«Հարթեցնելով» անկման կորը. Համակարգված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններն ընդդեմ COVID-19-ի հետևանքների

Նարեկ Կարապետյան
ՏՊՏՀ ասպիրանտ

Ի՞նչ է լինում, երբ տնտեսությունը կանգ է առնում մի քանի շաբաթով կամ ամսով՝ առողջապահական կամ, թեկուզ, մեկ այլ պատճառով։ Տնտեսությունը կանգնեցնելն ամենևին էլ նման չէ էլեկտրական լամպ անջատելուն: Դա ավելի շատ նման է միջուկային ռեակտոր անջատելուն. կա՛մ դա կանես աստիճանաբար ու զգուշորեն, կա՛մ էլ ռեակտորը կհալչի։
Ջոն Հ. Քոքրեյն

Հանրային քաղաքականության պատասխանատուներն այժմ երկու խնդիր ունեն. նախ՝ «հարթեցնել համավարակի կորը», ապա դրա հետևանքով առաջացած «տնտեսական անկման կորը»։ Կտրուկ անկման սցենարից խուսափելու համար մակրոտնտեսական քաղաքականություն մշակողներն ակտիվորեն գործի են դնում հարկաբյուջետային, դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների գործիքակազմեր։ Այս գործիքներն ամենազանգվածային և լայն կերպով կիրառվում են ԱՄՆում, իսկ զարգացող երկրները, որոնց համար տնտեսական անկման ռիսկերը նույնիսկ ավելի սուր են, արձագանքման ավելի համեստ հնարավորությունների պայմաններում պետք է ձգտեն առավելագույն թիրախավորվածության և արդյունավետության։

 Ինչպե՞ս է բնորոշվում այսօրվա առողջապահական քաղաքականությունը. սոցիալական հեռավորության սահմանմամբ, մարդկանց ֆիզիկական շփումների սահմանափակմամբ փորձ է արվում թույլ չտալու համավարակի կտրուկ տարածումը, որպեսզի չգերազանցվի առողջապահական հնարավորությունների «սահմանագիծը»։

Այլ կերպ ասած, «հարթեցվում է համավարակի կորը»։ Նույն կերպ` տնտեսական քաղաքականության պատասխանատուները պետք է «հարթեցնեն» անխուսափելի տնտեսական անկման կորը, որպեսզի ամբողջական առաջարկի շոկը տևական կերպով «չվարակի» ամբողջական պահանջարկը և ֆինանսական հատվածը՝ սրելով տնտեսական անկման ամպլիտուդը։

Տնտեսական համակարգը տարբեր սուբյեկտների փոխկապվածությունների բարդ ցանց է, որն առողջ է, երբ գործում են բոլոր տարրերը։ Սակայն, այժմ այդ սուբյեկտների մի մասը հարկադիր պարապուրդի մեջ է, իսկ մյուս մասը շարունակում է արտադրել ու ծառայություններ մատուցել, ինչպես նաև վարկերի համար հաշվարկվում են տոկոսներ, և ֆինանսական միջնորդները կատարում են ներգրավված միջոցների պարբերական վճարումներ։ Առաջացող այս խզումները հենց «տնտեսական վարակման» աղբյուրն են։

Տնտեսական «վարակի» շղթայի առաջին օղակը ֆինանսական միջնորդներն են, որոնց առջև կարող են ծառանալ իրացվելիության խնդիրներ: Մյուս օղակը սպառումն ու ներդրումներն են։ Եվ այս իրավիճակը կարող է խեղաթյուրել տնտեսական վարքագիծն ավելի երկար ժամանակով, քան համավարակն է։ Այս ռիսկերի ներքո՝ տնտեսագետներն արդեն ահազանգում են համաշխարհային տնտեսության համար ուրվագծվող «V»-աձև, «U»-աձև, «L»-աձև,«I»-աձև այլընտրանքային սցենարներից վերջին երկուսի իրականացման հավանականության մեծացման մասին:

Սրանցից առաջինն արագ վերականգնումն է. ենթադրվում է, որ առողջապահական ճգնաժամից հետո տնտեսավարողներն անմիջապես կանցնեն իրենց գործունեությանը, և տնտեսությունը կվերադառնա իր բնականոն միտումին (թրեն- դին)։ Երկրորդն ավելի դանդաղ վերականգ նումն է, երրորդը՝ անկումը (դեպրեսիան)։ Սակայն, ամենավտանգավորը «I»-ն է, «տնտեսական վարակի» արատավոր շրջանը, որի դեպքում նախ` անընդհատ կերպով զսպվում է ամբողջական պահանջարկը, ապա ֆինանսական հատվածի իրացվելիության կարճաժամկետ խնդիրները վեր- աճում են վճարունակության խնդրի։ Հաջորդ պարբերաշրջանում ազդակը հետ է փոխանցվում տնտեսության իրական հատված և խթանում փլուզման անկառավարելի գործընթացը:

Զարգացած երկրները, այս առումով, ամենամեծ ռիսկերն են կրում, քանի որ այստեղ տնտեսության իրական և ֆինանսական հատվածները միահյուսված են՝ առանձին-առանձին գրեթե չունենալով «անվտանգության բարձիկներ»։ Փոխարենը՝ այս երկրներն ունեն այդ ռիսկերը մեղմելու գործիքակազմ: Ֆինանսական ինստիտուտներն այստեղ «պաշտպանված են» կենտրոնական բանկերի կողմից, որոնք անսահմանափակ երկարաժամկետ իրացվելիություն են խոստանում ֆինանսական հատվածին։ Իսկ ֆինանսական հատվածը կարող է այդ իրացվելությունն օգտագործել հենց կառավարությանը վարկավորելու համար, որն էլ, իր հերթին, պետական ծախսերով կխթանի ամբողջական պահանջարկը։

Իրավիճակն այլ է զարգացող երկրների դեպքում, քանի որ այստեղ վերը նկարագրված ռիսկերին գումարվում է ևս մեկը։ Ներդրողները շաբաթների ընթացքում այս երկրներից արդեն դուրս են բերել աննախադեպ ծավալով՝ 83 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալ։ Այս պարագայում, վճարային հաշվեկշռի խնդիրներն անխուսափելի են։ Միաժամանակ, զարգացող երկրներն իրենց չեն կարող թույլ տալ օգտագործել նույն գործիքակազմը, ինչ զարգացածները: Խոսքը, մասնավորապես, երկարաժամկետ իրացվելիության ահռելի ներարկումների մասին է դեպի ֆինանսական համակարգ։ Ի տարբերություն զարգացած երկրների, զարգացողները չեն կարող նաև խոշոր ծավալի փոխառություններ վերցնել ներքին պարտքի շուկայից, քանի որ այդպիսով կկրճատվի ֆինանսական համակարգի իրացվելիությունը, մինչդեռ կենտրոնական բանկերն այստեղ չափազանց սահմանափակ հնարավորություն ունեն երկարաժամկետ իրացվելիության վրա ազդեցության տեսակետից և, որպես կանոն, միջամտում են կարճաժամկետ գործիքներով։

Չնայած այս սահմանափակումներին՝ զարգացող երկրները պետք է հակազդեն տնտեսական անկմանը, քանի որ «I»-աձև անկման ռիսկերը կարող են նյութականանալ։ Այս ծուղակից դուրս գալու համար կարևորվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերը, որոնց վարկավորման հնարավորություններից պետք է օգտվեն զարգացող երկրները։

Այդ տեսակետից, շեշտադրվում է տնտեսական խթանման       միջոցառումների հասցեականությունն ու արդյունավետությունը, և այդ խթանները չեն կարող լինել համընդհանուր ու զանգվածային, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ում է։ Տնտեսական միջոցառումների համեմատական պատկերը տարբեր երկրներում բերված է աղյուսակ 1-ում։ Աղյուսակից ակնհայտ է դառնում, որ տնտեսական խթաններն ամենազանգ- վածային և համատարած բնույթ են կրում ԱՄՆ-ում՝ ՀՆԱ 10%-ի չափով, որոնցից, գործնականում, պետք է օգտվի յուրաքանչյուր քաղաքացի։ Համաձայն ԱՄՀ կայքում առկա տեղեկատվության7՝ ՀՆԱ-ում նախանշված ծավալների կշռով հարկաբյուջետային փաթեթն ավելի մեծ է միայն Քաթարում՝ կազմելով 13%։ Զարգացող երկրներին ավելի բնորոշ է ՀՆԱ մինչև 2-3 տոկոս գնահատվող միջամտությունը, որն ավելի թիրախավորված է դեպի ամենաշատ տուժած ոլորտներ և ընկերություններ, և ավելի համեստ՝ դրամավարկային և մակրոպրուդենցիալ միջամտության «ճակատում»։

Հայաստանի աջակցության փաթեթն ուսումնասիրված երկրների շարքում ամենաշատ նմանություններ ունի Էստոնիայի փաթեթին: Այնտեղ ևս հիմնական շեշտը դրվում է վարկավորմամբ տնտեսություն իրացվելիության ներարկման և զարգացման ծրագրերի առաջնահերթության վրա, սակայն, հարաբերական չափով մի քանի անգամ գերազանցում է ՀՀ կառավարության նախանշած ծավալը՝ ՀՆԱ 7%-ը՝ 2%-ի համեմատ։ Միաժամանակ, Էստոնիան եվրագոտու անդամ է, և երկրի ֆինանսական համակարգը, ամենայն հավանականությամբ, կօգտվի Եվրոպական կենտրոնական բանկի  դրամավարկային և մակրոպրուդենցիալ խթանման գործիքներից։

Վերջին հարցում ՀՀ կենտրոնական բանկը դեռ չի կիրառել հնարավոր մակրոպրուդենցիալ և դրամավարկային գործիքներ։ Անշուշտ, դրա հիմնական պատճառն այժմ բանկային համակարգում առկա բարձր իրացվելիությունն է և, թերևս, արժութային շուկայում լրացուցիչ լարում չառաջացնելու մտահոգությունը։ Այդուհանդերձ, կառավարության հայտարարած գործիքների արդյունավետ աշխատանքը բանկային համակարգի բարձր ներգրավվածություն է պահանջում, հետևաբար՝ կարճաժամկետ իրացվելիության տրամադրումն ու պահուստավորման նորմատիվը կարևոր տեղ ունեն ամբողջ գործիքակազմի «զինանոցում»։

Ուշագրավ է, որ Էստոնիայում քննարկում են նաև կուտակային կենսաթոշակային համակարգի հատկացումները ժամանակավորապես սառեցնելու հարցը, որն արդիական է նաև Հայաստանի համար, քանի որ այդպիսի գործիքի կիրառումը նախ՝ որոշակիորեն կթուլացնի բյուջետային համակարգի վրա առկա ճնշումը (հաշվի առնելով, որ մուծումների մեծ մասը պետական բյուջեից է իրականացվում), ապա կօժանդակի մասնավոր սպառմանն ու ներդրումներին։

Հայաստանն առայժմ չի օգտագործում այնպիսի հարկային գործիքներ, որոնք այժմ ամենալայնորեն կիրառվողներից են։ Աշխարհում ակտիվորեն կիրառվում է նաև վարկերի դիմաց պետական երաշխիքի գործիքը։ Սակայն, գործիքների ընտրությունը պետք է հավասարակշռվի նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հարկաբյուջետային կայունության նպատակի ապահովման հետ, իսկ վերջինիս տեսակետից վարկավորումն ամենանպաստավորն է, քանի որ, այլ հավասար պայմաններում, կառավարության պարտքի զուտ դիրքն անփոփոխ է մնում։ Այդ առումով, թերևս, առավել նախընտրելի է ընդլայնել բյուջետային վարկավորման եղանակով տնտեսություն իրացվելիության ներարկման ծավալները կամ կիրառել պետական երաշխիքի գործիքը, քան դիմել հարկային արտոնությունների։ Դրանց օգտագործման դեպքում էլ կարևորվում են խիստ թիրախավորվածությունը և տարբեր գործիքներից միաժամանակ օգտվելու հնարավորության բացառումը։

Ամբերդ հետազոտական կենտրոն