COVID-19-ի հետևանքով համաշխարհային տնտեսության կանխատեսվող որոշ շոկերի շուրջ

Դիանա ԳԱԼՈՅԱՆ
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Կորոնավիրուսի տարածման պատճառով նավթի համաշխարհային շուկայում տեղ է գտել նավթի գների վրա ազդող գործոնների հազվադեպ պատահող համադրություն. մի կողմից՝ արդյունահանման ծավալների աճ, մյուս կողմից՝ սպառման ծավալների կրճատում և շուկայում «կայունացնող արտադրողի» բացակայություն: ՄԱԿ-ի փորձագետները վերոհիշյալ գործոններին ավելացնում են նաև երկրների ֆինանսական խնդիրները։ Այս ամենը հանգեցրել է նավթարդյունահանող, ինչպես նաև նավթի գների հանդեպ զգայուն տնտեսությամբ երկրների ազգային արժույթների արժեզրկմանը, ինչն էլ, իր հերթին, ըստ փորձագետների, կառաջացնի օտարերկրյա ներդրումների և համաշխարհային ՀՆԱ անկում:

2020 թ. առաջին ամիսներին, երբ նոր կորոնավիրուսը (COVID-19) լայնորեն տարածվում էր Չինաստանում, մասնագետները կանխատեսում էին նավթի գների անկում՝ կապված զբոսաշրջության և Չինաստանում տնտեսական գործունեության այլ տեսակների ծավալների կրճատման հետ։ Հարկ է նշել, որ Չինաստանը նավթի սպառման ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո, և նրան է բաժին ընկնում նավթի համաշխարհային սպառման ծավալների 13,2%-ը1։

Երբ այս տարվա փետրվարի սկզբին COVID-19-ը տարածվեց Եվրոպայի հիմնական զբոսաշրջային կենտրոններում, մասնավորապես՝ Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում, եվրոպական երկրների մեծ մասն էապես կրճատեց թռիչքները դեպի այլ երկրներ, արգելեց օտարերկրյա քաղաքացիների մուտքն իրենց երկրներ, ինչի հետևանքով էլ նավթի աճող առաջարկն ուղեկցվեց դրա հանդեպ նվազող պահանջարկով։ Հենց դա էր պատճառը, որ մարտի 4-6–ը ՕՊԵԿ(+)-ի անդամ երկրները Վիեննայում (Ավստրիա) հրավիրեցին արտահերթ համաժողով՝ բանակցելու նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի շուրջ2։ Որպես կարճաժամկետ միջոցառում՝ ներկայացվեց նավթի արդյունահանման ծավալների կրճատումը, որի միջոցով պետք է կասեցվեր նավթի գների անկումը համաշխարհային շուկայում։ Հանդիպման ընթացքում ՕՊԵԿ-ի անդամ երկրներին առաջարկվում էր նավթի օրական արդյունահանումը կրճատել 1 մլն, իսկ ՕՊԵԿ-ի գործընկներ երկրներին՝ 500 հազար բարելով3։ Սակայն, Ռուսաստանը, որն ՕՊԵԿ-ի գործընկեր երկրներից ամենամեծն է, հրաժարվեց ընդունել այդ առաջարկը, ինչի հետևանքով բանակցությունները ձախողվեցին։ Այս իրադարձությանն անմիջապես արձագանքեցին ֆոնդային բորսաները. նավթի գները մեկ օրվա ընթացքում նվազեցին գրեթե 30%-ով, և դա վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ անկումն էր։ Ինչպես նշում է էներգաշուկաների գծով խորհրդատու Բ. Մակնալլին, նավթի համաշխարհային շուկայում տեղ է գտել նավթի գների վրա ազդող գործոնների հազվադեպ պատահող համադրություն. մի կողմից՝ նավթի արդյունահանման ծավալների աճ (առաջարկի շոկ), մյուս կողմից՝ COVID- 19-ի հետևանքով, նավթի սպառման ծավալների կրճատում (պահանջարկի  շոկ) և շուկայում «կայունացնող արտադրողի» բացակայություն: Վերջին անգամ նման համադրություն երևան էր եկել 1930-ական թթ. Մեծ ճգնաժամի տարիներին4։ Միացյալ ազգերի կազմակերպության փորձագետները վերոհիշյալ գործոններին ավելացնում են նաև ֆինանսական խնդիրները։ Այսպես՝ նավթի արտահանման և ներմուծման ծավալների կրճատումն էապես ազդում է նաև նավթարտահանող երկրների եկամուտների և տվյալ ոլորտում աշխատողների զբաղվածության մակարդակի վրա։ Թեև շուկայի վրա ազդող բոլոր գործոններն այս պահին կանխատեսել հնարավոր չէ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ, առաջին հերթին, կնվազի նավթարդյունահանող երկրների՝ նավթից ստացվող շահույթի մակարդակը։ Պահանջարկի փոփոխությունը կհարվածի համախառն առաջարկին, ինչպես նաև երկրների ֆինանսական կայունությանը5։

Խոսելով նավթի գների մասին՝ հարկ է նշել, որ Brent և WTI տեսակի նավթի գները մարտի 9-ին՝ ֆոնդային բորսայի բացվելուց անմիջապես հետո, անկում ապրեցին 12,44 ԱՄՆ դոլարով, կազմելով համապատասխանաբար՝ 32,83 և 28,84 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց։

Նավթի գների անկումն էապես ազդեց նաև նավթարդյունահանող, ինչպես նաև նավթի գների հանդեպ զգայուն տնտեսությամբ երկրների ազգային արժույթների արժեզրկման վրա, ինչի հետևանքով կանադական դոլարն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց 1,4%-ով, նորվեգական կրոնը՝ 4,7%-ով, իսկ ռուսական ռուբլին մարտի ընթացքում արժեզրկվեց մինչև 18% (գծապատկեր 2)։

Ռուսական ռուբլու արժեզրկումն էապես ազդեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արժույթների վարքագծի վրա։ Այսպես՝ նույն ժամանակահատվածում ղազախական տենգեն արժեզրկվեց 17,0%-ով, բելառուսական ռուբլին՝ 17,2%-ով, ղրղզական սոմը՝ 14,1%- ով, իսկ հայկական դրամը՝ 3,39%-ով6։

Թեև դեռ վաղ է խոսել համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, այնուամենայնիվ, կարելի է պնդել, որ կարճաժամկետում լճացումը (ստագնացիան) անխուսափելի է, քանի որ առկա են դրան նպաստող բոլոր գործոնները։ Նավթի գների անկումը, որն արժույթների արժեզըրկման պատճառ է դարձել, հանգեցնելու է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի նվազմանը և ՀՆԱ անկմանը։ Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի «Ներդրումների միտումների մշտադիտարկում» վերլուծականի, որտեղ իրականացվել են կանխատեսվող համաշխարհային ներդրումների ճշգրտումներ, հաշվի առնելով COVID-19-ի տարածման երկու հնարավոր սցենարները, նշվում է, որ համաշխարհային ներդըրումները կկրճատվեն 5%-ով, եթե COVID- 19-ի տարածումը հնարավոր լինի կանխել 2020 թ. առաջին կեսին։ Հակառակ դեպքում, ներդրումների կրճատումը համաշխարհային մակարդակով կհասնի մինչև 15%։ Այսօր արդեն COVID-19-ի տարածման հետևանքով համաշխարհային խոշոր վերազգային կորպորացիաներն ունեցել են եկամուտների հսկայական կորուստներ։ Այսպես՝ ամենամեծ կորուստը բաժին է ընկել ասիական՝ -18%, զարգացող՝ -16% և անցումային տնտեսությամբ՝ -10% երկրների վերազգային կորպորացիաներին8։ Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտին COVID-19 համավարակն ավելի մեծ վնաս հասցրեց զարգացած աշխարհին, մասնավորապես՝ ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին, հետևաբար՝ զարգացած երկրների վերազգային կորպորացիաները մոտ ապագայում անմասն չեն մնա ներդրումների կրճատման և եկամուտների կորստի ավելի մեծ չափաբաժնից: Խնդիրը նաև այն է, որ զարգացած երկրների վերազգային կորպորացիաներն ավելի շատ են ներգրավված համաշխարհային արժեքային շղթաներում, որոնք COVID-19-ի հետևանքով առաջացած պահանջարկի շոկի պատճառով կարող են ընդհատվել և ավելի մեծ վնաս հասցնել հենց այն կորպորացիաներին, որոնց արտադրանքը համաշխարհային արժեքային շղթաների արդյունք է։

Ինչ վերաբերում է համաշխարհային մակարդակով տնտեսական աճի կանխատեսումներին, ապա պետք է նշել, որ դեռ հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները պնդում էին, որ 2020 թ. համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3,4%՝ 2019 թ. 2,9%-ի համեմատ10։ Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակը փորձագիտական հանրությանը ստիպել է վերանայել նախկին կանխատեսումները։ Հարկ է նշել, որ փորձագիտական գնահատականներն այս առումով ևս բաժանվում են երկու խմբի՝ կախված այն հանգամանքից, թե երբ հնարավոր կլինի կանխել COVID-19-ի տարածումը։ Լավատեսական սցենարի համաձայն՝ եթե COVID-19-ի տարածումը հնարավոր լինի կանխել 2020 թ. առաջին կեսին, ապա համաշխարհային ՀՆԱ աճը կկազմի 2,4%՝ նախորդ տարվա համեմատ անկում ապրելով 0,5%-ով (գծապատկեր 3)։ Համեմատության համար նշենք, որ համաշխար- հային ՀՆԱ ծավալը 2019 թ. կազմել է 86,6 տրիլիոն ԱՄՆ դոլար, ուստի դրա՝ 0,5%-ով նվազումը ենթադրում է 4,3 տրիլիոն ԱՄՆ դոլարի կորուստ։

Ավելի վատատեսական սցենարի դեպ- քում, եթե, օրինակ, COVID-19-ի տարածումը հնարավոր չեղավ կանխել ողջ տարվա ընթացքում, համաշխարհային ՀՆԱ աճը կկազմի ընդամենը 1,5%, իսկ կորուստը՝ մոտ 13 տրլն ԱՄՆ դոլար։

Իհարկե, համաշխարհային տնտեսու- թյան մեջ COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամը, առաջին հերթին, հարվածելու է հետամնաց, այնուհետև՝ նավթարդյունահանող, իսկ վերջում՝ այն երկրներին, որոնք ներգրավված են համաշխարհային արժեքային շղթաների արտադրությունում: Սակայն, անկախ ամեն ինչից, համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը բացասաբար է ազդելու բոլոր երկրների տնտեսությունների վրա։ Այնուամենայնիվ, գծապատկեր 3-ի տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ համաշխարհային տնտեսությունը, որը XXI դարում արդեն իսկ առերեսվել է խոշոր ցնցման՝ ի դեմս 2008 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այս առումով ունի բավական հուսադրող փորձ, որտեղ, իհարկե, որոշիչ է երկրների կառավարությունների իրականացրած միջոցառումների դերը։ Պահանջարկի շոկի հետևանքով առաջացած ճգնաժամին դիմակայելու համար այսօր ևս կառավարությունները մեծ անելիք ունեն, մասնավորապես՝ խթանել համախառն պահանջարկը, ինչպես նաև, ավելացնելով պետական ծախսերը, ձեռնարկություններին ապահովել դրամական միջոցներով, որպեսզի վերջիններս չգնան աշխատողների կրճատման ճանապարհով, ինչը, իր հերթին, թույլ կտա բնակչությանն ապահովել որոշակի եկամուտներով և խթանել պահանջարկը։

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Coronavirus: The World Economy at Risk, OECD Interim Economic Assessment, March,
  2. Investment trends monitor, United Nations, UNCTAD, March,
  3. Oil price crash sends global stocks tumbling, The Financial Times Limited,
  4. OPEC 178th (Extraordinary) Meeting of the Conference concludes: https://wopec.org/ opec_web/en/press_room/5865.htm
  5. The coronavirus shock: A story of another global crisis and what policymakers should be doing about it. Trade and development report update, March,
  6. https://wexchangerates.org.uk/USD-RUB-exchange-rate-history.html
  1. World Economic Outlook Update, January 2020: Tentative Stabilization, Sluggish Recov- ery?, IMF, January 9,
  2. Сделка ОПЕК о сокращении добычи нефти сорвалась. Цены на нефть обвалились: https://wbbc.com/russian/news-51770134
  3. https://wworldometers.info/oil/oil-con- sumption-by-country/#china
  4. https://index.minfin.com.ua/markets/oil/ brent/2020-03/
  5. https://bankir.ru
  6. https://unctadstat.unctad.org/wds/TableView- er/tableView.aspx

Ամբերդ հետզոտական կենտրոն