Արվեստը պատին, կամ ժամանակակից ինտերիերի նորագույն թրենդը

Շուշան Վարդանյանը շատերին հայտնի է իր յուրօրինակ լուսանկարներով: Նրա հաջողակ պորտֆոլիոները անմոռանալի հիշողություններ են արթնացնում, իսկ յուրօրինակ աչքը տարիներ շարունակ անմահացրել է մեր երկրի լավագույն բիզնես-գործունեություն ծավալող կազմակերպությունների՝ ապահովելով վերջիններիս ճանաչումն ու կայացումը: Հատկապես փոքրիկների դեպքում նա չափազանց գունագեղ լուսանկարներ է տանում, որոնք կարողանում են փոխանցել մանկության իրական հրաշքը: Տարիներ շարունակ լուսանկարչությունը ոչ միայն սիրելի զբաղմունք է, այլ վերածվել է կայուն զարգացող բիզնես-նախագծի:

Այսօր զրուցելու ենք Shushan Vardanyan Art նախագծի մասին՝ արվեստը պատի վրա: Սա հնարավորություն է յուրօրինակություն հաղորդել կեցավայրի, գրասենյակի ու բիզնես նշանակության կառույցի մթնոլորտին՝ դարձնելով այն ոչ միայն նորաձև ու թրենդային, այլև եզակի: Ամբողջ աշխարհում պատերին արվող գեղանկարներ իրենց թույլ են տալիս նրբաճաշակ մարդիկ, ինչպես նաև զարգացող կազմակերպությունները:

– Շուշա՛ն, որոշակի ընդմիջումից հետո Ձեզ տեսնում ենք բավական թրենդային գործունեության մեջ: Ի՞նչ ուղղություն է Ձեզ համար պատերին նկարելու արվեստը ու որքանով այն կարող ենք համարել որմնանկարչություն՝ դասական իմաստով:
-Այո՛, որոշակի ընմիջումից հետո նոր խոսք,նոր ասելիք…Այդ ընդմիջումը հարաբերական է, քանի որ այդ ընթացքում ստեղծվում էին ամբողջովին արվեստ պարունակող լուսանկարներ, որոնցից մի քանիսը հետագայում այս ուղղությանը նոր շունչ կտան։ Որմնանկարչությունը դասական իմաստով պատերի և այլ մակերեսների վրա զարդապատկերներ ստեղծելու արվեստ է։ Այն գեղանկարչության մի ճյուղ է։ Իսկ գեղանկարչությունն իր հերթին ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք։ Պատերին նկարելու արվետը, այո՛, որմնանկարչութուն է, սակայն այն ուղղությունը, ինչով զբաղվում եմ ես, պարզապես պետք է համարել որմնանկարչության մի ճյուղ, որը կրում է մի փոքր դեկորատիվ բնույթ։

-Որո՞նք են այսօր ամբողջ աշխարհում ինտերիերում ու էքստերիերում որմնանկարչության հիմնական տենդենցները: Սա ժամանակ առ ժամանակ երևացող միտում է կարծեք թե, որ իրենց թույլ տալ կարող են ճոխ ու դիզայներական շինությունների տերերը:
-Ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ երբեմն չես հասցնում վազել այդ ամենի հետևից…Ինձ համար մոդայիկ է այն, ինչի մեջ և որտեղ դու քեզ լավ ես զգում, այն, ինչը քեզ համար ու քո դիտարկմամբ ասելիք ունի։ Ասեմ, որ, որքան էլ տարօրինակ հնչի, ասելիք կարող է ունենալ նոյնիսկ պատին արված մի փոքր շտրիխը, որը դիմացինի աչքերով կարող է դիտվել որպես՝ ‹‹իբր ի՞նչ›› ընկալման դրսևորում, իսկ քեզ համար (թեկուզ ոմանց համար անհասկանալի թվացող) արվեստ։ Ինչ վերաբերում է այս ուղղությանը, հիշում եմ տատիկիս, պապիկիս տան պատերին արված նկարները, որն այնուհետև դուրս եկավ մոդայից, հիմա այդ ամենը նոր շունչ է առել իհարկե ավելի նորարար և տարբերվող դրսևորումներով։ Դա մի արվեստ է, որը դարձնում է տարածքը մաքսիմալ տարբերվող և ուրիշ: Այո’, այսօր ամբողջ աշխարհն օգտագործում է մաքսիմալ նորարարականն ու զարմացնողը, իսկ այս ճյուղը մի մոտեցում է, որտեղ կարելի է լինել ծայրահեղ կրեատիվ, տարբերվող և ինքնատիպ, չէ՞ որ դա լինում է քոնը և միակը։

-Ի՞նչ կարող է փոխանցել որմնանկարը տարածքի այցելուներին կամ սեփականատիրոջը՝ բարի միջավայր, արվեստի անմիջական շփում, թե պարզապես նոր միտումներին հետևելու հնարավորություն:
-Այդ բոլորը միասին: Երբ առաջին անգամ նկարազարդ պատեր տեսա դեռևս 2004 թվականին Ամերիկայում, զգացի այն ամենն, ինչ այժմ թվարկեցիք. կարելի էր ժամերով նստել սրճարանում ու չձանձրանալ։ Այն ժամանակ դեռ պատերին չէի նկարում, սակայն, հիշում եմ, այնքան մեծ էր ցանկությունս գալ Հայաստան ու տեսնել նմանատիպ սրճարաններ, կամ ինչու՞ ոչ, ստեղծել այդպիսիք։ Այսօր արդեն ուրախացնում է այն փաստը, որ ամեն ինչ այլ գույներով է և ավելի մոտ արվեստին:

-Խոսելով բիզնես-տարածքների վերանորոգման միտումների մասին կարող ենք ասել, որ այսօր աշխարհում օգտագործվում է մաքսիմալ նորարարականն ու զարմացնողը, ի՞նչ կարող է որմնանկարչությունը հաղորդել բիզնես-տարածքին:
-Պատերին նկարելու արվեստը կարող է դառնալ բիզնես տարածքի ոգին, շունչը… Ճիշտ ընտրված նկարը տարածքը դարձնում է ամբողջական և ընդգծում առավելությունները։

-Ի՞նչ նյութեր ու թեմատիկա եք հիմնականում նախընտրում:
-Ցանկացած: Չնայած արյունոտ տեսարաններ պարունակող նկարներ դեռ չեմ նկարել, հուսամ՝ այդպիսիք չեն լինի։ Իսկ առհասարակ, սիրում եմ լուսավոր ու կյանք պարունակող նկարներ։ Աշխատում եմ ցանկացած տիպի նյութով, շատ սիրում եմ յուղաներկը։

-Հիմնականում Ձեր նախասիրություններն եք հաշվի առնում, թե բուն նկարելու պրոցեսին նախորդում է սեփականատերերի հետ զրույցները, նախասիրությունների ճշտումը, նպատակահարմարությունը…
-Բուն նկարելու պրոցեսին նախորդում է սեփականատիրոջ հետ զրույցը, տարածքի դիտումը, երկկողմանի առաջարկների քննարկումը… Բնականաբար իմ նախասիրությունները մեծ դեր ունեն, քանի որ շատ հաճախ առաջարկողի դերում եմ հանդես գալիս։ Հաճախորդի հետ քննարկվում է ցանկացած մանրուք, քանի որ որևէ չքննարկված բան, որը կարող է նրան հետագայում դուր չգալ, կարող է ստեղծել տհաճ իրավիճակներ, նույնիսկ նոր վերանորոգում։

Կարո՞ղ ենք առանձնացնել՝ որմնանկար ունեցող ու նախընտրող մարդիկ ինչպիսին կարող են լինել՝ կրեատիվ, առաջադեմ, ժամանակակից, հետաքրքրասեր… ի՞նչ ընդհանրություններ եք նկատում:
-Դե հիմնականում իրենց մեջ շատ արվեստ ունեցող մարդիկ, ասեմ որ նրանց հետ հեշտ է աշխատելը, նրանք երևույթները շատ տարբեր տեսանկյուններից են տեսնում՝ տարբերվող ու բոլորովին ուրիշ։  Իհարկե, լինում են մարդիկ, ովքեր պարզապես նորաոճի նման դրսևորման հետևից են գնում՝ շատ հեռու լինելով այս ամենից։

Ի՞նչ պլաններ կան այս ուղղությունը զարգացնելու առումով, ի՞նչ քայլեր եք նախատեսում անել:
-Պլանները շատ են, գլխումս շատ բան է պտտվում,դրանք հերթով կիրականացնեմ, որի վառ ականատեսը կլինեք, քանի որ պարբերաբար տարբեր հղումներով կներկայացնեմ ցանկացած զարգացում։ Մի փոքր այս ուղղությունից շեղվելով ասեմ, որ շուտով կտեսնեք իմ արվեստը մեկ այլ դրսևորմամբ, չեմ ուզում փակագծերը բացել, պարզապես հետևեք էջերին, որոշ ժամանակ հետո նաև կայքին։

 -Իսկ լուսանկարչությու՞նը…
-Իմ գործունեության բնագավառներն իրար չեն խանգարում, ավելին ասեմ՝ լրացնում են։ Բնականաբար, լուսանկարչությունը կա և զարգանում է։

Հեղինակային իրավունքը՝ Ինվեստ ամսագիր