Հայերը Սիլիկոնյան հովտի ‹‹հերոսների›› համալսարանում

Սիլիկոնյան հովտի հեղինակավոր կրթական կենտրոններից մեկում՝ Դրեյփերի համալսարանում սովորելու բացառիկ հնարավորություն ստացան հայ ձեռնարկատերերը՝ շնորհիվ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված կրթական ծրագրերից մեկի:

«ForestGuard», «eSwap», «Yolo», «OORES», «ForgeFiction» ընկերություններն արժանացան հաղթողի կոչման: Եվս 3 գաղափարի հեղինակի հաճելի անակնկալ էր սպասվում Դրեյփերի համալսարանի կողմից. «Robin», «Cerebrus», «Garoon» ծրագրերի հեղինակները ստացան կրթաթոշակի մասնակի փոխհատուցում համալսարանի ներկայացուցիչների կողմից:

Դրեյփերի համալսարանը, որտեղ տեղի են ունենալու 7 շաբաթյա դասընթացները, իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։

Մրցույթի արդյունքներն ամփոփելու առթիվ Հայաստան էր ժամանել Դրեյփերի համալսարանի նախագահ Ասրա Նադիմը, որի հետ բացառիկ հարցազրույց ունեցավ Ինվեստ ամսագիրը:

Ասրան ձևավորում և գործարկում է համաշխարհային տեխնոլոգիական ոլորտներում զարգացող բիզնեսների համար հաջողակ ռազմավարություններ՝ շուկաներում առավել մրցակցային տեղ զբաղեցնելու, դիրքավորվելու և եկամուտ ստանալու ուղղությամբ:

Նա, լինելով ապրանքի և համաշխարհային վաճառքի գործառնությունների մենեջեր, ունի շուրջ 15 տարվա կառավարման, ղեկավարման փորձ: Դրեյփեր համալսարանի նախագահը կառավարել է B2B և B2C վաճառքի առաջատար թիմեր, ստեղծել նոր բիզնես մոդելներ՝ վերահսկելով արտադրանքի ընդհանուր զարգացման և տեխնոլոգիական ռազմավարությունը:

Ասրայի աշխատանքային փորձն սկսվում է Հյուսիսային Ամերիկայից, ապա անցնում մինչև Միջին Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, և Հարավարևելյան Ասիա:

-Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Հայաստանի հետ

-Սովորաբար պետական կառավարման մարմինների հետ աշխատանքը շատ երկար է տևում, սակայն Հայաստանի հետ համագործակցությունը բավական արագ ստացվեց: Սա, կարելի է ասել, կառավարության հետ համատեղ ամենաարագ իրականացված ծրագիրն է մեր պրակտիկայում: Ես անչափ ուրախ եմ, որ մենք միասին ստեղծում ենք Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև այս կամուրջը՝ ոգևորելու և ոգեշնչելու մարդկանց, որպեսզի հիմնեն ընկերություններ և զարգացնեն իրենց միջավայրը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել բարձր տեխնոարդյունաբերության նախարարությանն արդյունավետ համագործակցության համար:

-Մի փոքր կպատմեք Դրեյփեր համալսարանի առանձնահատկությունների մասին

– Դրեյփերի համալսարանը նախաաքսելերատոր կազմակերպություն է, որը ունի բավականին մեծ վենչուրային ֆոնդ և աջակցում է տարբեր ոլորտների սթարթափներին: Այս համալսարանն ունի 32 վենչուրային ֆոնդ, որի ներդրողներն աշխարհի տարբեր անկյուններից են: Հիմնվելով սթարթափի նորարարության վրա՝ ներդրումներ ենք կատարում 25.000-ից մինչև 60 միլիոն դոլար: Ներդրումները կատարվում են՝ անկախ սթարթափի զարգացման փուլից:

Դրեյփերը կոչվում է համալսարան, սակայն այն այդքան էլ համալսրան չէ, քանի որ տալիս է ոչ ֆորմալ կրթություն: Դրեյփերի համալսարանն ընդունելությունը կատարում է 3 շրջափուլերով՝  գարուն, ամառ, աշուն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ստանալ պրակտիկ գիտելիքներ՝ շփվելով վենչուրային կապիտալիստների հետ: Դրեյփեր համալսարանի առանձնահատկությունն այն է, որ դասավանդում են աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կիսվում են իրենց հաջողության գրավականներով, ձախողումներով, և ուսանողները հնարավորություն են ունենում ստանալու առաջին ձեռքից ինֆորմացիա, շփվել, կապեր ձեռք բերել:

-Դրեյփերի յուրաքանչյուր շաբաթն առանձնանում է իր հետաքրքրական կրթական փուլով, ըստ Ձեզ ամենահետաքրքրականը ո՞ր փուլն է:

-Համալսարանի ամենահետաքրքիր փուլերից մեկը հինգերորդն է, որի ընթացքում մասնակիցները տեղափոխվում են հյուսիսային Կալիֆորնիա և ոչ ֆորմալ պայմաններում սկսում են իրականացնել հանձնարարություններ, որի միջոցով բացահայտվում են մարդկային տեսակը, արդյոք ճկուն է, կարողանում է կոնֆլիկտները հաղթահարել և վերջում՝ արդյոք կարող է լինել ձեռնարկատեր:  5 շաբաթյա կուրսերից հետո մասնակիցներն արդեն որպես պատրաստի մասնագետներ պատրաստվում են իրենց ելույթներին, որը ներկայացնում են 18 ներդրողների մոտ և կարող են ստանալ ներդրումներ:

-Ինչո՞ւ 5 շաբաթ, և եղել է, դեպք, որ դուրս թողնեք որևէ ուսանողի:

-Երբ համալսարանը նոր էր բացվել, տարբեր ձևաչափերով իրականացրել ենք դասերը, եղել է և՛ 2, և՛ 7, և՛ 15 շաբաթյա դասընթացներ և արդյունքում ամենաօպտիմալ և արդյունավետ տարբերակը որոշվել է, որ 5 շաբաթյա դասերն են: Հիմնական գաղափարը այն է, որ ոչ մենք ենք ցանկանում ընդգրկել այնպիսի դասընթացներ, որոնք կխլեն ժամանակ ձեռնարկատերերից, ոչ էլ իրենք մեզնից և կուրսը ավարտելուց հետո գնան ու շարունակեն իրենց բիզնեսը, ու որևէ պրոգրես չունենանք:

5 շաբաթյա կուրսերը շատ խիտ գրաֆիկով են կազմված, և յուրաքանչյուր ժամ զբաղված են ուսանողները՝ նույնիսկ շաբաթ, կիրակի օրերին և ամեն օրն իր արդյունքն է ունենում:

Ինչ վերաբերում է համալսարանից դուրս թողելուն, եղել է 2-3 դեպք: Համալսարանի ղեկավարությունը չի հանդուրժում սեռական ոտնձգությունները և ալկոհոլի օգտագործումը: Նույնիսկ Թիմ Դրեյփերն ալկոհոլ չի օգտագործում, քանի որ, ովքեր գալիս են սովորելու Դրեյփերի համալսարանում, հիմնականում շատ մոտիվացված են լինում և գիտեն՝ ուր են եկել: Այդ ժամանակն անիմաստ տեղը չեն վատնում և չեն անում այնպիսի արարքներ, որ ստիպված լինենք իրենց դուրս թողնել:

-Ինչպե՞ս եք ընտրությունը կատարում, թե ով կարող է դիմել և արդյոք սթարթափ ունենալը պարտադիր է Դրեյփերում սովորելու համար:

-Համալսարան ընդունվելուց հաշվի ենք առնում և՛ մարդ տեսակը, և՛ հմտությունները, և ՛ սթարթափի գաղափարը: Առաջնայինն իհարկե լավ մարդ լինելն է, քանի որ  առանց մարդկային լավ հատկանիշների մեզ մոտ չեն կարող հայտնվել: Մարդկային որակները կարևոր են նաև լավ պրոդուկտ ստեղծելու գործում, այս դեպքում էլ   ստարտափի գաղափարն էլ կարևոր է, քանի որ նրանք սովորելու են մի միջավայրում, որտեղ ժամանում են մասնակիցներ աշխարհի 15 երկրներից: Արդյունքում ստեղծում ենք  լավագույն հնարավորությունը  կապեր ձեռք բերելու և  բիզնեսը զարգացնելու համար:

-Այսինքն պետք է մասնակիցը ստարտափ ունենա ընդունվելու համար:

-Ստարտափ ունենալը պարտադիր չէ, բայց պետք է լավ գաղափար ունենա կամ պատասխանի «Ինչու եմ ես աշխարհ եկել»՝ առաջին հայացքից հեշտ, բայց շատ խորը և բարդ հարցին:

Իսկ ինչը կարող է պատճառ հանդիսանալ, որ որոշեք մերժել մասնակցին:

-Հետաքրքիր մի դեպք պատմեմ, երբ սկայպով հարցազրույց պետք է անցկացնեի, սկայպը միացավ ու…. զարմացած ու վրդովված դեմք տեսա, որին հաջորդեց հետևալ նախադասությունը, ինչպե՞ս, դուք եք իմ հարցազրույց անցկացնելու և ընտրելու:  Այս պատասխանատու պաշտոնը պետք է տղա զբաղեցնի: Ես սկսեցի ծիծաղել զարմանքից և ոչ միայն…:

Անդրադառնանք ներդրումներին, ո՞ր կազմակերպության մեջ եք ներդրումներ արել:

-Դրեյփերի համալսարանը ստեղծվելուց մինչև օրս ներդրում է կատարել շուրջ 350 ընկերություններում, որոնցից են այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Տեսլան, Սփեյսիքսը, Սկայպը, Հոթմեյլը, Բադուն և այլն: Ներդրում ենք կատարել նաև մի կազմակերպությունում, որը գտնվում է Չինաստանում: Այն Հնդակական ընկերություն է, որն իր արտադրանքը 200.000 միլիոն դոլարով վաճառեց Բոստոնի բժշկական կենտրոնին, հաջորդը յոգուրտ պատրաստող կազմակերպություն է, որտեղ նաև ներդրում է արել Կոկա Կոլան և այսպես շարունակ:

Իրականում Դրեյփերի համալսարանը ունի հետաքրքրիր նախապատմություն: Թիմ Դրեյփերը տարիներ առաջ սկսել է ներդրումներ կատարել, որից հետո նոր միայն կյանքի է կոչել համալսարան ստեղծելու գաղափարը:

Հետաքրքիրը Դրեյփերում այն է, որ սթարթափ ունեցողին տրվում է հերոսի կոչում, քանի որ կազմակերպություն ստեղծելը բարդ ու դժվար աշխատանք է: Այսինքն քո արտադրանքով ինչ-որ մարդկանց կյանք ես փոխում, հեշտացնում, հետևաբար դու պետք է հերոս լինես, որ կարողանաս հաղթահարել բոլոր դժվարությունները քո կազմակերոպությունը ստեղծելիս և հերոսաբար այն հասցնես մարդկանց: Համալսարանի առանձնահատկությունն այն է, որ տարբեր երկրներից տարբեր մշակույթ կրող մարդիկ են գալիս, տեղի է ունենում մշակութային շոկ, բախում:

՞րն է հաջողության հասնելու բանաձևը և ինչպե՞ս եք այն դասավանդում Դրեյփերի համալսարանում:

-Լավ գործարարների 90 տոկոսը անհաջողությունների շարան ունենալուց հետո են միայն հաջողության հասնում: Մեր դասընթացները սովորեցնում են, որ շատ ու շատ անհաջողությունների հանդիպելուց, հաղթահարելուց հետո միայն կարող ես հասնել հաջողության:  Այսինքն՝ համալսարանը սովորեցնում է, որ քո յուրաքանչյուր ձախողումը տանում է հաջողության: Ի տարբերություն Հարվրդի, Սթենֆորդի համալսարանների, մեր շրջանավարտները ոչ միայն լավ գործարարներ են դառնում, հիմնում իրենց ընկերությունները, այլև աշխատում են լավագույն, առաջատար կազմակերպություններում՝ որպես ղեկավարներ:

Մեր 5 շաբաթ տևող դասընթացներն այնպես են կազմված, որ դուք հաստատ կձախողեք Ձեր առջև դրված խնդիրները, շատ քիչ դեպքերում են հաջողում:

Եթե կարողանում են հաղթահարել, հետաևաբար ինչ-որ տեղ խորամանկել են: Ամեն ձախողումից հետո տրվում են միավորներ, հետևաբար միայն մեծ ձախողումից հետո կարող ես սովորել: Իհարկե, երբ դու ստեղծում ես ընկերություն, պետք է ամեն բան անես հաջողելու համար: Բայց, եթե չիմանաս ձախողումներից օգուտ քաղելու և դրանք հաջողության բանաձևի վերածելու գաղափարը, չես կարող առաջընթաց ունենալ:

Ի դեպ, մենք ունեցել ենք Հայաստանից շրջանավարտ, ով այժմ Հայաստանում ստեղծել է իր ֆոնդն ու ղեկավարում է այն: Բացի դրանից համալսարանը միջազգային էկոհամակարգ է ստեղծում՝ ունենալով տարբեր երկրներում շրջանավարտներ, որոնք էլ ձևավորում են հենց տեխնոլոգիական էկոհամակարգը:

-Բացի վերոնշվածներից, էլ ինչ է տալիս ուսումը Դրեյփերում:

-Համալսարանի առավելությունն այն է, որ գտնվում ես սիլիկոնյան հովտում, որտեղ տասնամյակների աշխտանաք է կատարվել, որպեսզի ստեղծվի այդ էկոհամակարգը, գործարարը լինում է մի այնպիսի միջավայրում, որտեղ նրան պատրաստ են ամեն անկյունում օգնել, նոր գաղափարներ տալ, մոտիվացնել: Ուսանելու ընթացքում ուսանողներն անընդհատ շփվում են 17-50 կազմակերպություններից եկած գործադիր և հիմնադիր տնօրենների հետ, ովքեր ոչ միայն փորձով են կիսվում, այլև՝ խորհուրդներ տալիս և օգնում ձևավորել շրջապատ:

Այդ միջավայրում լինելով ու այդ ոլորտի մարդկանց հետ շփվելով՝ մեր ուսանողների մեծ մասն ունենում է իր բիզնեսը և հաջողության հասնում: Մեզ մոտ ոչ թե 5 րոպե լսում ու որոշում են անել ներդրում թե ոչ, այլ ներդրողն այդ 5 շաբաթների ընթացքում ապրելով գաղափարները ներկայացնողների հետ, մանրամասն ծանոթանում է գաղափարին, իրականացնողին, պատկերացում կազմում իր հնարավորություններին և ավելի խորքային իմանալով՝ ճիշտ ներդրում կատարում:

-Իսկ դուք ի՞նչ սկզբունքով եք ընտրում, թե ո՞ր ստարտափի մեջ ներդրում անեք:

-Իրականում ցանկացած ներդրող ունի իր սեփական թեզիսները, թե ինչ նախապայմանով է ներդրում անելու տվյալ գաղափարի մեջ: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչն է կարևոր: Ոչ մի ներդրող ուղղակի ներդրում չի անում, քանի որ դա կլինի գումարի կորուստ: Ես առաջնային նշանակություն եմ տալիս նոր շուկա ստեղծելու և շուկան զարգացնող գաղափարներին, ինչպես նաև ավտոմատացում ապահովող ծրագրային ապահովումներին: Կարող եմ նշել, որ ներդումներ չեմ անում ալկոհոլի հետ առնչվող նորարար գաղափարներում:

Կար մի կազմակերպություն, որ վիճակագրություն, տվյալներ էին հավաքում, որից բացարձակ չէի հասկանում և թե իրենց արածը ի՞նչ շուկա է դուրս գալու, բայց ես ներդրում կատարեցի այդ սթարթափի մեջ, քանի որ հիանալի թիմ ունեին և շատ լավ էին աշխատում: Երբ իրենց աշխատանքն էի նայում, ներկայացրած թվերը, իրենց բարձր մարդկային հատկանիշները, ես առանց երկմտելու կատարեցի այն: Պետք է նշել նաև, որ սովորաբար կազմակերպությունները հաջողում են երրորդ կամ չորրորդ ներդրման շրջափուլից հետո: Հենց Թիմ Դրեփերը, եղել է դեպք, որ նույն ընկերության վրա կատարել է երեքից չորս ներդրում և ընկերությունը հաջողել է չորրորդ ներդրումից հետո: Դա բավական ընդունված է, սովորաբար առաջին ներդրումը երբ իրականացնում ես իր գործունեությունը նոր սկսող սթարթափի մեջ, ապա այդ ժամանակ ընկերությունը սկսում է լուծել առաջնային խնդիրները, իսկ մի քանի անգամ այն անելու դեպքում, սկսում են ռեալիզացնել իրենց առաջ դրված խնդիրները:

-Իսկ ներդրումից հետո ինչպես եք կռահում, որ այդ ստարտափը միտված է ձախողման

-Երբ արդեն կազմակերպությունը եռամսյակը մեկ դադարում է քեզ ծանուցումներ, հաշվետվություններ ուղարկել, թե որ փուլում է, ինչ գործընթացներ է իրականացնում, ապա միանգամից հասկանալի է, որ կազմակերպությունը ձախողելու ճանապարհին է: Դա ինվեստորի համար նախանշան պետք է լինի:

Կարծրատիպեր կան, որ բանկն ու ինվեստորը նույն գործառույթն են իրականացնում. երկուսն էլ գումար են տրամադրում բիզնես սկսելու համար: Որո՞նք են տարբերությունները:

-Իրականում տարբերությունը մեծ է: Եթե վերցնենք Տեսլայի և Իլոն Մասկի օրինակը, ժամանակի ընթացքում ստացել է բազմաթիվ ներդրումներ, որպեսզի կանոնավոր ընթացք ունենա իր գործունեությունը: Իհարկե կարող ենք ասել, որ նմանատիպ ֆինանասական աջակցությունը կարող էր ստանալ բանկերից, բայց այնուամենայնիվ, երբ ընկերությունը ստանում է ներդրում, դրա հետ մեկտեղ ձեռք է բերում հազարավոր կապեր: Կարող եմ նշել, որ բիզնես հաջողության մեջ կարևոր նշանակություն ունի ճիշտ կապեր ունենալը, քանի որ ընկերության ամենադժվար պահերին հենց այդ կապերի շնորհիվ կարելի շրջանցել որոշակի խնդիրներ, հետևաբար ներդրում ստանալու ամենամեծ առավելությունը բանկից ստացած գումարի նկատմամբ հենց կապերն են:  Օրինակ, եթե դիտարկենք Իլոն Մասկի դեպքը, եթե ինքը չունենար կապեր, ապա շատ հնարավոր է իրեն վաղուց հեռացրած լինեին Տեսլայից:

-Որքանո՞վ է հետաքրքիր լինել վենչուրային կապիտալիստ

-Առաջին հայացքից թվում է, թե վենչուրային կապիտալիստ լինելը հետաքրքիր և գլամուր աշխատանք է, բայց դա իրականում շատ ձանձրալի և անհետաքրքիր աշխատանք է: Քանի որ հնարավոր է շատ քիչ գումար հետ ստանաս, կամ ընդհանրապես չստանաս:

-Իսկ եղել է, որ ներդրում կատարեք փոքր ընկերությունում և դառնաք այդ կազմակերպության առաջնորդողը, որոշում կայացնողը:

-Իմ ամուսինը հզոր կազմակերպություն է ստեղծում, որտեղ, կարծում եմ,  ես ապագայում կունենամ այդ դիրքը:

Բացառիկ հարցազրույցը՝ Մանանա Հովակիմյանի