«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է նաև սիրիահայերին ու պատերազմի վետերաններին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը: Ծրագրի երկրորդ փուլով, աջակցություն է տրամադրվում Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով, վերջին տարիներին Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին և Արցախի ազատամարտի  վետերաններին:

«Ծրագրի այս փուլը մենք իրականացնում ենք  «Պեպսի» և «Պրեմիեր ֆուդս» ընկերությունների հետ համատեղ: Արցախի ազատամարտի վետերանների և Հայաստանում ապրող սիրիահայ 200 ընտանիքների տրամադրվում են առաջին անհրաժեշտության սննդամթերք, հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը»,-ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Ուղիղ երկու շաբաթ առաջ մեկնարկած սոցիալական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 700 ընտանիք՝ Երևանում և Տավուշի սահմանամերձ համայնքներում: Առաջին փուլով աջակցություն է ստացել զինհաշմանդամների, հաշմանդամություն ունեցող երեխաների և սահմանամերձ համայնքներում ապրող 500 ընտանիք:

Արտակարգ դրության պայմանում, հիմնադրամն ամենօրյա ռեժիմով աշխատում է  Երևանում և մարզերում ապրող սոցիալական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների, զինհաշմանդամների, խոցելի խմբերում գտնվող երեխաների և նրանց ծնողների հետ:

Երևան իմ սեր Հիմնադրամ