Շարունակելու եմ ստեղծագործել՝ անկախ իրավիճակից

Հենց այսպես է արտահայտում իր դիրքորոշումը համավարակի հետևանքով առաջացած իրավիճակի նկատմամբ Gisaneh Jewelry-ի հիմնադիր Հեղնար Պետրոսյանը: Բնական դաշտային ծաղիկների, խեժի ու արծաթի համադրությունը արդեն տասը տարի է, ինչ Հեղնարի սիրելի աշխատանքն է ու բիզնեսը: Զարդերը վաճառվում են Թումանյան 33 հասցեում գտնվող Մեյդ խանութ սրահում: Իսկ առջևում՝ նոր շուկաներ են:

Մասագիտությամբ նկարիչ եք՝ բարձրագույն կրթությամբ: Ինչպե՞ս մուտք գործեցիք զարդերի աշխարհ: 

-Այո, մասնագիտությամբ նկարիչ–իլյուստրատոր եմ,  սովորել եմ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Ավարտելուց  հետո  մանկական գրքերի նկարազարդմամբ էի զբաղված, բայց այդքանը ինձ չէր բավարարում, ինչ որ բան պակասում էր, ես պիտի ստեղծեի մի բան որտեղ  կռեալիզացնեի գաղափարներս, այն կլիներ իմը, իմ մոտեցումների և արվեստի մասին: Երկար պրպտումներից հետո  2009 թվականին ստեղծեցի Gisaneh Jewelry ապրանքանիշը՝ զարդեր բնական ծաղիկներով, տերևներով, սերմերով: Նախ դա ինձ համար հաճույք էր, արդյունքը գոհացնում էր, իսկ շնորհիվ բազմաթիվ այն կանանց, որոնք հավանում և սիրով կրում են իմ զարդերը, Gisaneh Jewelry ապրանքանիշը դարձավ իմ մշտական ոգևորության աղբույրը, հիմնական աշխատանքը և բիզնեսը:

Ի՞նչն է ոգեշնչում՝ Բնությունը, թե կնոջն ավելի գեղեցիկ դարձնելու, ընդգծեու ցանկությունը:

-Արվեստագետի համար շատ տարբեր բաներ կարող են ոգեշնչման աղբյուր լինել: Իհարկե բնությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում  ինձ ոգեշնչող բաների ցուցակում: Ընդ որում, ես տարբերություն չեմ դնում. բնության ահազդու տարերքիներից մինչև ամենափոքր տարրը, ինչպես տերևն է, քարը կամ անձրևի կաթիլը, կարող են ստեղծագործելու առիթ դառնալ: Իհարկե, զարդը պետք է ավելի գեղեցկացնի կնոջը, ավելի շեշտադրի նրա բնական գեղեցկությունը, բայց ինձ համար նաև շատ կարևոր է հենց ինքնին կանացի կերպարը՝ իր ուժեղ և արարող բնույթով: Ուշադրությունիցս երբեք չեն վրիպում հետաքրքիր, իրենց միջավայրը կերտող կանայք, և  ինչու չէ, պատմության ընթացքը փոխող կանայք, որոնք իսկապես ոգեշնչում են: Ստեղծագործելիս փորձում եմ այնպես անել, որ իմ զարդերում մարմնավորեմ հենց այդպիսի կանանց հատկություններ:

Ու՞մ համար են Ձեր ստեղծագործությունները, ովքե՞ր են կրում այն (բնավորության ու խառնվածքի ինչպիսի՞ ընդհանրություններով մարդիկ):

-Հաճախ զարդերը ստեղծում եմ՝ մտքումս ունենալով ուժեղ և յուրահատուկ ներաշխարհ ունեցող կանանց: Եվ շատ հետաքրքիր է, որ հենց այդպիսի կանանց էլ հաճախ գրավում են իմ աշխատանքները: Ես անչափ գնահատում եմ գնորդներիս, ուրախ եմ, որ զարդերիս շնորհիվ առիթ եմ ունենում ճանաչելու այդ հրաշալի կանանց և աղջիկներին, որոնք իրենց աշխատասիրությամբ, ինքնուրույնությամբ և ինքնաբավությամբ,  ոգեշնչման աղբույր են դառնում արդեն նոր հավաքածուների համար: Իմ աշխատանքը նաև գրավում է բնություն և բնականը սիրող անձանց և նրանցից  յուրաքանչյուրը  յուրովի է կրում բնության այդ մասնիկներ:

-Արվեստի ու բիզնեսի եզրերը որքանո՞վ եք փորձում պահպանել:

-Գիտե՞ք, ինձ այս ոլորտ մղել, ուղղորդել է արվեստի հանդեպ սերը, արվեստով իմ մտքերը, զգացմունքները և գաղափարները փոխանցելու փափագը: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, և անհնար է դա հաշվի չառնել, սակայն ինչքան էլ փոխվեն արվեստի և բիզնեսի հարաբերությունները մեր երկրում կամ աշխարհում, ես չեմ մոռանում, թե ինչն է մղիչ ուժ եղել ինձ համար: Այսօր այնքան են օգտագործում  ինքնատիպ և չկրկնող բառերը հատկապես իմ ասպարեզում, որ ոչ միայն արժեզրկել են դրանց իմաստը, այլև դրանք չեն բնորոշում ապրանքանիշը:  Անգամ ամենափոքր դետալը մշակելիս ստեղծագործաբար եմ մոտենում յուրաքանչյուր զարդին  և   հուսամ, որ արվեստը  միշտ գերակշռում է, համենայն դեպս դա է նպատակս և ցանկությունս: Ինքնատիպությունը և անհատական մոտեցումը իմ զարդերի նկարագրությունը չեն, այլ սկզբունքային են ինձ համար, ոչ մի զարդ չի կրկնվում, հենց դա էլ ստիպում է կանանց պարբերաբար թարմացնել զարդատուփը, որովհետև իրարից շատ տարբեր են զարդերը: Մի գուցե հենց  դրանում է կայանում ապրանքանիշի հաջողությունը:

 -Gisaneհ Jewelery-ն բնականաբար բիզնես նախագիծ է: Հե՞շտ է մուտք գործել զարդերի ու աքսեսուարների ոլորտ՝ բիզնեսի ու մրցակցության տեսանկյունից:

-Չեմ վախենա, ասել այո, հեշտ էր, որովհետև տասը տարի առաջ, երբ  նոր էի սկսում, շուկայում այսքան բազմազանություն չկար, ձեռագործ աշխատանքը նոր-նոր էր սկսում էր զարգանալ, իսկ հեղինակները փորձարկումների և որոնումների մեջ էին,  բացակայում էր  մատուցման, ներկայացնելու և ներկայանալու մշակույթը: Այդ առումով ես որոշակի փորձ ունեի, քանի որ նախկինում աշխատել էի  դիզայն ստուդիայում և շատ լավ հասկանում էի՝  որակյալ արտադրանք տալը աշխատանքի կեսն է, ոչ  պակաս կարևոր է ճիշտ մատուցումը: Շատ օգնեցին ձեռք բերած գիտելիքները. տիրապետում էի տեխնիկական գործիքների՝ նկարների մշակում, լոգո, փաթեթավորում և այլ: Այսօր մեր շուկայում տիրող իրավիճակը այլ է: Ողջունելի և հաճելի է տեսել, որ այս տարիների ընթանցքում ստեղծվել են հայկական արտադրության բազմաթիվ հետաքրքիր, իրարից տարբեր բրենդներ: Սա իհարկե նախ շատ ուրախացնում է, և միևնույն ժամանակ մոտիվացնում  միշտ աճել և լինել մրցունակ:

Ի՞նչ հումք ու տեխնոլոգիաներ է կիրառվում Ձեր գործունեության համար:

-Ես արծաթի սիրահար եմ, մետաղական հիմքերը արծաթյա են, որոնք բացառապես ձեռքով են պատրաստվում: Հիմնական նյութը մեր ապրանքանիշը բնորոշող դաշտային չորացրած ծաղիկներն են, սերմերը և վերջում խեժի լուծույթը, որը ֆիքսում է կոմպոզիցիան և հավերժ պահում այն, ինչը այդքան սիրով և խնամքով համադրված է: Այնուամենայնիվ, երբեք ինձ չեմ սահմանափակել նյութի ընտության հարցում,  հատկապես, երբ երկար ժամանակ ես զբաղվում մի բանով, վտանգ կա ձանձրանալու կամ լճանալու: Նույն  բանը շարունակ անել չէի կարողանում, չէի էլ ցանկանում, ուստի միշտ փնտրում եմ նոր նյութեր, նոր լուծումներ: Օրինակ, վերջին տարիներին բնական քարեր եմ օգտագործում, և դա ոչ միայն նոր շունչ է հաղորդում զարդերին, այլև  անսահման հնարավորություններ է բացում հավաքածուների բազմազանությունը ապահովելու համար: Վերջին շարքը, որ ստեղծել եմ, անվանել եմ «Հովնաթանյան»՝ նվիրելով  Հակոբ Հովնաթանյան նկարչի աշխատանքներին: Այստեղ նկարել եմ վրձնով, օգտագործելով նույն արծաթը ու խեժը: Համադրել եմ նաև կիսաթանկարժեք քարերով(մարջան,մարգարիտ), որոնց ընտրությունը պատահական չէ, քանի որ այդ նույն քարերով զարդերը կրել են նաև Հովնաթանյանի դիմանկարների հերոսները:

-Ի՞նչ հեռանկարներ եք նախանշում Ձեր բիզնեսի համար և որո՞նք են ռազմավարական քայլերը:

-Ես ոչինչ չեմ պլանավորում, վերջերս որոշ միջոցառումներ էի ծրագրել, բայց բոլորս տեսանք՝ ինչ եղավ ու ես կրկին համոզվեցի, որ պլաններ գծելն անիմաստ է: Մի օր կարող ես արթնանալ և տեսնել, որ երկիրդ կարանտինի մեջ է, գծածդ ծրագրերը խափանված և թևաթափ լինել, բայց մեկ էլ մի օր բացում եմ համացանցը և տեսնում, որ  առաջին տիկինը մի կարևոր միջոցառման ժամանակ կրում է իմ պատրաստած զարդերից: Դա ինձ ոգևորում է, ևս մի անգամ վստահեցնում, որ իմ աշխատանքը գնահատված և սիրված է, անկախ ստեղծված իրավիճակից: Այնպես, որ ես ուղղակի  աշխատում եմ և կողքից հետևում  իրադարձությունների զարգացմանը:  Մի բան է ինձ համար ակնհայտ և վսհատությամբ կարող եմ միայն ասել, որ շարունակելու եմ ստեղծագործել:

Հեղինակային իրավունքը՝ Ինվեստ ամսագիր