Պայքար համավարակի դեմ. դեպի տնտեսական ճգնաժա՞մ, թե ճգնաժամի կանխարգելում

Հայկ ԲԵՋԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Մենք բոլորս այսօր տնային աշխատանք ունենք անելու։
Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր

Համավարակի ի հայտ գալը լուրջ մարտահրավեր է՝ նետված համայն մարդկությանն ու կյանքի բոլոր բնագավառներին, որից անմասն չեն կարող մնալ տնտեսագետները։ Որքան էլ ականջահաճո չլինի, բայց տնտեսագիտական ուսմունքի հետևորդները «սիրում են ճգնաժամեր», քանի որ դա նոր հնարավորություն է, յուրօրինակ մի մրցավազք՝ դրսևորելու իրենց մասնագիտական կարողությունները: Ստեղծված իրավիճակը շարժել է նաև տնտեսագետների մասնագիտական «ինքնասիրությունն» ու հետաքրքրությունը։ Դեռևս մասնագիտական առաջին քայլերը կատարելիս մենք կարդացել ու խոսել ենք ճգնաժամերի պատմության մասին՝ Մեծ դեպրեսիայից՝ մինչև 2008 թ. ֆինանսական ճգնաժամ։ Եվ տնտեսագիտական հանրության այսօրվա «տնային աշխատանքն» է՝ նախկին ճգնաժամերի ուսումնասիրությամբ թրծված գործիքներ բանեցնել՝ միտված հասունացող այս ճգնաժամի ազդեցությունը գնահատելուն և դրա մեղմանն ուղղված քայլեր մշակելուն:

Մերօրյա տնտեսական զարգացումների պայմաններում՝ աշխարհի առաջատար համալսարաններում, ֆինանսական և հետազոտական կենտրոններում լավագույն տնտեսագետներն արդեն հասցրել են հրապարակել բազմաթիվ վերլուծականներ՝ նվիրված COVID-19 համավարակի պատճառով առաջացած իրավիճակին։ Ընդ որում, եթե համավարակի առաջին օրերին հնչող կարծիքները սահմանափակվում էին սոսկ փորձագիտական գնահատականներով, ապա հետագայում ավելացավ գործոնային վերլուծությունների, էկոնոմետրիկ գնահատականների ու մինչև անգամ դինամիկ-ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության (DSGE) մոդելների կիրառմամբ իրականացված հաշվարկների թիվը։ Ինչպես երևում է գծապատկեր 1-ից, պետական բյուջեի առաջնային պակասուրդը 2018- 2019 թվականներին եղել է դրական, 2019-ին, ըստ գնահատականների, հասել է 1,8 տոկոսի, իսկ 2020 թվականին, ըստ 2020 թվականի բյուջեի մասին օրենքի, նախատեսվում է մոտեցնել զրոյական մակարդակի։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս իրավիճակը համարում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ մարտահրավերը1, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ադամ Տուզը COVID- 19-ը դիտարկում է որպես բոլոր ժամանակների ամենախոշոր ճգնաժամ զարգացող շուկաների համար2, իսկ մասնագետների մեկ այլ խմբի կարծիքով էլ՝ շատ մարդիկ COVID-19 համավարակի մեջ նախ՝ տեսնում են տնտեսական ճգնաժամ, հետո նոր միայն կյանքի և առողջության հետ կապված ռիսկեր3։

Անդրադառնալով համավարակի՝ տնտեսության վրա ունեցած ազդեցության քանակական գնահատականներին, ապա, համաձայն Լոնդոնի Տնտեսական քաղաքականությունների կենտրոնի հրապարակման, եթե ընդունենք, որ ստեղծված սահմանափակումները դանդաղեցնում են երկրների զարգացումը 50 տոկոսով, ապա այս իրավիճակը 3 ամիս տևելու դեպքում, տարվա արդյունքներով, կունենանք 10 տոկոս անկում4։ Գոլդմեն Սաքսը, վերլուծելով տնտեսական զարգացումները, 2-րդ եռամսյակի համար ԱՄՆ-ում կանխատեսում է 24 տոկոս տնտեսական անկում, որը 3-րդ և 4-րդ եռամսյակների ամբողջական վերականգնման արդյունքներով հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին տարին ամփոփելու -3,8 տոկոս անկումով5, և սա այն պարագայում, երբ ընդամենը 2 շաբաթ առաջ նույն հեղինակը 2-րդ եռամսյակի համար կանխատեսում էր մինչև 5 տոկոս անկում։

Համաշխարհային տնտեսական զարգացումների նկատմամբ սպասումները բավական մտահոգիչ են։ COVID-19-ի բացասական ազդեցությունն արդեն իսկ դրսևորվել է ֆինանսական և հումքային շուկաներում։ Երկրները փակել են սահմանները, նվազել են առևտրաշրջանառությունը և թողարկման ծավալները, և եթե տարեսկզբին 2020 թվականի համար կանխատեսվում էր 2,8 տոկոս համախառն աճ, ապա այսօր արդեն այս կանխատեսումը շրջվել է գլխիվայր, և անկումն անխուսափելի կլինի։

Ուշագրավ է նաև վերլուծություններում շետադրումների փոփոխությունն՝ ըստ ժամանակագրության։ Եթե համավարակի առաջին օրերին շրջանառվող կարծիքները հիմնականում շոշափում էին աճի դանդաղեցման տեսլականը, ապա արդեն 2 շաբաթ անց բոլորն են սկսել անդրադառնալ ճգնաժամի անխուսափելիությանը։ Իսկ ինչ վերաբերում է բովանդակային բաղադրիչներին, պետք է ընդգծել, որ բոլոր այդ վերլուծություններում քանակական գնահատականներ հնչեցնելիս «կարմիր թելի» նման առանձնանում են 3 հիմնական առանցքներ։

Դրանցից առաջինը վերաբերում է պետության կողմից կիրառվող սահմանափակումներին։ Ստեղծված իրավիճակը,  ի տարբերություն նախորդ ճգնաժամային դրսևորումների, սկիզբ է առել առողջապահական բնագավառից, ապա տարածվել տնտեսության մեջ, ուստի, տնտեսական խնդիրը լուծելու համար նախ՝ պետք է լուծել առողջապահականը։ Այս առումով, երկրների ղեկավարության առջև հարց է ծառանում. «անջատե՞լ» (Shut down) տնտեսությունը, և տնտեսական ճգնաժամի «գնով» կասեցնել համավարակի տարածումը, թե՞ պահպանել տնտեսական ակտիվությունն ու այդպիսով ապահովել երկրի կենսունակությունը։ Յուրաքանչյուր երկրի ղեկավարության առջև դրված է այս հարցը՝ երբ սեղմել «կարմիր կոճակը», երբ անջատել տնտեսությունը՝ կորուստները նվազագույնի հասցնելու համար։ Մեր երկիրը մարտի 16-ին ընտրեց սահմանափակում- ների տարբերակը և արտակարգ դրության ու տնտեսական գործունեությունների մի շարք տեսակներ սահմանափակելու ճանապարհով փորձում է նվազագույն կորուստներով դուրս գալ այս իրավիճակից։ Ի տարբերություն Հայաստանի, օրինակ՝ Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն նախապատվությունը տվել է առանց սահմանափակումների կյանքը շարունակելու մոտեցմանը։ Այս տարբերակն էր որդեգրել նաև Իտալիայի կառավարությունը, որը, չցանկանալով նվազեցնել զբոսաշրջության հաշվին երկրում գեներացվող ՀՆԱ-ն, նախընտրեց չկիրառել սահմանափակումներ և այդպիսով, փրկելով տնտեսությունը, փրկել երկիրը համավարակից։ Սակայն, ընդամենը 2 շաբաթում համավարակն այն չափով տարածվեց, որ երկիրը ստիպված էր կիրառել առավել խիստ սահմանափակումներ, որոնք արդեն այսօր հանգեցնում են շատ ավելի մեծ կորուստների։ Եվ այդ խնդիրներն ունեն այնպիսի խորը բովանդակություն, որ, ըստ ականավոր տնտեսագետ Բլանշարդի, պետք է դառնան Եվրամիության կենտրոնական բանկի գերխնդիրը՝ հնարավորություն տալով խուսափելու հերթական եվրոճգնաժամից6։ Ի դեպ, նույն քաղաքական ուղղությունը, իհարկե, որոշ ժամանակային հետաձգումով, իր ելույթում հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Այնուհանդերձ, որքան էլ որ երկրների ղեկավարներն այս կամ այն կերպ փորձեն արդիականացնել իրավիճակային լուծումները, միևնույն է, համաշխարհային տնտեսության «Shut down-ի կարմիր կոճակն արդեն սեղմված է», և համաշխարհային տնտեսության վերաբերյալ վերջին գնահատականներն արդեն գուժում են տնտեսական ճգնաժամի, այլ ոչ թե դանդաղման մասին։ Հետևաբար՝ երկրների տնտեսական քաղաքականություններն այսօր ուղղվում են ոչ թե ճգնաժամի կանխարգելմանը, այլ դրա հաղթահարմանը։

Երկրորդ առանցքը, որ կարևորվում է համավարակի տնտեսական ազդեցության գնահատման մեջ, վերաբերում է երևույթի տևողությանը. որքա՞ն ժամանակ համավարակի պատճառով տնտեսությունը կմնա «անջատված (Shut down)» վիճակում։ Հենց այդ ժամանակն էլ կորոշի  համավարակի ազդեցության չափը։ Հաշվի առնելով COVID-19-ի դրսևորած վարքագիծը և հատկապես չինական փորձը՝ տնտեսագետների շրջանում գերակշռում է այն վարկածը, որ համաճարակի բացասական ազդեցությունը կշարունակվի մինչև մայիսի վերջ՝ առավելագույնը մինչև հունիս, և դա շատ տեղերում ընդունվել է որպես վերլուծությունների բազային սցենար։ Հոռետեսական կանխատեսումները մատնանշում են ավելի երկար ժամանակահատված, որի պարագայում հետևանքները, բնականաբար, ավելի ցավոտ կլինեն։

Համավարակի հետևանքների դեմ պայքարում երրորդ բաղադրիչը վերաբերում է պետության վարած քաղաքականությանը։ Ընդ որում, եթե այս քաղաքականության առաջնային ուղղությունը պետք է լինի համավարակի դեմ պայքարը, ապա երկրորդ բաղադրիչն իրենից ներկայացնում է դրա հետևանքների վերացմանն ուղղված քայլեր։ Պետություններն արդեն իսկ սկսել են իրականացնել բազմաթիվ ծրագրեր սպասվող ճգնաժամը մեղմելու համար՝ այդ նպատակին ուղղելով իրենց ՀՆԱ-ի 10-13 տոկոսը (ԱՄՆ, Քաթար և այլն)։ Ընդ որում, ամերիկացի տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինն իր վերլուծության մեջ ներկայացնում է, որ բոլոր երկրների ղեկավարները տնտեսությունը փրկելու և իրենց քաղաքացիներին կոլապսից ազատելու համար պետք է ծախսեն ՀՆԱ-ի շուրջ 10 տոկոսի չափով միջոցներ7։ Իհարկե, ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ նման խոշոր ներարկումներ ճգնաժամը կանխելու համար, և զարգացող երկրները ճգնաժամի կանխարգելման համար սահմանափակվել են հիմնականում 2-3 տոկոսի չափով աջակցության փաթեթներով8։

Անդրադառնալով մեր երկրում տիրող իրավիճակին՝ նշենք, որ այստեղ տնտեսությունը սահմանափակելու մասին ազդարարվեց բավական ուշ. մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որն ավելի խստացվեց՝ ապրիլի 1-ից սկսած։ Ոմանք արտակարգ դրությունը համարում են ուշացած, ոմանք՝ ժամանակին, սակայն, տնտեսության տեսանկյունից, թեկուզ և 2 շաբաթ ավելի ուշ տնտեսության սահմանափակումները գործարկելը կունենա իր դրական էֆեկտները։ Համաձայն ԱՎԿ հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին 2 ամսվա արդյունքներով, կուտակային տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8,7 տոկոս9, իսկ եռամսյակի համար կանխատեսվում է շուրջ 6 տոկոս ակտիվության աճ։ Սա հնարավորութուն է տալիս կանխատեսվող դժվարին 2-րդ եռամսյակից առաջ ունենալու բավական հուսալի նախադրյալներ և համավարակի արագ ավարտվելու դեպքում ակնկալել առավել քիչ կորուստներ։ Այնուհանդերձ, համաշխարհային զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն։ Թեև, որպես փոքր տնտեսություն, Հայաստանում ազդակները միանգամից չեն զգացվում, սակայն մոտ ապագայում ճգնաժամի հարվածը հասնելու է նաև մեզ։ Դրան գումարվում է արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական գործունեության սահմանափակումները, և պատկերը դառնում է ամբողջական ու մտահոգիչ։ Մասնավորապես՝ եթե գնահատման հիմքում դնենք այն բազային սցենարը՝ ըստ որի համավարակի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիս-հունիս, որից հետո կվերականգնվեն առնվազն նախորդ տարվա աճի տեմպերը, և եթե հաշվի առնենք նախկինում գրանցված զարգացումները, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտների տեսակարար կշիռները, կստանանք գծապատկեր 2-ում արձանագրված վիճակը:

Ինչպես երևում է գծապատկեր 2-ից, նախանշված բազային սցենարի պայմաններում, 2020 թվականի արդյունքներով, ՀՀ տնտեսության անկումը կկազմի շուրջ 5 տոկոս, որը կդառնա ամենախոշոր անկումը 2009 թվականի ճգնաժամից հետո։ Ինչ վերաբերում է առանձին ոլորտներին, ապա արդյունաբերությունը նախորդ տարվա համեմատ կգրանցի զգալի անկում։ Ճյուղում բացառություն կկազմեն միայն սննդամթերքի արտադրությունը և բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիան, գազը և ջուրը, մնացած ճյուղերում անկումն անխուսափելի է, և եթե նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերության ոլորտն ունեցել էր դրական նպաստում ՀՆԱ աճին, ապա այս տարի դա կլինի բացասական և, ըստ մեր հաշվարկների, կտատանվի -1,3-ից -1,5 տոկոսի միջակայքում։

Հաջորդ՝ առավել խոշոր անկումը կարձանագրվի ծառայությունների ոլորտում։ Մասնավորապես՝ զբոսաշրջության, տրանսպորտային փոխադրումների, կացության, ինչպես նաև մշակույթի, զվարճությունների և հանգստի ու սպասարկման այլ ծառայությունների ծավալների նվազման հետևանքով ծառայությունների ոլորտը, որ նախորդ տարիներին եղել է տնտեսական աճին հիմնական նպաստողը, այս տարի կարձանագրի ամենամեծ անկումը, որը վերոնշյալ բազային սցենարի պայմաններում կկազմի -3 տոկոս։

Մտահոգիչ է նաև շինարարության ոլորտի պատկերը, որը ևս արտակարգ դրության պատճառով ներառվել է տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկում։ Իհարկե, այս ոլորտը համաճարակի ավարտից հետո շատ արագ կերպով կվերականգնի աճի տեմպը, ինչպես նաև 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական կապիտալ ծախսերը կարող են էականորեն զսպել ճյուղի անկումը, սակայն անգամ այդ պարագայում աճի դանդաղումն անխուսափելի է։

Այսպիսով՝ ամփոփելով իրականացված գնահատումները և անգամ որպես հիմք ընդունելով այն լավատեսական գնահատականը՝ ըստ որի տնտեսության մնացած ճյուղերը սահմանափակումների պատճառով չեն տուժի, միևնույն է, 2020 թվականին կունենանք 4,5-5 տոկոս տնտեսական անկում, և սա միայն այն պարագայում, եթե արդյունավետ գործեն պետության հակաճգնաժամային միջոցառումները, և հունիսին տնտեսությունը հնարավորինս արագորեն վերադառնա իր բնականոն ընթացքին։

Ինչ վերաբերում է տնտեսական անկման հարկաբյուջետային ազդեցությանը, ապա գոյություն ունի դեպքերի զարգացման 2 սցենար։ Դրանից առաջինի դեպքում պետք է ենթադրենք, որ ՊԵԿ-ը կկարողանա կատարել պետական բյուջեի հիմքում դրված եկամուտների հավաքագրումը, այն է՝ 1,607 մլրդ դրամ հարկային եկամուտներ, ինչը նշանակում է, որ հարկեր/ ՀՆԱ ցուցանիշը կհասնի մոտ 26 տոկոսի։ Իրականում, սա այնքան էլ իրատեսական սցենար չէ և, ամենայն հավանականությամբ, չի կատարվի։ Եթե հիմք ընդունենք նախորդ տարիների միտումները, հարկեր/ՀՆԱ ցուցանիշի շարժընթացը և մեր կանխատեսած՝ իրական ՀՆԱ 5 տոկոս անկումը, ապա հարկային եկամուտները 2020 թվականին կկազմեն շուրջ 1,430 մլրդ դրամ։ Արդյունքում, կա՛մ կառավարությունը ստիպված կլինի վերանայել պետական բյուջեն, պայմանավորված եկամուտների նվազեցմամբ, նվազեցնելով ծախսերն ու կատարելով անհրաժեշտ վերաբաշխումներ, կա՛մ էլ պետք է գնա նոր պարտքեր ներգրավելու ճանապարհով, ինչը կնշանակի, որ ՀՆԱ անկման հետևանքով առանց այն էլ բարձրացած պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշն էլ ավելի կբարձրանա։ Ճիշտ է, գործող հարկաբյուջետային կանոններն ունեն արտակարգ իրավիճակների համար նախատեսված բացառություններ, սակայն այդ ցուցանիշի վատթարացումը հետագա տարիներին լուրջ խոչընդոտներ է ստեղծելու սոցիալական քաղաքականության իրականացման համար։

Ամփոփելով նշենք, որ թեև մեր գնահատականներով համավարակի դեմ պայքարն ի վերջո կավարտվի տնտեսական ճգնաժամով, այնուհանդերձ, վերոնշյալ բազային սցենարի իրականացումը ևս հեշտ չի լինելու, քանի որ դրա իրագործմանը հասնելու համար նախ՝ պետք է սահմանված ժամանակահատվածում հաղթահարել առողջապահական ճգնաժամը, ապա, դրան զուգահեռ, խելամիտ քայլեր ձեռնարկել առաջացող տնտեսական ճըգնաժամը հնարավորինս կանխարգելելու համար։ Եվ այս բոլորի իրականացման համար կառավարությունը և մենք բոլորս այսօր տնային աշխատանք ունենք անելու։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Economics in the Time of Covid-19, https:// org/debates/economics-time-covid-19?f- bclid=IwAR20o624CxfyU8vneeNsNnCvY- wiRHNw9MEfglVEGeXbO5lu6s4MCpOP7pew)
  2. Merkel: Coronavirus is Germany’s greatest challenge since World War Two,
  3. https://wdw.com/en/merkel-coronavirus- is-germanys-greatest-challenge-since-world- war-two/a-52830797
  4. ADAM TOOZE, The Coronavirus Is the Big- gest Emerging Markets Crisis Ever, March 23, 2020, https://foreignpolicy.com/2020/03/28/ coronavirus-biggest-emerging-markets-cri- sis-ever/
  5. aura Oliver, Most people see COVID-19 as an economic crisis first, health risk second, survey finds March 18, 2020, https://www. weforg/agenda/2020/03/covid-19-pub- lic-perception-economic-health-crisis-corona- virus-pandemic-ipsos/
  6. Pierre-Olivier Gourinchas, Flattening the pandemic and recession curves, UC Berkeley, Page 31-39, https://voxeu.org/content/miti- gating-covid-economic-crisis-act-fast-and-do- whatever-it-takes
  7. U.S. ECONOMY TO SHRINK 24% FROM APRIL to JUNE 2020: Goldman Sachs, https:// finance.yahoo.com/news/u-economy-shrink-24-april-155126416.html
  1. Olivier Blanchard, Italy, the ECB, and the need to avoid another euro crisis, Peterson Institute for International Economics, Page 48-50, https://voxeu.org/content/mitigating- covid-economic-crisis-act-fast-and-do-whatev- er-it-takes
  2. «Беспрецедентное свободное падение». Кризис, вызванный коронавирусом, не похож ни на один из известных — Рубини, https://nv.ua/biz/economics/mirovoy-ekonomi- cheskiy-krizis-chem-on-otlichaetsya-ot-predy- dushchih-novosti-mira-50078101.html
  1. International Monetary Fund, POLICY RESPONSES TO COVID-19, https://w imf.org/en/Topics/imf-and-covid19/Policy-Re- sponses-to-COVID-19?fbclid=IwAR1odhAOkj- 7du6HtenQYzhM3-LQOmXWLiC4oYBJObqK- G1lpXYNUZrv2Xi4s
  2. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութա- գրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակ- րոտնտեսական ցուցանիշները 2020 թ. փետրվարին (2020 թ. մարտի 25-ի դրությամբ), https://www.armstaam/ am/?nid=134&id=726

Ամբերդ հետազոտական կենտրոն