Ապագայի համացանց. նոր մոդելն՝ արդեն իրականություն

Բարձր տեխնոլոգիաներն աշխարհում զարգանում են մեծ արագությամբ, իսկ տեխնոդարում պետք է ոչ թե քայլել զարգացումներին համընթաց, այլ մի քանի քայլ առաջ:  Այսօր արդեն նախագծվել է ապագայի համացանցի նոր մոդելը, որի մասին զրուցել ենք RINArmenia նախագծի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանի հետ:

 

Ի՞նչ է բերելու Հայաստան «RINArmenia» նախագիծը. նոր տեխնոլոգիաների դինամիկա, թե՞

-RINArmenia-ի նպատակն է զարգացնել և կիրառության մեջ դնել RINA տեխնոլոգիան Հայաստանում և պատրաստել RINA-ի գծով ապագա մասնագետներին՝ Հայաստանը դարձնելով RINA-ի համաշխարհային փորձագիտական կենտրոն և ապա՝ առաջին երկիրը, որը կօգտագործի ապագայի համացանցի նոր մոդելը։ Այսպիսով, RINArmenia-ն ներկայացնում է ոչ միայն նոր տեխնոլոգիական դինամիկա, այլ նաև՝ կոնկրետ առաքելություն՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին առանձնահատուկ բնորոշում տալու, այդ նորարարության մասնագիտական փորձը զարգացնելու, առաջարկելու լուծում ներկա ինտերնետի խնդիրները լուծելու և ստեղծելու մրցակցային առավելություն նոր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ կա նոր ցանցերի պահանջ:

Նշում եք, որ RINA-ն ապագայի համացանցն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում, մի փոքր կմանրամասնեք:

-Recursive InterNetwork Architecture (RINA) Ռեկուրսիվ Համացանցի Ճարտարապետություն. ամբողջովին նոր, ավելի պարզ, անվտանգ և էապես ճկուն ցանցային ճարտարապետություն է, որը թույլ է տալիս լուծել ներկայիս համացանցի թերությունները հենց իր կառուցվածքով՝ առանց լրացուցիչ մեխանիզմների անհրաժեշտության: Այն ոչ միայն ավելի լավ լուծում է համացանցի ներկա խնդիրների համար, այլ նաև՝ անհրաժեշտություն ապագայի համար: RINA-ն չի ենթադրում կտրուկ փոխարինել մեր այսօրվա համացանցը, այլ քայլ առ քայլ բարելավել ցանցերը տարբեր ընկերությունների կարիքներին համապատասխան և ավելի երկարաժամկետ հեռանկարով այն գործարկել  ու տարածել հեռահաղորդակցության օպերատորների միջոցով:

Ովքե՞ր են նախագծել այս գաղափարն ու աշխատել «RINA»-ի իրականացման վրա:

RINA-ի հիմքում ընկած տեսությունն ի սկզբանե նկարագրվել է Ջոն Դեյի Patterns in Network Architecture։ A Return to Fundamentals գրքում 2008 թվականին։ Այն հետագայում զարգացվել է Պուզեն հանրության (Pouzin Society PSOC) կողմից տարբեր հետազոտական ծրագրերի միջոցով:  Մեր ծրագրի մեկնարկն անմիջապես պայմանավորված էր 2019թ․ փետրվարին Փարիզում՝ RINA-ի միջազգային համաժողովին մասնակցությամբ, Պուզեն համայնքում ներգրավված փորձագետ-ինժեներների հետ ծանոթությամբ և համագործակցության մեկնարկով։ Այսպես, մենք հնարավորություն ունենք հիմնվելու մոտ տասնամյա նախկին փորձի վրա՝ կատարելու մեկ քայլ առաջ և ապահովելու այս նորարարության պրակտիկ զարգացումն ու տարածումը Հայաստանից:

Ինչո՞վ է տարբերվելու RINA-ն տեխնիակական իր լուծումներով առկա ինտերնետ շուկայից:

-Այսօրվա ինտերնետի շուկայի առաջարկած լուծումները միևնույն է հիմնվում են գործող ճարտարապետության վրա՝ լուծելով խնդիրները մասնակիորեն, կամ առաջացնելով նորերը, մինչդեռ RINA-ն փոխում է ցանցերի հիմքը, տալով համակարգային լուծում, որն առավել ամուր գիտական հիմք ունի, ցանցերի աշխատանքը դարձնում է առավել արտադրողական միաժամանակ լուծելով արագության, անվտանգության, ճկունության, էներգախնայողության և այլ խնդիրներ, ոչ թե լուծելով դրանցից որևէ մեկը և անտեսելով մնացածը:

Որո՞նք են հեռահաղորդակցման գործընթացի հիմնարար սկզբունքները և որոնք են TCP / IP, RINA- ի հիմքում ընկած մեխանիզմները:

Համակարգչային ցանցերի՝ TCP / IP -ի սաղմնային փուլում դեռևս գաղափար չի եղել հիմնարար սկզբունքների մասին, և դա հադիսացել է ինտերնետի թերի լինելու պատճառներից մեկը։ RINA-ն հիմնվում է տարիների ընթացքում կուտակած փորձի և գիտական ճիշտ մեթոդաբանության վրա, թե ինչպես պետք է աշխատի ցանցը՝ որպես երկու պրոցեսների փոխհաղորդակցություն։ TCP/IP – ի դեպքում բավական բարդ է խոսել մեխանիզմների մասին, քանի որ չկա միավորող տեսություն:

Ո՞րն էր RINA-ն Հայաստանում զարգացնելու և ներդնելու գաղափարախոսությունը և տեսլականը:

Լինելով փոքր, բայց տեխնոլոգիական ոլորտում աճող պոտենցյալով երկիր՝ Հայաստանը կատարյալ միջավայր է նորարարությունները թեստավորելու և գործածության մեջ դնելու համար։ Հայաստանի գրավչությունը, այո, արտացոլվում է նաև տեխնոլոգիական ոլորտում գիտելիքի ու փորձի բարձր մակարդակով, ինչպես նաև իր տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցակցային առաջարկով։ Ավելին, քանի որ մենք կառուցում ենք RINA knowledge hub / RINA գիտական կենտրոն, նպատակ ունենալով ներգրավել արտասահմանյան ներկայացուցիչներին՝ ներդնելու իրենց հմտություններն ու գիտելիքը RINA-ի միջազգային շուկայում ապագա գործարկման համար, Հայաստանը կատարելապես է տեղակայված այդպիսի գործունեության համար։ Լինելով Արևելքի և Արևմուտքի միջև՝ Հայաստանը միանշանակ ունի այդ ներուժը՝ արտահանելու իր ծառայություններն ու գիտելիքը համաշխարհային շուկաներում:

-Որո՞նք են ցանցային ճարտարապետության արդի թերությունները:

-Ինտերնետային ցանցի գործունեությունը հիմնված է TCP (Transmission Control Protocol) և IP (Internet Protocol) պրոտոկոլների վրա, որոնք չեն փոխվել 1970-ականներին իրենց զարգացման և 1980- ականներից դրանց օգտագործման պահից ի վեր։ Ներկայիս համացանցը, արդեն մոտ 50 տարեկան տեխնոլոգիա լինելով, ունի հիմնարար թերություններ հատկապես իր կառուցվածքում, հասցեագրման և անվտանգություն հարցերում։ Համացանցն օգտագործողների թիվն այսօր գերազանցում է 4 միլիարդը, իսկ միացված սարքերի թիվը՝ 18 միլիարդը։ Իր ստեղծման ժամանակ համացանցը նախագծված չէր ո՛չ այսօրվա կիրառման ծավալները, և ո՛չ էլ նոր զարգացող այնպիսի տեխնոլոգիաներն ապահովելու համար, ինչպիսիք են IoT, Blokchain կամ 5G:

-Այսօր ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, ո՞ր փուլում եք. դեռ ներդրումներ են կատարվում ծրագիրը կյանքի կոչելու համար, թե՞ արդեն այն ենթակա է գործարկման:

-RINA-ն նորարարություն է, որը պահանջում է նոր փորձառություն ու գիտելիք։ Ինչպես նշեցի, RINArmenia-ի ծրագիրը ներգրավում է կրթական բաղադրիչ, որի նպատակն է տեղեկացնել, կրթել և պատրաստել ապագա մասնագետներին այս նորարարական տեխնոլոգիայի՝ RINA-ի ոլորտում՝ հետագայում RINA-ի զարգացման գործընթացին նրանց ներգրավելու համար։ Այդ նպատակով արդեն դասընթացներ ենք կազմակերպել Ֆրանսիական համալսարանում, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում ու Պոլիտեխնիկական Համալսարանում։ Նման համագործակցություններն ընդլայնելով Հայաստանում ՏՏ կրթությունն ապահովող կենտրոնների հետ՝ մեր նպատակն է զուգահեռ ստեղծել հետազոտական լաբորատորիաներ ՝ կրթական պրոցեսի ավարտին ուսանողների մասնակցությամբ RINA-ի զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացման համար, ինչպես օրինակ RINA-ի զարգացումը IoT, 5G, կիբեռանվտանգության և այլ ոլորտներում:

Համագործակցություն ունենք Գիտությունների ակադեմիայի, Illuria Security- ի հետ, որի հետ նպատակ ունենք ցույց տալ RINA-ի օգուտները կոնկրետ գործող օրինակի միջոցով: Այժմ աշխատում ենք Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ու Ինժեներական Քաղաքի հետ համատեղ ծրագրերի մշակման և մեր գործունեությունն ընդլայնելու համար նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ:

-Ինտերնետի բացերն անվտանգության հետ կապված միշտ եղել է և կարևորագույն խնդիրներից է թե՛  պետությունների, թե՛ մարդկանց համար: Նոր տեխնոլոգիաներին բավարարելու համար արդյոք «RINA»-ն  առաջարկելու է նոր մեխանիզմներ և ինչո՞վ է առաջնորդվելու:

-Ցանցի անվտանգության ապահովումը RINA-ի հիմնական խոստումներից է: Նշենք, որ ինտերնետն իսկզբանե ստեղծված չէր հաշվի առնելով անվտանգության հարցը, բայց անվտանգության մեխանիզմները ժամանակի ընթացքում ավելացվեցին որպես լրացուցիչ մեխանիզմներ կամ պրոտոկոլներ, չնայած որ մինչ այսօր դեռ միշտ առկա խնդիրներ կան։ Իսկ RINA-ն ավտանգության հիմնական խնդիրները լուծում է հենց իր ճարտարապետությունով (օրինակ՝ DDoS, Man in the Middle և այլն)՝ իր կառուցվածքում ճիշտ ձևով անվտանգության պահանջվող մեխանիզմներն արդեն իսկ ներգրաված ունենալով:

-«RINArmenia» (Recursive Inter Network Architecture) նախագծի կյանքի կոչումը միտված է Հայաստանը դարձնել ապագայի ինտերնետի կենտրոն:

-Այո՛, միանշանակ:

-Այսպիսով, «RINA»-ն  կլինի ինտերնետի մրցակի՞ց, թե կփոխարինի:

-RINA-ն, լինելով այսօրվա ինտերնետից տարբերվող, նոր մոտեցում ցանցերին, այնուամենայնիվ կարող է գործել գոյություն ունեցող ինտերնետի շրջանականերում, լուծելով կոնկրետ ոլորտների խնդիրներ, այսինքն, առաջին հերթին դա նշանակում է համացանցի բարելավում, ապա ապացուցելով իր առավելությունները և ավելի ու ավելի լայնացնելով կիրառության շրջանակները աստիճանաբար տանել դրա փոխարինման:

Հեղինակ՝ Մանանա Հովակիմյան