Սկզբում 5 նմուշ, ապա՝ 50 հատ, հետո՝ 500. Keyan-ի զարգացումը

Իզաբելլա Քեյանը մասնագիտությամբ գեղանկարիչ-մանկավարժ է: Կրթություն ստանալուց հետո նա բազմաթիվ վերապատրաստում-վերաորակավորումներ է անցել՝ հմտանալով բիզնեսի կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման ուղղությամբ: Առանձնահատուկ կերպով նշում է վարպետության դասերին մասնակցությունները, որոնց ժամանակ ուսումնասիրել է շարֆերի դիզայն, ապա գլխազարդերի դիզայնի առանձնահատկությունները: Մինչ սեփական ազգանունը բրենդ դարձնելը Իզաբելլան հանգամանորեն ուսումնասիրել է շուկան՝ նպատակ ունենալով ներկայացնել այնպիսի արտադրանք ու նմուշներ, որոնք անմիջականորեն կազդեն այն կրողի տրամադրության վրա: Եվ 2015-ին սկսել է գործունեությունը:

Իզաբելլա, խնդրում ենք ներկայացնել Ձեր ապրանքանիշի պատմությունը: Ինչպես ստեղծվեց ու ի՞նչ ճանապարհ է անցել:

– ‹‹Բրենդ՝որը կստեղծի քո տրամադրությունը››. ահա իմ ապրանքանիշի խորհուրդը: Ինձ համար մոտիվացիա դարձավ իմ երազանքը, որը շատ շուտ փոխակերպվեց նպատակի և ի վերջո դարձավ բրենդ: Միշտ երազել էի ունենալ բրենդ , որի նմուշները մարդիկ սիրով կկրեն:  Շատ քչերը գիտեն,որ առաջին անգամ  Keyan ապրանքանիշը ստեղծել է կանացի փողկապներ, որից հետո քիչ-քիչ ընդլայնեցի գործունեությունս`ստեղծեցի կոսմետիկայի պայուսակներ, սկզբում 5 հետո 50, 500 հատ: Ուսումնասիրելով շուկան՝ հասկացա, որ պահանջարկ կա գեղեցիկ հարդապայուսակների:Կանայք հաճախ չգիտեն ուր դնեն այդքան շատ ու անհրաժեշտ հարդարվելու պարագանները,ես օգնեցի նրանց այդ հարցում: Ստեղծեցի մի ապրանքատեսակ Keyan#Femininity,  Keyan#stayTeen ողղվածությամբ, որի առաջարկը արեցի շուկային, պահանջարկի առկայությունը զգալի էր:

Առաջին էսքիզները ստեղծվում էին հաճախորդների հետ զրույցի ընթացքում, ինչը նշանակում է, որ դրանք անհատական են: Իհարկե, կան նաև արդեն պատրաստիները:

Keyan –ի գործունեությունը այսքանով չի սահմանափակվում, մենք կարում ենք նայև տարազներ փոքրիկների և մեծահասակների համար: Դա նույնպես լինում է ինդիվիդուալ, քանի որ նախշերը ամբողջովին լինում են նկարազարդ իսկ գլխազարդերը ձեռքի աշխատանք: Անցած տարվանից ունենք նաև կաշվե պայուսակներ, որոնք նույնպես ձեռքի աշխատանք են՝ կարված բնական կաշվից համադրված իտալական կտորի հետ: Շատ շուտով կլինեն նայև կաշվե աքսեսուարներ կանանց և տղամարդկանց համար: Տղամարդկանց համար ունենք ևս մեկ  նորույթ: Նախատեսված էր որ այս գարուն արդեն պատրաստ կլինեին, բայց պանդեմիան խանգարեց մեզ ևս: Նախաձեռնել ենք թեմատիկ #TShirt-ների  հավաքածու՝ տարբեր ոլորտներում աշխատող տղամարդկանց համար:

Ձեր գործունեությունը որքանո՞վ է հոբբի ու սիրելի զբաղմունք, ու որքանո՞վ՝ բիզնես:

-Ի սկզբանե իմ սիրելի զբաղմունքը այսօր դարձել է ինձ համար բիզնես, երևի թե այն երջանիկներից եմ, որ ընտրել եմ հոգուս հարազատ թե  մասնագիտություն, թե աշխատանք:

Արդեն բավական երկար ժամանակ է անցել շուրջ 5 տարի, ինչ այս գործունեությամբ եք զբաղված: Արդյոք արդարացել են հույսերն ու տեսլականը՝ գործը սկսելիս:

– Այս տարիների ընթացքում ինչ մտադրվել էի ստեղծել եմ, բայց տեսլականիս հասնելու համար դեռ բավական տեղ ունեմ: Ամեն տարվա սկզբին միշտ գծում եմ այն պլանավորումը ինչին պետք է հասնեմ տարվա վերջում, այս տարի մի փոքր հետ ընկանք ծրագրից, բայց ջանք չեմ խնայելու պահեմ ունեցածս և իրագործեմ պլանավորածս: Գիտեք հիմա ժամանակակից աշխահում, որտեղ կարծես թե ամեն ինչ ասված է պետք է լինես չափից ավել ինդիվիդուալ յուրահատուկ, թե՛  մտքով, թե՛ տեխնիկապես, լինես  կրեատիվ, համարձակ, որպեսզի ունենաս ոչ միայն քո հաճախորդին, այլ նաև քո արվեստը գնահատողին: Ամենաբարդը ինքնատիպություն պահելն  է, որպեսզի քեզ ճանաչեն հենց յուրահատկությանդ համար:

Ովքե՞ր են Ձեր գործընկերները:

-Բնատուր հայական կոսմետիկա արտադրող ընկերության հետ եմ համագործակցում, ստեղծում եմ կապսուլային կոսմետիկ պայուսակներ իրենց ապրանքանիշի համար;

Եվ համագոծակցում եմ Ամերիկայում` Fashion Inn բուտիկի հետ, որը հանդիսանում է Keyan ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը ԱՄՆ-ում։

Որտեղի՞ց եք ձեռք բերում հումքը:

-Գործվածքի հիմնական մասը իտալական և ֆրանսիական են: Իսկ կաշիները և տեղական են և արտասահմանյան:

Ովքե՞ր, ի՞նչ տիպի, նախասիրության ու բնույթի մարդիկ են Ձեր բրենդի գնորդները:

-Իմ գնորդները շատ տարբեր են թե մասնագիտությամբ, թե ներաշխարհով: Նրանք գունավոր, հետաքրքիր, ինքնատիպ և ինքնաբավ կանայք և աղջիկներ են, ովքեր չեն վախենում լինել ինդիվիդուալ: Keyan#Femininity, Keyan#stayTeen ուղղվածության աքսեսուարների տեսականին բավականին լայն է: Յորաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում: Հիմնականում իմ հաճախորդները վստահում են ինձ և ասում են՝ ստեղծիր մեզ համար եզակի աքսեսուար: Այդ եզակիությունն է որ գրավում է շատերին:

Ո՞րն է այն հիմնական շտրիխը կամ ձեռագրի մասնիկը, որով նպատակ ունեք որպես բրենդ ճանաչելի լինել:

-Եզակիությունը, ստեղծագործական մոտեցումը և պրոֆեսիոնալ բրենդի մատուցումը: Ես ստեղծում եմ յուրաքանչյուր հաճախորդիս համար մի առանձին արվեստի նմուշ, որը աշխարհում ունի հենց ինքը և դա արված է հենց հատուկ իր համար:

Որո՞նք են բրենդի առաջխաղացմանն ուղղված քայլերը լինելու ու ի՞նչ ծրագրեր կան:

-Ամբողջ աշխարհում տիրող պանդեմիան, իհարկե, շատ ազդեց մեզ վրա նույնպես, որովհետև մեր գնորդները ոչ միայն Հայաստանից են այլև Եվրոպայից, ԱՄՆ-ից, այդուհանդերձ այս ամբողջ ընթացքում ես հասցրել եմ շատ կարդալ և ուսումնասիրել, նոր հավաքածուններ անել, նոր էսքիզներ մտածել: Արդեն որոշակի պլանավորում կա ֆորսմաժորային վիճակից դուրս գալու համար: Անելիքները շատ  են՝ մենք դեռ մեր բրենդի գույնը  շատերին պետք է փոխանցենք:

Հեղինակային իրավունքը՝ Ինվեստ ամսագիր