«Գույնի» գույնը

«Գույնը» հայկական շուկայում ձեռագործ արտադրանք ներկայացնող բրենդ է: Բրենդի շեշտադրումը դրված է հայկական զարդանախշերի և աբստրակցիայի վրա:

Բրենդը ավելի քան 10 տարվա պատմություն ունի: Հիմնադիրը Աշխեն Գրիգորյանն է, ով բրենդը հիմնադրել է 3000 դրամով՝ ներդնելով գումարը զարդերի պատրաստման մեջ: Ստեղծված բրենդը կարճ ժամանակում արժանանում է շրջապատի ուշադրությանն ու հետաքրքրություն առաջացնելով՝ շարունակական վաճառք ապահովել: Ժամանակին համընթաց մեծանում է պատվերների ծավալը: Ոգևորվելով մորս կատարած աշխատանքի հանդեպ գնահատականից՝ մղվում եմ ինքս սովորել իրենից ու զարգացնել ժամանակին ձեռք բերած հմտություններս և օգնել մեծաքանակ պատվերների ժամանակ:

Ժամանակի ընթացքում հարստացնում ենք մեր ապրանքատեսակների շարքը՝ ներառելով ապակենկարչություն, տիկնիկագործություն, մաքրամե, փայտե պայուսակների պատրաստում և այլն:

Պահանջարկից ոգևորվելով և արտադրանքն ընդլայնելով՝ որոշում ենք թիմ կազմել և ներգրավվել ասպարեզում հմուտ մարդկանց: Թիմը կազմված է բացառապես կանանցից, քանի որ ի սկզբանե նպատակ դրեցինք Հայաստանում աշխատանքով ապահովել կանանց, ովքեր խնդիր ունեին իրենց հմտությունները կիրառելու և դրա դիմաց գումար աշխատելու:

Եկավ մի պահ, որ հասկացանք ժամանակն է ճիշտ անվան ու լոգոյի տակ ներկայացնել արդեն 8 տարի աճող բրենդը:

Երկար ժամանակ դժվարանում էինք անուն ընտրել: Շատ փնտրտուքներ կատարելուց հոգնած և հուսահատված՝ մի օր հանդպեցինք մեր ընտանիքի հարազատներից մեկին, ում պատմեցինք, որ ուզում ենք անուն ընտրել, և չի ստացվում: Միանգամից ասաց, թե ինչ բարդ բան կա. պարզ և միավանկ բառ եք ընտրում և վերջ: Տուն վերդառնալուն պես՝ սեղանին մեծ տառերով գրեցի «գույն» բառը: «Գու՜յն»: Շատ համապատասխան անուն է մեր ստեղծած արտադրանքի համար:

Մեկ շաբաթ անց նույն պատահականության սկզբունքով ընտրեցինք մեր լոգոն, երբ փորփրում էինք մանրանկարչության գիրքը: Վերջապես գտանք մեր ուզած արևը՝ 386 թվականից պեղած մեր թանաքամանի արևը: Արևի շնորհիվ է, որ տեսնում ենք գույները: Այսպիսով մեր անունը և լոգոն դարձան շատ ներդաշնակ և իմաստով լի:

Նկատել ենք, որ մեր արտադրանքը հետաքրքրություն է առաջացնում թե՛ զբոսաշրջիկների, թե՛ մեր երկիր եկած ու մեր մշակույթով հետաքրքրված արտերկրացիների մոտ:

Տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակահատվածում ժամանակի ընթացքում հասկացել ենք օնլայն հարթակում ճիշտ գործունեություն ծավալելու կարևորությունը:

Վերջերս ենք գործարկել մեր կայքեջը անգլերեն և հայերեն լեզուներով՝ հասանելի դարձնելով այն թե՛ տեղացիների, թե՛ առտերկրացիների համար (gooyn.bonee.net): Զբաղվածությանը համընթաց՝ փորձում ենք աչքաթող չանել նաև ֆեյսբուքյան  և ինստագրամյան էջերը:

Հիմա մեր գերնպատակն է բրենդը հայտնի դարձնել աշխարհին: Ես՝ Մարիետա Վարդանյանս, մորս հետ լինելով բրենդի համահիմնադիր՝ օգտագործում եմ ցանկացած առիթ մեր բրենդը ներկայացնելու համար, փորձում եմ գտնել նոր գործընկերներ ու համգործակցություններ: