Բնության մի մասնիկը ինտերիերի աքսեսուարների բիզնեսում

‹‹Ես ապրում եմ Երկիր Մոլորակում: Խնամքով եմ վերաբերվում մեր մոլորակին՝ հնարավորինս խնայելով ռեսուրսները: Եթե ավելի հստակ՝ ամռանն ապրում եմ Դսեղում, իսկ մյուս եղանակներին՝ Երևանում:  Անվերջ հիանում եմ Թումանյանով ու Կոմիտասով…
Մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Մի քանի տարի ֆիզիկա եմ դասավանդել բուհում, հիմա տարված եմ սոցիալական մեդիա-մարքեթինգով: Սիրում եմ լուսանկարել››: Այսպես է սկսում Օրիգանում բրենդի պատմությունը Ֆլորա Վարդանյանը: Գաղտնիք չէ, որ տան ու սիրելի միջավայրի կարևոր բաղադրիչները ամենատարբեր աքսեսուարներն են՝ բարձերը, ծածկոցները, գորգերը իսկական յուրահատկություն են հաղորդում ցանկացած սենյակի, նաև անպայման տիրոջ ձեռագիրն են ընդգծում: Այս հարցում շատ հետաքրքիր ներդրում կարող է ունենալ Օրիգանումը՝ գործվածքներից տնային ինտերիերի իրեր է արտադրում՝ հավակնելով դառնալ նշանակալի բիզնես:

-Ինչպե՞ս առաջացած գործվածքները բրենդի վերածելու գաղափարը:

-Նախ բրենդի գաղափարն է ծնվել, ապա նոր գործվածքները։ Այսինքը՝ կար ինքնատիպ բան ստեղծելու գաղափար, այլ ոչ թե կար արտադրանք ու այն բրենդավորեցինք։
Օրիգանումը 2017 թվականին է «ծնվել»՝ իր մեջ խտացնելով գործվածքի մասին իմ գիտելիքները, լուսանկարչական պատկերացումներն ու բնության նկատմամբ սերը։

Բնական հարց է առաջանում, թե ի՞նչ կապ ունի բնությունը: Բացի ոգեշնչման մեծ աղբյուր հանդիսանալուց, բնությունը սովորեցնում է նաև գունային ակնահաճո համադրություն, բույրերի ներդաշնակություն։
Օրիգանումը խնկածաղկի լատիներեն անվանումն է։ Խնկածաղիկը մեր արոմա բարձերի գլխավոր բաղադրիչն է։ Դեկորատիվ արոմա բարձերի գաղափարն Օրիգանումինն է։

-Որտեղի՞ց են ծնվում գաղափարները:

-Բնության նկատմամբ սերը, խոտաբույսեր հավաքելու ու դրանք չորացնելու միտքը մի օր բերեցին արոմա-բարձ ունենալու գաղափարին: Շուկայում, իհարկե, արոմա փոքրիկ բարձիկներ կան, դրանք հիմնականում պահարանում են դնում, սպիտակեղենի կամ շորերի արանքում։ Կան նաև բարձիկներ, որ դեմքին են դնում յոգայից հետո՝ հանգիստը ներդաշնակ դարձնելու համար։ «Օրիգանումի» արոմա բարձը բնության բույրն է բազմոցին, գլխի տակ, գրկի մեջ:

Ստացվում է, որ մեր բարձերի հետ ողջ տարին կարելի է վայելել բնության բույրը:

-Փաստորեն նաև նշանակություն եք դնում Ձեր բիզնեսի հիմքում:

-Բարձերը դեկորատիվ են: Ներսում երկու բարձ կա, հիմնականը և արոման: Երեսը ձեռագործ է, ինչն իմ կարծիքով ավելի հարիր է բնականն իր մեջ ներառող բարձին։ Բարձի բուսական մասի հիմնական բաղադրիչը խնկածաղիկն է։ Մարդու հոտառության կենտրոնները գտնվում են ուղեղի կեղևի այն մասում, որը պատասխանատու է հույզերի համար։  Օրիգանումի բարձերով «հուզվելը» դրական է անդրադառնում առողջության վրա։
Գաղտնիք չէ, որ ճիշտ ընտրված բույրը կարող է ապաքինել, հանգստացնել նյարդերը, կարգավորել քունը։ Խնկածաղկի եթերայուղն օժտված է միջատասպան հատկությամբ, այն փեթակից վանում է ցեցերին և մրջյուններին: Եվ հենց այս հատկության շնորհիվ է նաև, որ մեր բարձերը պաշտպանված են «փչանալուց»:

Եթերային յուղերի օգնությամբ կարելի է ոչ միայն կարգավորել հույզերը, այլև ձերբազատվել սթրեսից, կենտրոնական նյարդային համակարգի լարվածությունից…

Ինքս փորձարկել եմ դաղձի բույրը… կարող եմ փաստել, որ ազատում է գլխացավից:

-Ընդհանրապես, Ձեր արտադրանքում հետևու՞մ եք նորաձևությանը, միջազգային թրենդներին, զարգացումներին…

-Նորաձևության թրենդներին իհարկե հետևում ենք, բայց աշխատում ենք յուրաքանչյուր պատվեր հարմարեցնել այն ինտերիերին, որտեղ այն հանգրվանելու է։ Առաջնորդվում ենք «բնականը միշտ նորաձև է» սկզբունքով:

-Բացի բարձերից ի՞նչ նմուշներ կան:

-Հատկապես կցանկանայի խոսել մանկական ծածկոցների մասին։ Մանկական ծածկոցները վերմակ գումարած ձեռագործ ծածկոց տարբերակով են հիմնականում, որոնք նախատեսված են տարվա բոլոր եղանակների համար։ Այդ երկուսն իրար են ամրանում կոճակներով և հարկ եղած դեպքում կարելի է արձակել ու օգտագործել առանձին-առանձին։

Շուկայում շատ են էժան, սինթետիկ ծածկոցները, որոնք հաճախ վտանգավոր են, քանի որ նավթանյութի վերամշակման արդյունք են։ Երեխային պիտի պարուրել բնականով։ Բնականը քրտնածուծ է, պաշտպանում է ոչ միայն ցրտից, այլ նաև շոգից։ Գնային քաղաքականությունը պիտի վերանայենք, որ համապատասխանի «Թանկից էժանը չկա» եզրույթին։ Դա առաջիկա անելիքներից է։
Ունենք նաև ծածկոցներ մեծահասկաների համար, կողովներ, փայտե պայուսակներ, ծաղկամաններ, գորգ դեկորներ ու գնդաթոռներ։

– Օն-լայն ոլորտում վաճառքները այսօր մեծ հնարավորություններ ունեն, ի՞նչ պլաններ ունի Ձեր բիզնեսը և կան արդյոք ռազմավարական ծրագիր, պլանավորում, քայլերի հաջորդականություն:

-Պլաններում մի քանի համապիտանի բան կա։
Ծննդատներին հետ ենք ուզում համագործակցել, նվիրել օրիգանում ութոտնուկներ՝ անհաս ծնված բալիկների համար։ (Կարծիք կա, որ ութոտնուկի ոտքերից «կառչելով» նրանք իրենց առավել ապահով են զգում, կարծելով որ դա պորտալարն է)։
Կազմակերպել առցանց անվճար դասեր այն  ապագա մայրերի համար, ովքեր ցանկություն ունեն իրենց ձեռքով ինչ որ բան գործել բալիկի համար, սակայն այնքան էլ գլուխ չեն հանում։

 – Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը, որը կհամարեք կայացած բիզնես, և ի՞նչ եք անում այդ ամենին հասնելու համար:

-Ասում են, որ հաջողության հասնելու համար պիտի «մեծ մտածել» ։ Մենք, առայժմ, փոքր-փոքր ենք մտածում, համոզված լինելով, որ ամեն մեծ՝ փոքրերի համախումբ է։ Ձնագունդն էլ մեծանում է՝ ներառելով բազում մանր, ինքնատիպ ու գեղեցիկ փաթիլներ։ Կարևորը փաթիլներն իրար գլխի ճիշտ հավաքելն է։ Մեծ հույս ունեմ, որ մեզ մոտ դա կստացվի։