«Կնոջ գեղեցկությունն իր ներքին ազատության մեջ է» ԳԱՅԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ

 Հայաստանում մեկնարկել է Կանանց տոների միամսյակը: Սա զուտ հայկական երևույթ է ու շատ նման մեր մշակույթին. ամեն ինչից պետք է շատ լինի, տոները ձգել ենք մեկ ամիս ու թվում է, թե այդ ամբողջ ընթացքում տղամարդիկ սերենադներ են ձոնելու իրենց կանանց: Բայց, ի վերջո ի՞նչ է ուզում կինը, կամ ի՞նչ է պետք կնոջը` երջանիկ լինելու համար:

Այս խորագրի ներքո մենք բաց ու ազատ զրույցի ենք հրավիրելու կանանց, որոնք պատրաստ են կիսել իրենց մտքերը, իրենց կենսափորձով ցույց տալ, թե ով է կինն իր էությամբ: Մեր առաջին հյուրը Գայանե Դավթյանն է, մասնագիտությամբ` լրագրող: Ունի 27 տարվա աշխատանքային կենսափորձ: 2014թ-ին հիմնել է իր սեփական բիզնեսը`ԱՐՏ PR անվանումով, որը զբաղվում է արվեստի PR-ով, արվեստի գործերի վաճառքով, մշակութային նախագծերի իրականցմամբ և այլն: Այսօրվա զրույցը սկսում ենք ամենա-ամենա հարցով:

՞նչ է ուզում կինը:

-Սուրճ ու դառը շոկոլադ…(ծիծաղում է):

Իսկ եթե ավելի լուրջ` ներդաշնակություն է ուզում, կյանքն իր բոլոր գույներով: Բնությունը կնոջն օժտել է արդեն գեղեցկագույն մի երևույթվ, որի անունը մայրություն է: Կինը երջանիկ է, երբ մայրանում է, երեխա է ծնում, դրանից այն կողմ էլ ի՞նչ պիտի ուզի կինը: Դրա համար էլ գրականության, գեղանկարչության, երաժշտության բոլոր արարումների մեջ  աստվածացվում է կնոջ կերպարը…Ու էդտեղ այլաբանություն չկա: Թեև երբեք պետք չէ ֆետիշացնել երեխայի գործոնը կնոջ կյանքում, եթե կինը երեխա չի ունեցել, դա դեռ չի նշանակում, որ նա դժբախտ է ու կործանված: Կնոջ ներքին հարստությունից ու կենսական էներգիայից է կախված, թե որքանով է նա երջանիկ: Ամեն ինչ իր ձեռքերում է: Եվ հետո, ես երբեք համաձայն չեմ եղել այն չարչրկված մտքի հետ, թե տղամարդիկ այդպես էլ չեն հասկանում, թե ի՞նչ է ուզում կինը… Հրաշալի հասկանում են, ավելին` կինը շատ պարզ ու հստակ է իր ցանկությունների մեջ: Ուրիշ բան, եթե իր կողքին իր ցանկություններն իրագործող տղամարդը չկա, ինչպես սիրում են նվնվալ որոշ կանայք, բայց բոլորվին պետք չէ նստել ու սպասել թագաժառանգ ասպետին, որը պիտի գա սպիտակ ձիու վրա նստած` կախարդական փայտիկը ձեռքին: Ցավոք, հանդիպել եմ նման կանանց իմ շրջապատում, որոնք էդպես էլ մնացին սպասելով ու հեքիաթներին հավատալով, բայց կյանքը հեքիաթ չէ…

Եթե ուզում ես հենց հիմա ու հենց այս պահին գինի խմել, մի սպասիր, թե ե՞րբ պիտի գա մի տղամարդ, որ այն բացի քեզ համար, ինչ է թե դա տղամարդու գործ է…Ինձ համար ծիծաղել են նման բաները: Ախր, գինին ուզում ես խմել հենց հիմա, չէ՞…Դե, ուրեմն վերցրու բացիչն ու բացի՛ր: Պարե՞լ ես ուզում, վեր կաց ու գնա ակումբ, պարիր մինչև լուսաբաց, քեզ նման խենթեր էլի կան էնտեղ, մի վախեցիր, քեզ տարօրինակ չեն նայի…Ուզում ես գետում լողալ, խնդրե ՛մ, վերցրու մեքենադ ու քշիր ուր ուզում ես, դաշտերից  երիցուկներ ու կակաչներ հավաքիր, մի սպասիր, որ տղամարդը քեզ անպայման հոլանդական վարդեր բերի մի մոդայիկ սրահից, որպեսզի դու քեզ երջանիկ զգաս: Եթե քո տղամարդը սիրում է քեզ, ընդունելու է հենց քո անձնական տարածքով հանդերձ: Կյանքը կարճ է, պետք է հեշտ ու թեթև ապրել, լիաթոք ու լիարյուն ապրել:

-Կնոջ ազատությունն եք կարևորում…

Իհա՛րկե: Կնոջ գեղեցկությունն իր ներքին ազատության մեջ է, ինքնաբավության մեջ է: Ցավոք, այսօր շատ կանանց  գիտեմ, որոնք ուղղակի սարսափում են ծերանալուց, գիշեր-ցերեկ սպա-սալոններում պայքարում են իրենց մի հատիկ կնճիռի դեմ: Ուզում ես ասել, Աստծո սիրու~ն, իսկ դուք հարցրե՞լ եք, նա ուզո՞ւմ է ձեզնից ազատվել…(ծիծաղում է): Կյանքի էջեր կան, որոնք պետք է թերթել ու անցնել առաջ, առանց ափսոսանքի, առանց տխրության, որովհետև լիուլի ապրել ես տվյալ հատվածը, երիտասարդությունդ վայելել ես քո ամենավերջին բջիջով: Էլ ինչո՞ւ ենք ուզում խախտել  բնության օրենքները, ու՞մ դեմ ենք պայքարում…բնությա՞ն: Չէ, որ ամենասեքսուալ կինը` ինքնաբավ կինն է:

-Ինչո՞ւ են կանայք թաքցնում իրենց տարիքը:

Օ~հ, չգիտեմ ու երբեք չեմ հասկացել: Ես երբեմն այնքան հպարտորեն ասում տարիքս, որ մարդիկ լուրջ չեն վերաբերվում, մտածում են` կատակում եմ: Ես 43 տարեկան եմ, ճիշտ է, երբեմն ինձ զգում եմ, օրինակ 86 տարեկան, երբ հանկարծ ֆիլմի ժապավենի պես նայում եմ կյանքիս անցած ողջ ընթացքը, մտածում եմ` հըըըմ~, ինչպե՞ս է հնարավոր, որ էսքան բան անցնի մարդու գլխով, երբ ընդամենը 43 է: Երբեմն էլ զգում եմ 20 տարեկան, երբ օրնիբուն աշխատում եմ, հետո թափառում եմ քաղաքում, պատրաստ եմ օրերով ճանապարհ գնալ, կտրել-անցնել ամբողջ Հայաստանը` ծայրից-ծայր ու չհոգնել: Շատ եմ սիրում մարդկանց առաջին ռեակցիան հենց ասում եմ տարիքս, մանավանդ երբ կողքիս տղաս է լինում, որը 21 տարեկան է…Մեզ միշտ հարցնում են` քույր ու եղբա՞յր եք, իսկ զինկոմիսարիատում, երբ տղայիս զինծառայության թղթերն էինք նախապատրաստում, ընդհարապես չհավատացին, որ մայրն եմ, մինչև անձնագրով չճշտեցին: Նույնը եղավ տղայիս համալսարան ընդունվելուց, փաստաթղթեր ընդունող աղջիկները զարմացած վրաս էին նայում. «Դիմորդի մայրիկն ե՞ք, մեզ թվաց`Դուք եք ընդունվելու…»: Բա էլ ինչո՞ւ թաքցնեմ, հակառակը` վայելում եմ այն սիրուն տարիքը, որն ունեմ հիմա: Չնայած աղմկոտ երեկույթներն արդեն ձանձրացնում են ինձ, մինչդեռ մի ժամանակ այդ երեկույթների ամենաաղմկարարը ես էի: Պարզապես հիմա ամեն բան ավելի հասուն է, ավելի ապրված ու ավելի մեղմ: Միայն թե հիմա գրքերն էլ եմ սկսել ավելի հանգիստ կարդալ ու վերջին մեկ տարում ընդամենը 16 անուն գիրք եմ կարդացել ու ինձ չեմ ներում դրա համար: Առաջ շատ ավելին էի հասցնում, «կուլ էի տալիս» ուղղակի, նույնիսկ քանակն էի մոռանում,  հիմա այս գրողի տարած վիրտուալ աշխարհը մեզնից շատ ժամանակ է խլում: Այ, դրա համար շատ եմ ափսոսում:

– Տղամարդն ինչո՞վ  կարող է Ձեզ գրավել և արդյո՞ք տղամարդու մասնագիտությունը, վաստակած գումարը կարևոր է կնոջ համար:

-Անշուշտ կարևոր է, բայց ամենակարևորը չէ: Երբ դուք կրում եք նույն արժեքները, ներդաշնակ եք ձեր իսկ կենսական դաշտում, մնացած ամեն բան չափազանց երկրորդական է դառնում: Կարող է գրավել իր ազնվությամբ, իր ուժեղ տեսակով: Սերն ուժեղներին է տրվում: Ճիշտ է, երբեմն կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ, բայց դա էլ չպետք է նսեմացնի տղամարդու արժանապատվությունը: Դրա համար միշտ պետք է գնահատել սիրո այն զգացմունքը, որն ամենակարևորն է: Այս պահին իրար ունեք, դա է կարևորը, այն ինչ քոնն է հիմա, ուրեմն ի վերուստ է տրված, փայփայի՛ր: Ինչպես հայտնի ֆիլմի վերնագիրն էր ասում` «Կեր, աղոթիր, սիրի՛ր»:

՞նչ եք կարծում, մեր իրականության մեջ կինն այսօր ազա՞տ է շնչում, իր գործունեության մեջ կարո՞ղ է հավասար լինել տղամարդուն:

Անկեղծ ասած, ֆեմինիստական այս թեմաներն ինձ երբեք չեն գրավել: Բայց, եթե ավելի ուղիղ պատասխանեմ, առանց փիլիոսփայելու այս զգայուն թեմայի շուրջ, ապա` այո, իսկ ո՞վ է խանգարում կնոջը առաջ գնալ իր գործունեության մեջ, ո՛չ ոք…Ուզում ես հաջողե՞լ քո գործում, ուրեմն խելացի ու համարձա՛կ եղիր:  Հենց իմ օրինակով կարող եմ ասել, որ ոչ ոք չի փորձել խցկվել իմ գործի մեջ ու խանգարել, հակառակը` միայն հարգանք ու ակնածանք եմ տեսել, հենց նույն տղամարդկանց կողմից, որոնց, չգիտես ինչո՞ւ,  անդադար ուզում ենք հավասարվել: Իհարկե, կինը կարող է անգամ պատերազմներ հրահրել, բայց հավատացեք տղամարդու համար կինը կին է, երբ շամպայնի բաժակը ձեռքին, շղարշե գիշերազգեստով դիմավորում է «պատերազմից» տուն եկած իր տղամարդուն, լավ կլինի կինն ազատ կարողանա շնչել անկողնում, քան գրասենյակում` թղթերի կույտի ներքո:

-Ինքս էի ուզում թեման այդտեղ բերել…Չգիտեմ, ինչո՞ւ կանայք չեն սիրում խոսել կին-տղամարդ հարաբերություններից, սեքսից ու կրքից:

-Չեն խոսում, որովհետև երևի հիվանդագին խանդոտ ամուսիններ ունեն, որոնք նրանց Դեզդեմոնայի ճակատագրին կարժանացնեն, եթե մոտ գան այդ թեմային: Այո, սեքսն ու էրոտիզմը, ցավոք դեռ տաբու է 21-րդ դարի հասարակության համար: Չեք հավատա, բայց  անգամ ռուս հասարակությունը շատ փակ է ու կոմպլեքսավորված այս հարցում:  Բոլորովին վերջերս, ռուսական արտադրության «Содержанки» հեռուսատասերիալը, որի ռեժիսորը տաղանդավոր ու հայտնի թատերական գործիչ Կոնստանտին Բոգոմոլովն էր, մեծ աղմուկ հանեց Ռուսաստանում: Խեղճ ռեժիսորին, իր դերասաններով հանդերձ, ռուս կինոգետերն ու բլոգերները «անագարքի սյունին» գամեցին: Իսկ ռուսական մամուլը գրեց, որ «Սա էրոտիկ մի թրիլլեր է, որն ուղղակի բացեիբաց ցուցադրում է կին-տղամարդ հարաբերությունների ամենաթաքուն հատվածները, ինչն ընդունելի չէ, անգամ եթե այն կինոարվեստի դիտանկյունից է…»: Խնդրեմ, տեսնո՞ ւմ եք՝ ինչ հիմարություն: Այնինչ, ֆիլմը չտեսնված էսթետ ու գեղեցիկ էր նկարված, շշմելու դերասանական խաղով, սյուժեն` բացառիկ, սաունդթրեքն ուղղակի գլուխգործոց, իսկ անկողնային տեսարանները, կարծես պլաստիկ-ներկայացումներ լինեին… Բայց արի ու տես, որ հասարակությունը պատրաստ չէր նման ֆիլմ նայելու, որովհետև ինքը սովոր է ճղճիմ, կենցաղային մելոդրամների, որտեղ պիտի պարտադիր  տխուր սիրային պատմություններ լինեն ու արցունք քամեն իր աչքերից: Դե, իսկ մեր հայկական «սերիալային» դառը իրականության մասին ավելի լավ է լռենք, էստեղ ամեն ինչ այնքան ցածր է, որ նույնիսկ քննարկելն է անիմաստ: Իսկ Դուք ասում եք, չեն սիրում խոսել սեքսից ու կրքից, ի՞նչ պիտի խոսեն, եթե մեր կինոյում, անգամ մի ռոմանտիկ համբույրը «խստորեն պատժելի արարք» է…Խղճուկ կինոներ, խղճուկ սցենարներով ու խաղով: Իսկ հասարակությունները նաև արվեստի միջոցով են կրթվում ու դառնում բաց ու ազատ: Բայց սա այլ թեմա է:

-Ամենահետաքրքիր մասում կանգ առաք, խնդրում եմ խոստացեք, որ մեկ ուրիշ առիթով կխոսենք այս մասին…Որովհետև էրոտիկայի ժանրը, կարծես թե այնքան էլ տեղ չունի հայկական արվեստում, ի տարբերություն համաշխարհային արվեստի:

-Խոստանում եմ, որ կխոսենք, նույնիսկ վերնագիրը պատկերացրի` «Սերը և էրոտիկան` մեր ամոթխած արվեստում»: Հայ գեղանկարչության մեջ այս թեմայով քար լռություն է եղել ու կա, մենք Գուստավ Կուրբե-ներ չենք ունեցել, որոնք կնկարեին «Աշխարհի սկիզբը» անմեղ վերնագրով մի մեղավոր կտավ: Իսկ մեր գրականության մեջ լռությունը ճեղքել է միայն Ե.Չարենցը, որն իր անտիպ «Էրոտիկ երգ»-ով եկավ ասելու`

«Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ

Պոեմն անհուն, և մեղսական, և թովիչ…»: Ե. Չարենց կարդանք, որ խելագարի պես սիրենք այս կյանքը:

՞նչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար:

-Սեր, փող ու կարմիր գինի…(ծիծաղում է): Գիտեմ, ընդունված տարբերակներ կան` ամուսնություն, ընտանիք, լավ աշխատանք, բարեկեցություն ու նման բաներ, բայց հավատացնում եմ, դրանք ոչ մի կապ չունեն երջանկության հետ: Երջանկությունը փոքրիկ պահերի մեջ է, շատ փոքրիկ ակնթարթների…Սեղմվիր քո տղամարդու գրկի մեջ ու դու երջանիկ ես: Վերջ:

 

Հարցազրույցը վարեց` Սոնա Սարաֆյանը