Նոր ժամանակների, բիզնեսի տրանսֆորմացիաների ու պրոֆեսիոնալ բիզնես-խորհրդատվության անհրաժեշտության մասին

Ամբողջ աշխարհում բիզնեսը ծայրահեղ անկայուն վիճակում է՝ ի՞նչ անել, որտե՞ղ խնայել, ե՞րբ կրճատել, ներդնե՞լ, թե սպասել նոր ժամանակների. այս հարցերն ակտուալ են արդեն գործող բիզնեսի պարագայում՝ անկախ ծավալից: Իսկ ընդհանրապես՝ ինչի՞ց սկսել բիզնեսը, իհարկե, մասնագիտական խորհրդատվությունից:

Զրուցում ենք «Նորարար Կանանց Ձեռնարկատիրություն» ՀԿ նախագահ, «Միլլ» խորհրդատվական ընկերության հիմնադիր, տնօրեն «Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտ» տնօրեն, քոուչ Սիլվա Մեսրոպյանի հետ:

Խորհրդատվության մշակույթը հայաստանյան բիզնեսի ո՞ր շերտերում է ակտուալ:

Բիզնես խորհրդատվությունը բիզնեսի համար այնքան է կարևոր, որքան ցանկացած պացիենտի համար բժիշկությունը` սկսած ուղղակի դիագնոստիկայից մինչև ցավի բուժում: Սակայն ինչպես պացիենտները, այնպես էլ բիզնես ներկայացուցիչները ոչ կանոնավոր կերպով են օգտվում իրենց համար այդքան կարևոր աջակցությունից: Կան բիզնես ներկայացուցիչներ, որոնք ժամանակ առ ժամանակ հրավիրում են խորհրդատուին` որպես արտաքին էքսպերտ անկախ ու պրոֆեսիոնալ կարծիք կազմելու ընթացիկ գործընթացների մասին: Սակայն ավելի հաճախ խորհրդատուին հիշում են, երբ ունեն ցավի կենտրոն, որն արտահայտվում է ինչպես բիզնեսի սաղմնային փուլում, երբ պետք է սկսել շատ գրագետ ու հաջողված բիզնես, այնպես էլ կայացած բիզնեսի դեպքում, երբ բիզնեսում աչքի են ընկնում խնդիրներ, կամ ցանկանում են զարգացնել նոր ուղղություններ ու ռազմավարություն:

Այս առումով կառանձնացնեի երկու տեսակի հաճախորդի խմբեր: Առաջին խումբը դրանք առավել գրագետ բիզնեսներն են, որ կարևորում են խորհրդատվությունն ու դիմում են խորհրդատվական միջամտության կոնկրետ խնդրի լուծման համար կամ երկարաժամկետ ուղեկցման նպատակով: Մյուս դեպքում՝ միջնորդավորված ծառայությունն է, երբ խորհրդատվական ուղեկցումը շահառուի համար պատվիրվում է բիզնեսի աջակցող կազմակերպության կողմից: Այս խմբի շահառուներն ավելի շատ սկսնակներն են, որ մասնակցում են տեղական ու միջազգային կազմակերպությունների ծրագրերին ու ստանում են խորհրդատվական աջակցություն:
Որքանո՞վ է կարևոր ներդրումներ անելուց առաջ և ընթացքում մասնագիտական խորհրդատվություն անցնելը: Հակառակ պարագան ինչո՞վ է ռիսկային:

-Եթե խոսենք ներդրումներ անելուց առաջ խորհրդատվության անհրաժեշտության մասին, ապա պետք է այստեղ ընդգծենք պլանավորման անհրաժեշտությունը, քանի որ դա փաստացի պլանավորում է և կանխատեսում: Առաջին հերթին կցանկանայի նշել, թե որքանով է անհրաժեշտ այդ պլանավորումը, քանի որ առանց պլանավորման սկսել մեծ ներդրումային կան զարգացման ծրագիր, դա նույնն է դուրս գաս տանից` առանց հստակ իմանալու, թե ուր ես գնալու: Խորհրդատուները գնահատում են ներդրումային ծրագրի նպատակայնությունը, մշակում ռազմավարությունը, վերլուծում շուկայի իրավիճակը, կանխատեսում ֆինանսական հոսքեր ու գնահատում ռիսկերն ու դրանց ազդեցությունը: Խոշոր հաշվով շատ խոշոր կազմակերպություններ ունենում են մասնագիտացված ֆինանսական, մարքեթինգային ու տնտեսական վեևրլուծությունների բաժին, բայց դա բավարար չէ լիարժեք գնահատման համար, այս դեպքում պրոֆեսոինալ խորհրդատվության միջամտությունը շատ կարևոր է:

-Կառավարման խորհրդատվություն և բիզնես խորհրդատվություն, որտե՞ղ են եզրերը համընկնում ու շարունակում միմյանց:

-Բիզնես խորհրդատվության շրջանակները շատ լայն են ու ներառում են խորհրդատուի բազմաթիվ դերեր ու ֆունկցիաներ, որոնք ընդհանուր առմամբ ամփոփում են բիզնեսի զարգացման ծառայությունները:  Բիզնես խորհրդատուն իր տարբեր դերակատարումներով կարող է կրթել հաճախորդին, զարգացնել հմտություններ, լուծել խնդիրներ, աջակցել բիզնեսին, կառավարել պրոցեսներ, ուղղորդել կամ որպես քոուչ զարգացնել հաճախորդին` ինքնուրույն գտնելու իր բիզնեսի խնդիրն ու համապատասխան լուծումները: Այս մեծ շրջանակի մեջ կառավարման խորհրդատուի դերն առանձնանում է նրանով, որ նա հայտնաբերում, ախտորոշում և լուծում է բիզնեսի խնդիրները: Խորհրդատուները իրենց բիզնես քեյսերում մշտապես ծածկում են մի քանի դերեր ու ֆունկցիաներ, ու այդ առումով այս երկու իրար մոտ ծառայությունները որոշ դեպքերում լինում են սերտաճած, կամ լրացնում են միմյանց:

-Հայաստանյան ու միջազգային խորհրդատվական փորձն ու ավանդույթները ընկերությունների կառավարումների տեսանկյունից որքանով են տարբեր:

-Իրականում մենք հպարտությամբ ենք նշում, որ հանդիսանում ենք տարածաշրջանում ամենաուժեղ խորհրդատվական շուկան, որի համար կան շատ հիմքեր, նախ մենք ունենք պրոֆեսիոնալ հավատարմագրված կառույց, որ համախմբում է խորհրդատուներին, ունենք միջազգային որակավորված խորհրդատուներ և լավ ներուժ: Անկախ նրանից, որ տարածաշրջանում գտնվող երկրները միմյանց մոտ են իրենց զարգացման ճանապարհով ու կրել են գրեթե նույն շուկայական փոփոխությունները հետխորհրդային շրջանից մինչև մեր օրեր, սակայն հայ խորհրդատուները շատ տարբերվում են իրենց կարողություններով ու պոտենցիալով:

Եթե համեմատենք զարգացած երկրների խորհրդատվական շուկաների հետ, ապա մենք ունենք ինչպես առավելություններ, այնպես էլ խոցելի տեղեր: Զարգացած երկրներում բիզնեսի համար խորհրդատվությունն ավելի ընկալելի է ու պահանջարկն էլ ավելի գիտակցված, և նրանք մեծ ջանքեր չեն թափում վաճառքների վրա: Մեր խորհրդատուներն, ուղեկցելով պետության այս մեծ փոփոխությունների շղթան, դարձել են ավելի ճկուն, ավելի ստեղծարար ու բազմապրոֆիլ, քանի որ մի կողմից կարիք ունեն հաճախորդին ընտելացնելու խորհրդատվության դրական ազդեցությանը, տրամադրել խորհրդատվական աջակցություն, մյուս կողմից հոգ տանել բիզնեսում առկա մյուս բոլոր խնդիրների մասին, և երբեմն ներգրավվել դրանցում: Սա նաև գալիս է մեր բիզնեսների վճարունակության աստիճանից ու նաև կարծրատիպերից, քանի որ շատ դեպքերում խորհրդատուն ասոցացվում է սեփական աշխատակցի հետ և փորձում են նրանից վերցնել ավելին քան, պլանավորված էր ի սկզբանե: Զարգացած երկրներում այս ճկունությունն ավելի քիչ է, կամ բացակայում է, նրանք իրենց պարտականությունների շրջանակը հստակեցնում են և խորհրդատվական միջամտությունը հազվադեպ է շեղվում այդ նախնական պլաններից, իսկ բիզնեսների վճարունակությունը թույլ է տալիս տարբեր խնդիրների համար վարձել տարբեր էքսպերտների:

-Ինչպիսի՞ն են Ձեր համագործակցությունները արտերկրի համանման կառույցների հետ ու ինչպե՞ս եք ներդնում մեր երկրում նրանց մոտեցումները:

-Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտը գործում է արդեն ինը տարի ու անդամակցում է CMC Global-ին, որը հանդիսանում է Կառավարման Խորհրդատվության ինտիտուտների Միջազգային խորհուրդը ու միավորում է 50 երկրի ինստիտուտների: Այս անդամակցությունը մեծ նեթվորքինգ է ինստիտուտների ու նրանց անդամների  միջև, որտեղ վերացված են սահմաններ ու բոլորը հանդիսանում են պրոֆեսիոնալ խորհրդատվական մեծ ընտանիքի անդամ: Այս կառույցի անդամակցության շնորհիվ մենք տարածաշրջանում առաջինն ենք սկսել կառավարման խորհրդատուների սերտիֆիկացման ծրագիրը` CMC, ու այս պահին ունենք 14 որակավորված խորհրդատու և ևս հինգ թեկնածու: Այս որակավորումը հնարավորություն է տալիս համագործակցել 50-ից ավել երկրների խորհրդատուների հետ ու կազմակերպել առցանց մենթորինգ, վերապատրաստում ու գնահատում` կապելով մայրցամաքներն ու երկրները միմյանց: Միջազգային խորհրդի կողմից սահմանած մասնագիտական ստանդարտները, էթիկական նորմերն ու կարողությունների շրջանակները հաստատում են մեր խորհրդատուների բարձր մակարդակն ու միջազգային սերտիֆիկացման շնորհիվ ճանաչելի ստատուսը:

2021-ին Հայաստանին տրվել է հնարավորություն Երևանում հյուրընկալելու Խորհրդատվական Գլոբալ կոնֆերանսը, որի շրջանակներում նախատեսվում է միջազգային կոնֆերանս, տարեկան ժողով, մասնագիտական մրցանակաբաշխություն և համագործակցության լայն հնարավորություններ, որն ունենալու է համաշխարհային ընդգրկվածություն:

-Այսօր ամբողջ աշխարհն անհանգստացած է համավարակի ու դրա հետևանքների վերացումով, և հասկանալի է՝ որևէ բիզնեսի պարագայում երաշխավորությունները չափազանց ռիսկային ու անորոշ են: Այնուամենայնիվ, ո՞րն է ելքը, ի՞նչ ելքեր եք տեսնում Դուք:

-Բիզնեսի համար կարևորագույն կենտրոնը հաճախորդն է, ու այս օրերին առավելապես պետք է հոգատար լինել նրանց հանդեպ: Գնահատելով այս համավարակով պայմանավորված ճգնաժամը և տնտեսական մեծ վնասները, որ կրում են բիզնես ներկայացուցիչները, խորհրդատվական համայնքը մեծ աջակցություն է ներկայացնում բիզնես ներկայացուցիչներին, որպեսզի կարողանան հարստացնել իրենց գիտելիքները և ստանան անհատական խորհրդատվություն, որոնք իրականացվում են պրո բոնո սկզբունքով: Բիզնեսները հիմա առավել քան երբեք կարիք ունեն խորհրդատվական աջակցման, ինչն էլ հուշում է առաջիկայում խորհրդատվական ծառայությունների հանդեպ մեծ պահանջարկի մասին: Այս դեպքում խորհրդատվությունն էլ սկսում է հրաժարվել դասական գործիքակազմից ու հետևում է իրավիճակով թելադրված պահանջներին` դառնալով ավելի թվային, ավելի ճկուն ու հաճախորդամետ: Երկարաժամկետ պլանավորումն այս պահին ավելի քիչ իրատեսական է ու բիզնեսներին պետք է տեղափոխել իրավիճակային կառավարման ու կարճ քայլերի միջոցով փոքր հաղթանակների, ինչպես նաև նախապատրաստեն նրանց վերապրոֆիլավորման ըստ անհրաժեշտության: Ամենակարևորը խուճապի չմատնվելն է ու որքան հնարավոր է հանգստություն պահել, որովհետև այս փոթորիկը կանցնի ու որոշ ժամանակ անց կվերադառնանք դեպի «Նոր Նորմալ» ժամանակներ ու միայն մասնագիտական աջակցության ու ճկուն գործառնությունների միջոցով հնարավոր կլինի հաղթանակած դուրս գալ:

-Ընկերությունների կառավարումը նոր ժամանակներում ի՞նչ ուղղություն կստանա:

-Աշխարհում նկատելի են արագ փոփոխություններ ու տրասնֆորմացիաներ, որոնք պայմանավորված են գլոբալ թվայնացման, արհեստական բանականության ու էմոցիոնալ փոփոխուն կարգավիճակի հետ: Եթե դեռ երկու ամիս առաջ մեզ թվում էր, թե այս փոփոխությունները քայլ առ քայլ էին մոտենում  մեզ, ապա պանդեմիայով պայմանավորված ճգնաժամը ոչ միայն այդ տեմպը մի քանի անգամ արագացրեց, այլ ստիպեց լրիվ նոր իրականության հետ հաշվի նստել: Ներկա իրավիճակում գլոբլալ մակարդակում ավելացել են գործընթացների թվայնացման ուղղված ծրագրերը, որոնք փոխում ենք մեր ընթացիկ գործառնությունները ր դրանք մեծապես դարձնելով թվային: Այս թվայնացման գործընթացը մի կողմից արագացնելու է մի շարք գործառնություններ, նպաստելու է ծախսերի տնտեսմանը, բայց նաև հանգեցնելու է աշխատատեղերի կրճատման: Սա հուշում է, որ պետք է կենտրոնանալ կարողությունների զարգացման վրա, բացահայտել թաքնված կոմպետենցիաներ ու սկսել ակտիվորեն օգտագործել դեռևս չծախսված հմտությունները: