Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների գնահատումը և հակազդման քաղաքականության ուրվագծերը

Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա COVID-19 համավարակի ազդեցության վերլուծությանն ու դրա հետևանքների գնահատմանը։ Քննարկվում են համավարակի ներգործությամբ պետական և մասնավոր հատվածներում սպասվելիք տնտեսական փոփոխությունները, ռիսկերն ու հնարավոր լուծումները։ Անդրադարձ է կատարվում ինչպես խոշոր ընկերություններին, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկություններին, գնահատվում է նախատեսված պետական աջակցության արդյունավետությունը։ Առաջարկվում են լուծումներ համաշխարհային ճգնաժամին դիմակայելու և ստեղծված իրավիճակը հնարավորինս նվազագույն կորուստներով հաղթահարելու համար։

Արդեն որոշակի ժամանակահատված է, որ ամբողջ աշխարհը բախվել է կարծես  թե դժվարհաղթահարելի մի համավարակի՝ կորոնավիուսի հետ, որի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ է պահվել դեռևս 2019 թ. դեկտեմբերի 31-ին։ Դրանից հետո աշխարհի մոտ 200 երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր, սակայն առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Իսպանիան և Իտալիան: Մեր հանրապետությունում նույնպես, ցավոք, դեռևս փետրվարի վերջին հայտնաբերվեց առաջին վարակակիրը, որը վերադարձել էր Իրանից։ Այս հոդվածը շարադրելիս, այսինքն՝ ս.թ. ապրիլի 6-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում արդեն գրանցվել է վարակի 833 դեպք։

Մենք չենք անդրադառնա արտակարգ դրությանն ու առողջապահական ներկա խնդիրների լուծմանը, այդ մարտահրավերների հաղթահարման բժշկական և պրոֆիլակտիկ հարցերին։ Որպես տնտեսագետ՝ այժմ անչափ կարևոր է գնահատել համավարակի տնտեսական հետևանքները։ Աշխարհի ՀՆԱ-ն, որը, ըստ 2019 թ. տվյալների, 85 տրիլիոն ԱՄՆ դոլար էր, ներկայում կրճատվել է ավելի քան 3 տրի- լիոնով, և այդ գործընթացը շարունակվում է։ Հայտնի է նաև, որ նավթի գինն իջել է մինչև 25 ԱՄՆ դոլար, ինչն աննախադեպ է։

Մեր հանրապետության համարչափազանց բացասական է դիտարկվում նաև պղնձի բորսայական գնի անկումը, որը վերջին մեկ ամսում 6000-ից իջել է մինչև 4800 ԱՄՆ դոլար՝ 1 տոննայի դիմաց։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան արտահանում է մոտ 400-420 հազար տոննա պղնձի խտանյութ, որը համարժեք է 100 հազար տոննա մա- քուր պղնձին, և որը, ի դեպ, երկրի ողջ ար- տահանման ծավալի շուրջ 30%-ն է: 2019 թ. արտահանվել է մոտ 600 մլն ԱՄՆ դոլարի միայն պղնձի և մոլիբդենի խտանյութ։

Արտակարգ դրության ուժի մեջ մտնելուց հետո միանգամայն բացորոշ դարձավ, որ ձեռնարկատիրական գործունեության ծավալները կտրուկ անկում են ապրելու, և, ամենապարզ գնահատականներով, դա շարունակվելու է ևս 3-4 ամիս։ Իհարկե, առաջին հարվածներն արդեն իսկ բաժին են ընկել զբոսաշրջության և դրան առնչվող մի շարք այլ ոլորտների, ինչպիսիք են ավիափոխադրումները, հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները, հանրային ու տրանսպորտի այլ տեսակները և այլն։

Ակնհայտ է, որ մարդկանց կյանքը և բիզնեսը չի կարելի դնել նույն նժարին, սակայն դրանց պետք է հակազդել՝ ցուցաբերելով սառնասրտություն և մասնագիտական բարեխղճություն։ Օրինակ՝ առողջապահական ոլորտի աշխատողները ոչ միայն պետք է համակողմանի գնահատ-վեն, այլև այդ ոլորտում պետք է լուծվեն բազում հրատապ խնդիրներ։

Այժմ փորձենք ներկայացնել այդ խնդիրների քանակական կողմը։
Ովքե՞ր և ինչպե՞ս են տուժելու մեր հանրապետությունում համավարակի հետևանքով։ Այսպես՝ ակնհայտ է, որ կենտրոնական դեմքը մարդն է՝ քաղաքացին։ Հայաստանի Հանրապետությունում կան 626 հազար վարձու աշխատողներ, որոնցից 203 հազարը՝ պետական հատվածում, այդ թվում՝ դպրոցներում, բանակում, ոստիկանությունում և այլն։ Պետական հատվածում ներգրավվածները, ըստ էության, պաշտպանված են, և նրանք ստանալու են իրենց աշխատավարձերը։ Մինչդեռ մնացյալ 423 հազարն աշխատում է մասնավոր հատվածում՝ գումարած ավելի քան 400 հազար գյուղաբնակ մեր հայրենակիցները։ 423 հազարից շուրջ 73 հազարն աշխատում է խոշոր առևտրային ընկերություններում, որոնց հետ կապված, համոզված ենք, խնդիրներն ավելի քան ակնհայտ են, քանի որ խոշոր ձեռնարկությունների գործունեությունը մի կողմից ռիսկային է, բայց մյուս կողմից՝ կանխատեսելի, կառավարումը՝ ավելի որակյալ, իսկ պետական աջակցությունը՝ հնարավորինս հասցեական։ Հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունը 80 մլրդ դրամի ներարկում է նախատեսել բիզնեսի աջակցության և զարգացման համար, ինչը, կարծում ենք, պետք է իրականացվի բանկերի միջոցով՝ համապատասխան բիզնես-վարկերի իրատեսական գնահատման հիմքի վրա, քանի որ համավարակի ավարտից հետո կլինեն արժեքների ու մրցունակ ոլորտների և բիզնեսի ճյուղերի վերագնահատումներ։

Հստակ է, որ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները, հանրային կյանքի թվայնացումը, արհեստական բանականությունը և այդ շարքին ուղղված ոլորտները միշտ կլինեն պահանջարկված։

Նշենք, որ պայմանական խոշոր ընկերությունները Հայաստանի Հանրապետությունում շուրջ 12 հազար են, որոնք աշխա- տում են ավելացված արժեքի հարկի ռեժիմում։
Հաջորդ հատվածը շուրջ 67 հազար փոքր և միջին ձեռնարկություններն են, որտեղ աշխատում է մոտ 300 հազար մարդ: Նրանց մեծ մասն անհատ ձեռնարկատեր է: Նշենք նաև, որ փոքր և միջին ձեռնարկություններն այսօր ապահովում են մեր հանրապետության ՀՆԱ-ի մոտ 25%-ը (2009 թ.՝ մոտ 41%-ը)։ Հասկանալի է, որ այս ոլորտն ունի ընդգծված սոցիալական նշանակություն, ուստի դրան աջակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսել է 25 մլրդ դրամ։ Նախանշվում է, որ այս աջակցությունը նույնպես պետք է իրականացնեն բանկերը, ինչը, կարծում ենք, կլինի տեխնիկապես շատ բարդ վարչարարություն. եթե բոլոր փոքր և միջին ձեռնարկությունները ցանկություն հայտնեն օգտվելու աջակցությունից, ապա բանկային սպասարկումը ամիսներ կտևի: Սպասարկման ռիսկերից է նաև այն, որ բանկերը նախապատվությունը կտան առավել քիչ ռիսկային ոլորտների փոքր և միջին ձեռնարկություններին՝ այդպիսով իրենց ռիսկերը նույնպես դարձնելով հեշտ կառավարելի:

Եվ վերջապես, եթե մենք 25 մլրդ դրամը բաժանենք 67 հազար փոքր և միջին ձեռնարկությունների վրա, կստանանք 700 ԱՄՆ դոլար։ Ընդունենք՝ յուրաքանչյուր փոքր և միջին ձեռնարկություն ունի 5 աշխատող, այդ դեպքում յուրաքանչյուրին կհասնի մոտ 10 000 դրամ։

Այդուհանդերձ, կառավարության ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն ցուցաբերել փոքր և միջին ձեռնարկություններին յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի հաշվով՝ նրանց աշխատավարձի չափով, եթե այդ ձեռնարկություններում աշխատատեղեր չեն կրճատվելու։

Համոզված ենք՝ նախատեսված գումարները համեստ են, և կարճ ժամանակ անց դրանց ծավալները պետք է ավելացնել մի քանի անգամ։ Հաշվի առնենք, որ նշված փոքր և միջին ձեռնարկությունների մեծ մասն ունի նաև վարկեր, որոնց տոկոսներն աներկբայորեն պետք է սառեցնել 3-4 ամսով, ինչպես նաև հայտարարել վարկային մասնակի համաներում՝ պետության սուբսիդավորմամբ, այլապես խնդիրներկառաջանան՝ կապված ավանդների հետ: Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 1 մլն 650 հազար վարկառու, որից 560 հազարը՝ սպառողական: Բնականաբար, վարկերի տոկոսների հետաձգման կամ սառեցման առումով, անչափ կարևորվում է կառավարության կողմից սուբսիդավորման արդյունավետ գործիքների կիրառումը: Օրինակ՝ եթե որևէ տնտեսավարող արդեն իսկ հայտնվել է բանկային համակարգի «սև ցուցակում», ապա մի՞թե նրան պետք է դուրս թողնել աջակցության շրջանակից: Նմանապես, նույն կարգավիճակում են տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ: Հետևաբար՝ անհրաժեշտ է հրատապ սրբագրել այդ «սև ցուցակները»՝ թույլ տալով, որ տնտեսությունն իրապես աշխատի: Ի դեպ, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների վարկերի տոկոսների սուբսիդավորման և նրանց աջակցություն տրամադրելու հարցը որոշում է ոչ թե բանկը, այլ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցության կենտրոնը:

Ֆինանսական հոսքերի ներարկումը տնտեսություն պետք է կազմակերպել այնպես, որ չխաթարվի պետության ֆինանսական կայունությունը: Ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով պետք է թույլ չտա արտարժույթի պակասորդի առաջացում շուկայում, այլապես որոշ ժամանակ անց կունենանք թռիչքային գնաճ և ապրանքային ներդրումների պակասորդ:

Այդ առումով, իհարկե, մեր պահուստներն անվերջանալի չեն, և, ինչ-որ պահից սկսած, տնտեսությունը պետք է աշխատի: Նաև այդ պատճառով մենք չպետք է թույլ տանք արտակարգ դրության հետևանքով աշխատանքը կորցրած մեր հայրենակիցների կտրուկ աղքատացում: Դա վերաբերում է տասնյակհազարավոր՝ ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված աշխատողներին: Այդ նպատակով, կարծում ենք, կառավարությունը նախ՝ մեկ- երկու ամսով պետք է նրանց տրամադրի նվազագույն աշխատավարձ, ապա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական բյուջեից պետք է իրականացվեն մեծածավալ կապիտալ ներդրումներ տարբեր ոլորտներում (օրինակ՝ ճանապարհաշինության, ջրամբարաշինության, էներգետիկայի և այլն), հենց այդ ոլորտներում էլ աշխատանքը կորցրած մարդկանց պիտի առաջարկի աշխատատեղեր: Նույն կերպ, մարդկանց մի մասին էլ կարելի է ուղղորդել դեպի գյուղատնտեսության ոլորտ, որտեղ վարակի ռիսկերը նվազ են, և սեզոնային աշխատանքի մեծ պահանջարկ կա:

Կարծում ենք, որ մեր մեծաթիվ հայրենակիցներ, որոնք մշտապես մեկնում էին արտագնա աշխատանքի, այս տարի նման հնարավորություն չունենան: Ուստի նրանց մի մասը նույնպես կաշխատի տեղական գյուղատնտեսական կամ շինարարական ոլորտներում: Իհարկե, լուծումներն իրական կյանքում շատ բարդ են, բայց ոչ անհնար: Միաժամանակ, ներքին շուկայում պետք է ամեն գնով ձևավորել վճարունակ պահանջարկ, որպեսզի քաղաքացին նվազագույն կենսապահովմամբ լուծի իր սոցիալական հարցերը և պահանջարկ ձևավորի արտադրության և առևտրի ոլորտների համար, մյուս կողմից՝ պետական բյուջում լինեն մուտքեր, և երրորդ կողմից՝ արտադրության և ծառայությունների, առևտրի ոլորտի աշխատողները նույնպես ունենան աշխատանք: Հաշվի առնենք, որ ֆինանսական տրանսֆերտներն արտերկրից նույնպես նվազելու են:

Ակնհայտ է, որ ֆինանսական հոսքերի ներարկումը տնտեսություն, միևնույն է, կարճաժամկետում և միջնաժամկետում հանգեցնելու է որոշակի գնաճի:

Այս ճգնաժամից հետո ռիսկային և պահանջարկ ունեցող տարբեր ձեռնարկատիրական ոլորտներ կվերանան: Աշխարհը ձեռք կբերի նոր մտածելակերպ, բնակչությանը կառաջարկվեն արդիական, առավել ժամանակակից ծառայություններ, սպառողը կունենա նոր վարքագիծ և վարքականոն: Եվ այն գործարարները, որոնք թվացյալ ռիսկային, բայց, իրականում, հեռանկարային ներդրումներ կանեն այդ ոլորտներում, ապագայում կարձանագրեն հաջողություններ: Ուստի կունենանք նոր աշխարհ, ապրանքային և ֆինանսական նոր շուկաներ, նոր մտածելակերպով քաղաքացի, կյանքի նոր որակ և նոր ճաշակ: Սակայն, առայժմ պետք է դիմակայել այս արհավիրքին, որը, ցավոք, խլում է մարդկային կյանքեր: Պետք է լինել գերկազմակերպված, չընկճվել ֆինանսական և տնտեսական կորուստներից և, իհարկե, ներշնչվել լավատեսությամբ: Աստված բոլորիս պահապան:

Հ.Գ. Երեխա ժամանակ տատիկիցս հա­ ճախ էի լսում, որ պատերազմի տա­րիներին սով է եղել, դաժան կյանք, սակայն այդ ամենը, ի վերջո, հաղթա­ հարվել է: Այո՛, միգուցե, հիմա էլ դրա­ մի պակաս զգանք, ու այն հաճախ չբավարարի, բայց ինչ­որ մեկն ասել է, որ փողը ստեղծվել է հենց նրա հա­մար, որ չբավարարի:

Եվ մի մտորում էլ: Մինչ այս կորո­նավիրուսային համաճարակն ասում էինք, թե աշխարհում գիտությունը զարգանում է, տեխնոլոգիական ա­ռաջընթաց է գրանցվում օրեցօր: Եվ ուրեմն՝ մի՞թե ինչ­-որ պահի թերա­գնահատվեց այս համավարակի ռիս­կը՝ ժամանակին համապատասխան պատվաստանյութեր ստեղծելու առու­մով…

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայք
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայք
  3. ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կայք
  4. https://wworldometers.info/coronavirus/country/us/
  1. https://wnytimes.com/interactive/2020/us/ coronavirus-us-cases.html
  2. https://www.businessinsider.com/wuhan-coro- navirus-us-cases-health-risk-2020-1
  3. https://en.wikipedia.org/ wiki/2019%E2%80%9320_coronavirus_pan- demic

Ամբերդ հետազոտական կենտրոն