Միջնակարգ կրթությամբ, բայց Սիլիկոնյան հովտում

23 ամյա Հակոբ Թումանյանը դեռևս 16 տարեկանից է սկսել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ընդունվելով բարձրագույն կրթական հաստատություն՝ այդպես էլ չի կարողացել դասերի հաճախել: Արդյունքում, տարիներ անց է միայն կարողանում հեռավար ուսուցմամբ լրացնել բարձրագույն կրթության բացը:

Իսկ ձեռնարկատիրության սկիզբը սննդի և սուրճի շարժական կետերն էին: Սննդամթերքի սպասարկման ոլորտում շուրջ 5 տարի գործելով՝ ընկերների՝ Դավիթ Զուևի և Սերգեյ Ռյախովսկու հետ ստեղծել է ավտոմատ ֆրեշհաուս-բար՝ YOLO անվամբ: Այնուհետև առաջացել է գաղափարը ստեղծելու YO!CUP ստարտափը:

Մեր գաղափարն է, ստեղծել ունիվերսալ և հետաքրքիր վենդինգ մեքենաներ որոնք կպատրաստեն և կսպասարկեն այն բոլոր ըմպելիքները, որոնք որ մենք ամեն օր օգտագործում ենք (ջուր, հյութ, սուրճ, թեյ և այլն) և ամենակարևորը դրանք կսպասարկվեն ոչ միայն միանգամյա օգտագործման բաժակներով այլ նաև ձեր իսկ բազմանգամյա օգտագործման թերմոս-բաժակներով։

YoCup-ը ունիվերսալ համակարգ է, որը բաղկացած է բաժակներ/թերմոսներ-ի ունիվերսալ լվացարաններից, որոնք տեղադրվելու են ինչպես YO!CUP բրենդային վենդինգ մեքենաների (որոնք պատրաստում են ցանկացած ըմպելիքներ որոնք որ մենք ամեն օր օգտագործում ենք), այնպես էլ արդեն գոյություն ունեցող սարքերի` Food Track-երի, շարժական սննդի կետերի և ցանկացած ըմպելիք մատակարարող կետերի հետ համակցված: Յուրաքանչյուր հաճախորդ ունի անձնական QR կոդ:

Ծրագրի շնորհիվ սքանավորելով QR կոդը` տրամադրվում է ոչ թե մեկանգամյա օգտագործվող բաժակը, այլ հենց տվյալ հաճախորդի սեփական օգտագործման թերմոս-բաժակը: YO!CUP լվացարանների միջոցով հնարավոր է լվանալ այն և դրա շնորհիվ կուտակել բոնուսներ:

Ծրագիրը ստեղծվել է Yo թիմի կողմից՝ Արտյոմ Դադունց, Կատյա Հովնանյան, Դանիել Թումանյան, Հակոբ Թումանյան:


ԻՆՎԵՍՏ-ի հետ զրույցում գաղափարի հեղինակը ընդգծեց այն փաստը, որ սարքի օգտագործման դեպքում բացառվում են պլաստիկ կամ մեկանգամյա օգտագործման բաժակները. «Այսօր 6,5 միլիոն ծառ է կտրվում՝ ստեղծելու 16 միլիարդ թղթե բաժակ, որը ԱՄՆ-ում սպառվում է ընդամենը 1 տարում, մյուս կողմից 70 տարում 9,6 միլիարդ տոննա պլաստիկի աղբ է արտադրվել, որից 6,3 մշակվել, արդյունքում 3,3 միլիարդ տոննա օվկիանոսն է լցվել»:

YO!CUP -ի կարգախոսն է  «there is no planet B», այլ մոլորակ չկա, այստեղ մեր թոռներն ու ծոռներն են ապրելու, և պետք է խնայենք մեր մոլորակը նրանց համար:

Իր իսկ օրինակով Հակոբը նշում է, թե ինչու են առավել շատ օգտագործում մեկանգամյա բաժակներ, քանի որ ոչ մի սուրճի մեքենա իր թերմոս բաժակը չի սպասարկում. «Մենք առաջարկում ենք QR կոդ փակցնել թերմոսին, գրանցել հավելվածում և վերջ: Ձեր թերմոս-բաժակը դնում եք, YO!CUP մեքենան Ձեզ ճանաչում է, անվանական բարևում, պատրաստում Ձեր ըմպելիքը, ապա խմելուց հետո կարող եք դնել, որպեսզի սարքը բաժակը լվանա և հետ վերադարձնի: Ինչու ես ինձ հետ միշտ չեմ վերցնում թերմոս, քանի որ ես հետո  պետք է լվանամ ու նաև միշտ չէ, որ հնարավորություն կա լվանալու»:

Անդրադառնալով գնային քաղաքականությանը Հակոբը նշում է, քանի որ թերմոսով եք խմում, մեկանգամ օգտագործման բաժակի գինը արժեքից դուրս է գալիս: Ավելին յուրաքանչյուր անգամ օգտվելով սարքից էկրանին ու Ձեր հավելվածում երևալու է, թե քանի պլաստիկ բաժակ խնայեցիք և չաղտոտեցիք բնությունը, քանի ծառ խնայեցիք, որը ևս հավելյալ մոտիվացիա է:

Գաղափարի հեղինակներն այս նախագծի ապագան առաջինը Հայաստանում են տեսնում, նշելով, որ Կառավարությունը ևս կողմ չէ պլաստիկի օգտագործմանը:

Մասնակցելով Սևան Ստարտափ Սամիթին՝ հրավեր ստացան Արաբական Էմիրություններից, որպեսզի Դուբայում առավել մանրամասն բանակցություններ վարեն. «Մենք խնդրեցինք ավելի ուշ գնալ, սարքավորման նախատիպի ստեղծման ամբողջական տարբերակը պատրաստ լինելուն պես, որպեսզի զրույցն առավել առարկայական լինի: Մեզ համար Արաբական Էմիրությունները լավ շուկա է, սակայն նախագիծը կգործարկենք Հայաստանում, որից հետո արդեն Հայաստանից կգնանք տարբեր երկրներ»:

Ի դեպ, Հակոբն իր գաղափարով հասցրեց համոզել Սիլիկոնյան հովտից Հայաստան ժամանած Դրեյփրի համալսարանի կազմին, և նա պետական աջակցությամբ կմեկնի սովորելու ԱՄՆ-ում. «Հնարավորություն ունեմ պետական աջակցությամբ սովորելու Սիլոկոնյան հովտի լավագույն Դրեյփերի համալսարանում: Սա հիասքանչ հնարավորություն է ու վստահ եմ, որ մեր հաջողության հասնելուն աջակցելու առաջին և մեծ քայլ արված է»:

Զրույցը Մանանա Հովակիմյանի