում են այնպես, որ ուղղակիորեն իրականացնում են սոցիալական արժեք ստեղծելու իրենց առաքելությունը։

Սոցիալական ձեռնարկատերերն աշխարհին այլ կերպ են նայում և ապագայի հանդեպ ունեն առավել լայն և դրական պատկերացումներ։ Նրանք իրենց վրա վերցնում են սոցիալական բարեփոխումներ  իրականացնելու պատասխանատվություն՝ համագործակցելով այլոց հետ։ Իրենց գործունեությամբ դրական սոցիալական ազդեցություն են գործում  ընտանիքների, ընկերների, համայնքների, մարդկության և մոլորակի վրա։

–Միաժամանակ փաստենք, որ այս երևույթը պետք չէ նույնացնել բարեգործության հետ:
-Սոցիալական ձեռնարկությունը բարեգործություն չէ, քանի որ՝ անմիջապես ներգրավված է ապրանքների և ծառայությունների արտադրության և/կամ վաճառքի գործընթացում, մեծապես կախված չէ դրամաշնորհներից կամ նվիրատվություններից և ունի անկախության բարձր մակարդակ, շահույթը կարող է ուղղվել կազմակերպության համար ֆինանսական պահուստներ ձևավորելուն, որոնք կարող են օգտագործվել ծրագրային ֆինանսավորման ընդհատման կամ ֆինանսական որևէ այլ ռիսկի պարագայում, մեծապես կախված չէ դրամաշնորհներից կամ նվիրատվություններից և ունի անկախության բարձր մակարդակ, իր եկամուտը մեծապես ձևավորում է ապրանքների կամ ծառայությունների վաճառքից, ուստի պարունակում է տնտեսական ռիսկեր:

–Խոսենք նաև սոցիալական ձեռներեցության դպրոցի մասին:

-«Սոցիալական ձեռներեցների (ՍՁ) դպրոց»-ը հիմնադրվել է 2018 թվականին: Դպրոցում սոցիալական ձեռնարկատիրական կրթություն են ստանում տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչնեներ  18-70 տարեկան ՀՀ, ԱՀ, ՌԴ և այլ երկրի տարբեր քաղաքացիներ: Դպրոցում ուսանասիրում և ուսուցանում  են  սոցիալական ձեռներերցություն հիմնելու և զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ինչպես օնլայն-հեռահար-վեբինար հարթակով, այնպես էլ ստացիոնար, կազմակերպում ենք հանդիպումներ դասական և սոցիալական ոլորտի գործարարաների հետ, ինչպես նաև ՍՁ բիզնես տուրեր ՀՀ մարզեր:

ՍՁ դպրոցում դասավանդում են  իրենց գործի գիտակ 47 մասնագետներ՝ պետական այրեր, մարզային և համայնքային կառավարման կառույցների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական ՍՁ ոլորտի առաջատար փորձագետներ և մենթորներ, վաճառքի, մարքեթինգի և PR ոլորտների մասնագետներ, միջազգային բիզնես փորձագետներ և քոուչներ:

Մի շարք երկրների միջազգային կազմակերպությունների հրավիրված ներկայացուցիչները էլեկտրոնային վեբինար հարթակի միջոցով  քննարկումներ են ունենալու ՍՁ դպրոցի գործընկերների հետ և ներկայացնելու են տարբեր երկրների ՍՁ փորձը:

Նրանք  մինչ օրս կրթել են տարբեր շրջանների, համայնքների շուրջ 485 բնակիչների, խորհրդատվություն են տրամադրել  8 ՀԿ-ների, 10 ավանդական բիզնեսներ, հիմնվել է մոտ 10  ՍՁ: Սոցիալական Ձեռներեցների (ՍՁ) դպրոցը ոչ միայն նպաստում է ՍՁ կրթության տարածմանը, սոցիալական փոփոխության միտված ծրագրերի, բիզնես նախաձեռնությունների իրականցմանը, բիզնես միջավայրում խոցելի խմբերի ներկաայցուցիչների   ինտեգրմանը, այլ նաև  նոր համագործակցության ձևավորման հարթակ է հանդիսանում  տարբեր մասնագիտական փորձ և գիտելիք ունեցող անձանց  համար:

Հեղինակային իրավունքը՝ ԻՆՎԵՍՏ ԱՄՍԱԳՐԻ