Գեղեցիկ ու մրցակցային աքսեսուարների բիզնեսը

Seeds of Wind՝ արծաթի բնական քարերի համադրությամբ զարդերը արդեն չորս տարի է, ինչ ոչ միայն հաճելի զբաղմունք, այլև բիզնես են Արմինե Հարությունյանի համար: Այս յուրօրինակ զբաղմունքը անընդհատ նոր բացահայտումներ է անում Արմինեի համար, անգամ՝ ճակատագրական է եղել՝ ստիպելով փոխել երբեմնի մասնագիտությունն ու աշխատանքը: Գեղեցիկ արվեստի, նվիրումի ու չափազանց նրբագեղ բիզնեսի մասին է մեր հարցազրույցը:

-Արմինե, ի՞նչ մեսիջ է փոխանցում Ձեր բրենդի անվանումը:
-Seeds of Wind- թարգմանաբար նշանակում է քամու սերմեր, այն ինչ չկա և գոյություն ունենալ չի կարող, բայց, այնուամենայնիվ, ասում են, որ եթե ցանես քամի, կհնձես փոթորիկ։

Ու՞մ համար են Ձեր զարդերը ստեղծվում: Արդյոք Դուք ինքներդ եք հեղինակում զարդերը, թե կան հատուկ դիզայներներ ում օգնությանը դիմում եք:
– Կարծում եմ, որ իմ հաճախորդները սիրում են այն փաստը, որ ամեն աշխատանքս շատ տարբերվում է մյուսներից, քանի որ դրանք ես ստեղծում եմ ինքս, հնարում եմ և իրականացնում իմ փոքրիկ արվեստանոցում, որ գտնվոմ է մեր տան մի անկյունում։

 -Սա որքանո՞վ է բիզնես ու որքանո՞վ սիրելի աշխատանք:
– Չորս տարի առաջ, երբ սկսեցի արծաթագործությամբ զբաղվել, չէի պատկերացնում որ կթողնեմ հիմնական աշխատանքս՝ ճարտարապետությունը, և ամբողջությամբ կընկղմվեմ այս մեծ հաճույքի մեջ։ Ես գտել եմ իմը։

Ի՞նչ նյութեր ու հումք եք օգտագործում:
– Ամենից հաճախ գնում եմ քարերը, իսկ իրենք արդեն թելադրում են թե ինչպիսին պիտի լինի ապագա զարդը։

Ի՞նչ ծագում ունեն քարերը:
Աշխատում եմ հիմնականում բնական քարերի հետ, որոնց մի մասը գտնում եմ Հայաստանում, մյուսը պատվիրում եմ ամենատարբեր երկրներից։

 -Արդյոք անհատական են զարդերը և քանի օրինակից են ստեղծվում:
– Աշխատանքներիս 95% մեկ օրինակից են, նույնությամբ կրկնել չեմ կարող այնպես, ինչպես ջազ իմպրովիզ անող երաժիշտը չի կարող նույնությամբ կրկնել իր մեղեդին։ Շատ անգամ նույնիսկ էսքիզ չի արվում, աշխատում եմ այնպես, ինչպես տանում են ինձ արծաթն ու քարերը։ Իրենք ավելի լավ գիտեն։

Հետևու՞մ եք արդյոք զարդերի ու աքսեսուարների նորաձևության միջազգային թրենդերին, թե ստեղծում եք այն, ինչ պարզապես ստեղծագործում եք:
– Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ կանայք են գտնում իրենց արծաթագործության մեջ։ Ամեն անգամ նոր հեղինակի հայտնաբերելիս մեծ բավականություն եմ ապրում, հետաքրքրությամբ ու հաճույքով հետևում եմ աշխատանքներին։

 -Շուկան կարծեք թե հագեցած է, բազմաթիվ բրենդեր կան, որոնք քայլեր են անում դեպի աքսեսուարների բիզնես: Մրցակցությունն ու մրցակցային գործընթացներն ինչպե՞ս են անդրադառնում Ձեր գործունեությանը:

-Արծաթագործության բնագավառը բավականին լավ զարգացած է Հայաստանում, վարպետները շատ են, ոճերը նույնպես։

-Որպես բիզնես՝ զարգացման ի՞նչ պլաններ ու ռազմավարություն ունեք:
-Ես համոզված եմ որ ցանկացած ստեղծագործ անձ անպայման գտնում է իր տեղը շուկայում և հաճախորդների սրտում։

Հեղինակային իրավունքը՝ Ինվեստ ամսագիր