ՔՈՎԻԴ -19. Ինչու՞ է մեզ անհրաժեշտ պատվաստանյութը

Հեղինակ՝ Ինեսա Չիլինգարյան; MSc, MPH; ԱԶՀԿ հիմնադիր/ նախագահ

SARS-COV-2 նոր վիրուսն արդեն իսկ խլել է ամբողջ աշխարհում 435,856 մարդու կյանք, և մինչ այժմ վարակվել է 8,008,391 մարդ, մինչ օրս օրական ավելի քան 100,000 նոր դեպք է ախտորոշվում: Հայաստանում ախտորոշվել է 17.064 դեպք, որից մահացել է 285-ը: Նոր դեպքերի ամենօրյա աճը Հայաստանում կազմում է մոտ 600-700: Այս իրավիճակը Հայաստանում առողջապահական համակարգը կոլապսի է ենթարկում: Հիվանդանոցներում մասնագետների և մահճակալների քանակի բացակայությունը ստիպում է երկրի կառավարությանը հոսպիտալացնել միայն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը, ուստի շատ հիվանդներ բուժում են ստանում տներում: Այսպիսի իրավիճակ է նկատվում աշխարհի շատ երկրներում:

Վերջին հարյուրամյակների ընթացքում աշխարհում շատ համաճարակներ են ի հայտ եկել: Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացումից բացի` այս տեսակի հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը նոր պատվաստանյութերի մշակումն ու պատվաստումների գլոբալ ծրագրերի իրականացումն է: Հայտնի է, որ պատվաստանյութերը տարիների ընթացքում փրկել են ավելի քան մեկ միլիարդ մարդու կյանք, ուստի հաշվի առնելով SARS-COV-2-ի տարածվածությունը և մահացության ցուցանիշները, կարևոր է իրականացնել պատվաստումների վերաբերյալ իրազեկման ծրագրեր, մինչդեռ դեղագործական ընկերությունները աշխատում են արդյունավետ պատվաստանյութերի ստեղծման և հետազոտման վրա: Պատվաստումները նվազեցրել են պատվաստումնյութերով կանխարգելվող որոշ հիվանդությունների տարածվածությունը և մահացության ցուցանիշը, ինչպիսիք են պոլիոմելիտը, կարմրուկը, դեղին տենդը, գրիպը, ջրծաղիկը, հեպատիտ Բ-ն և այլն:

Ներկայումս 136 դեղագործական ընկերություն աշխատում է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման և փորձարկման ուղղությամբ, որոնցից տասը արդեն կլինիկական փորձարկումների փուլում են, իսկ մյուսները գտնվում են նախակլինիկական ուսումնասիրությունների փուլում: Առաջատար ընկերությունների թվում գտնվող Օքսֆորդի համալսարան/AstraZeneca, CanSino Biological Inc./Չինաստանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտ, Moderna/NIAID-ն արդեն իսկ անցել են առաջին փուլը և գտնվում են կլինիկական փորձարկումների 2-րդ փուլում:

Հաշվի առնելով SARS-COV-2-ի մահացության մակարդակը և առողջությանը պատճառվող վնասակար հետևանքները՝ անհրաժեշտ է հասկանալ կլինիկական փորձարկումներ իրականացնելու և պատվաստումների կարևորության աստիճանը պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների, հատկապես, COVID-19-ի դեպքում:

Հղումներ