Գործարար կինը հերոսուհի է. Սիլվա Մեսրոպյան

Սիլվա Մեսրոպյանի հետ զրուցելու առիթ ունեցել ենք: Նա տարիների փորձով բիզնես խորհրդատու է, միևնույն ժամանակ բավական լայն հասարակական գործունեություն է ծավալում՝ նպատակ ունենալով միջավայր ստեղծել գործարարության ու ձեռնարկատիրության համար: Այսօր զրուցել ենք բիզնեսում կանանց ներկայության ու ձեռագրի, ինչպե նաև հնարավորությունների ու առանձնահատկությունների մասին:

Գործարար կանանց միավորելն ի՞նչ նպատակ ունի: Սա զուտ սոցիալական նախաձեռնություն է, թե այլ հեռահար նպատակներ կան:
-Ցանկացած ոլորտում մարդկանց միավորումն ու արդյունավետ համագործակցությունը բերում է միայն դրական արդյունքի: Երբ ես և գործընկերուհիս հիմնադրում էինք «Նորարար Կանանց Ձեռներեցության» ասոցացիան, մեր նպատակն էր նախ հզորացնել ու զարգացնել սկսնակ ու արդեն կայացած գործարար կանանց, ու նպաստել նրանց արդյունավետ համագործակցությանն ու հաղորդակցմանը:

Պրակտիկան ցույց է տվել, որ կանայք ավելի արդյունավետ են գործերի կազմակերպման ու կառավարման գործում` իրենց բարձր պատասխանատվության ու նախաձեռնող կարողությունների շնորհիվ: Այս առումով մենք մեր կազմակերպության միջոցով փորձում ենք վերհանել նրանց թաքնված պոտենցիալն ու զարգացնել այն դեպի ձեռնարկատիրություն, խթանել համագործակցություն ու տարածել հաջողության պատմությունն ուրիշներին խրախուսելու համար:

Մենք նպատակ ունենք զարգացնելու միմյանց փոխօգնելու մշակույթն ու առողջ համագործակցությունը: Այս նպատակով պլանավորում ենք կառուցել մենթորության բազմամակարդակ համակարգ, որտեղ կանայք կարող են ստանալ ինչպես պրոֆեսիոնալ ուղղորդում, այլ նաև մասնագիտական համանման փորձով մեկ այլ գործարարից: Սա ավելի կխթանի փոխօգնելու ու արդյունավետ համագործակցելու փորձառությունը, քանի որ մեկ գործարար արդեն հաղթահարած լինելով բիզնեսի կերտման ճանապարհը, կարող է իր փորձով հեշտացնել նորեկի ուղին: Մեր հեռահար նպատակներում է ստեղծել կին ձեռներեցների մեծ հանգույց, որ միմյանց փոխլրացնելով ստեղծեն նոր բիզնես միավորներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Կանանց ու տղամարդկանց պարագայում բիզնեսին աջակցությունն ի՞նչ տարբերություններ ու առանձնահատկություններ ունի:
-Կնոջը ձեռներեց դառնալու համար անհրաժեշտ է միայն ցանկություն ու պահանջվող բիզնես կարողություններ, քանի որ տեսականորեն չկան որևէ խոչընդոտներ բիզնես գաղափարների իրականացման համար: Հայաստանում օրենսդրական առումով հավասար պայմաններ են ստեղծված թե կանանց թե տղամարդկանց համար` բիզնես գործունեություն ծավալելու համար:

Այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ կանանց ձեռներեցության խթանման ուղղված ծրագրերն ավելի շատ են ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Մի շարք միջազգային ծրագրեր ավելի շատ են ուշադրություն դարձնում կանանց հզորացման ու նրանց զբաղվածության զարգացմանը` առավելապես սեփական բիզնեսի նախաձեռնման նպատակով: Պետք է նշել, որ բիզնեսի աջակցման ծրագրերում կազմակերպությունները ուշադրություն են դարձնում, որ կանանց ու տղամարդկանց մասնակցությունը լինի համաչափ, որպեսզի շուկայում պահպանվի հավասարակշռությունը:

Բիզնեսի աջակցման ու ֆինանսական ծառայությունների շուկան նույնպես առաջարկում է հավասար հնարավորություններ կին և տղամարդ գործարարների համար: Սակայն պետք է առանձնացնել մի քանի միջազգային ծրագրեր, որոնք իրենց աջակցման նախագծերում առանձնացրել են կին ձեռներեցներին տրամադրվող ծառայությունների մասը, որոնց շրջանակներում առաջարկում են ավելի բարձր չափաբաժնով աջակցություն, ինչպես նաև նպաստում են, որ համագործակցող բանկերը կին ձեռներեցներին տրամադրեն ավելի ցածր տոկոսադրույքով բիզնես վարկեր:

-Այսօր աշխարհն ու մեր հասարակությունն ի՞նչ է ակնկալում կին գործարարից:
-Կնոջ հանդեպ վերաբերմունքը շատ տարբեր է ու հակասական, և այդ վերաբերմունքը նույնկերպ է արտահայտվում նաև կին ձեռներեցի հանդեպ: Հասարակությունն ավանդաբար սովոր է եղել բիզնեսում ավելի շատ տեսնել տղամարդկանց, և գործարար տղամարդկանց իմիջը կապվել է ուժի, կայունության ու վստահելիության հետ: Ունենալով նման փորձառություն, բիզնեսում կանանց ներկայությունն առաջին հայացքից բախվում է այդ կարծրատիպի հետ, որը հետագայում անհայտանում է, երբ գործը հասնում է լավագույն արդյունքների ապահովմանը: Հասարակությունը կին գործարարից պահանջում է նրա ուժի ու կայացվածության հաստատում ու ակնկալում է տեսնելու միայն մեծ հաջողություններ, և ավելի դժվար է “ներում” նրա թուլություններն ու անկնումները: Կանայք ասես պարտավորված են անվերջ ապացուցելու իրենց հզորությունն ու կարողությունները յուրաքանչյուր անգամ, երբ բիզնես աշխարհում կիսում են դերերը տղամարդկանց հետ: Կին գործարարն ունի ավելի խստապահանջ լսարան, որն ավելի անհանդուրժող է նրա թուլությունների հանդեպ, ինչն էլ կին գործարարին ստիպում է դառնալու “չեմպիոն” իր գործում: Կարծում եմ, հենց սա է այն պատճառներից մեկը, որ եթե կինը հանձն է առնում զբաղվել բիզնեսով, ապա ցուցադրում է նախանձելի ցուցանիշներ ու աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: Հաջողակ կին գործարարներն օրինակելի լիդերներ են սկսնակների համար, դրա համար մենք շատ ենք կարևորում հաջողված պատմությունների միջոցով մոտիվացիան, որ մեր միջավայրում շատանան կին ձեռներեցները:

-Նորարարությունն ու բիզնես-կինը ի՞նչ եզրեր ունեն: Կա՞ այն մտայնությունը, որ կանայք առավել ստեղծարար են մոտենում ցանկացած գործի ու ջանքերը դեպի նոր, հետաքրքիր կոնցեպտին են ուղղում, քան պարզապես գումար վաստակելն է:
-Կանայք շատ զգայուն են ու կյանքում շատ բաներ ընկալում են զգայական մակարդակում: Բացի այդ նրանց շատ խորն ու բարձր նվիրվածությամբ են մոտենում գործին, և այս հատկանիշները նրանց դարձնում է ավելի ստեղծագործ, ավելի նորարար: Կանայք շատ բազմազբաղ են ու բազմաֆունկցիոնալ: Կանանց զբաղվածության լայն շրջանակը սկսվում է ընտանիքի կառավարումից, երեխաների դաստիարակությունից, կենցաղային գործերի կազմակերպման աշխատանքներով ու եզրափակվում նրանով, որ նա պետք է զարգանա ու կատարելագործվի որպես կին, մայր ու գործարար: Այս պարզունակ թվացող, սակայն բազմակարդակ կառավարման ամենաօրյա համակարգը կնոջը դարձնում է շատ ճկուն, իսկ ճկուն մտքով նրանք հեշտությամբ են գեներացնում նորարար ու ստեղծագործ գաղափարներ: Այս դեպքում պետք է ընդգծել, որ կանայք առավելապես ձեռներեցներ են, քան ուղղակի զբաղվում են դասական բիզնեսով, քանի որ առավելապես ձգտում են ստեղծել նոր ապրանքներ ու ծառայություններ, որը հետագայում գեներացնում է խոշոր շահույթ: Դասական բիզնեսի դեպքում առաջնայինը շահույթի ստացումն է, ինչը կանանց դեպքում ավելի քիչ է հանդիպում: Ինչպես արդեն նշել եմ, կանայք շատ զգայական են ու ավելի շատ կենտրոնանում են արժեքների վրա ու ոչ թե նյութականի, ինչն էլ նրանց տանում է կամ նորարար ձեռներեցության կամ իրենց նախաձեռությունը մնում է հոբիի մակարդակում, քանի որ բացակայում է բիզնես կոմպոնենտը:

-Ի՞նչ տեսակի աջակցության ու մոտիվացիայի կարիք ունի հայ կինը դեպի գործարար վերափոխման ճանապարհին:
-Հայ կանայք շատ տաղանդավոր են, սակայն կարիք ունեն այդ տաղանդները նոր արժեքների վերածելու ու ինքնազբաղվածության զարգացման համար: Տաղանդը ձեռնարկատիրական գաղափարի վերածելու ու դրանից դեպի սեփական բիզնես քայլելը կարճ ճանապարհ է, սակայն այն երբեմն տևում է տարիներ, քանի որ որոշ դեպքերում չեն բավարարություն ռեսուրսները, կարողությունները, ժամանակը, բայց ամենակարևորը` մոտիվացիան ու ինքնավստահությունը: Այս հարցում մեծ դեր ունի կարողությունների զարգացման ծրագրերը, որոնք նրանց փոխանցում են ոչ միայն բիզնես հմտություններ, այլ նաև այսպես ասած “փափուկ հմտություններ”: Կարողությունների զարգացումից զատ նրանք կարիք ունեն ոգեշնչվելու հաջողության պատմություններով, որպեսզի համոզվեն, որ սեփական բիզնեսն ու երազանքին հավատալն անհնարին չէ: Այս առումով մենք ղեկավարում ենք միջազգային ծրագրի ստեղծած հարթակը` “WE Club”,  որը միավորում է կին ձեռներեցներին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:  Մեր ակումբում մենք ընտրում ենք ոլորտում հաջողված կին ձեռներեցին, որ նրա օրինակով մոտիվացնում մյուսներին հավատալու իրենց երազանքին ու խորհուրդներին հետևելով կառուցել սեփական հաջողության պատմությունը` հետագայում կիսվելու նպատակով:

-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ պատուհասում են գործարար կնոջը:
-Գործարար կինը նախ ուղղակի կին է, որ նաև հոգ է տանում ընտանիքի ու երեխաների մասին ու այս դեպքում կառավարում է միանգամից երկու «կառույց»`ընտանիք ու սեփական բիզնես: Այս դեպքում կանայք ունեն ժամանակի գերածախս ու անկախության որոշակի սահմանափակում` ընտանեկան պարտադիր պարտականությունների հաշվին: Շատ դեպքերում ընտանեկան ծանրաբեռնվածությունը սպանում կանանց բիզնես գաղափարներն ու նրանք ստիպված հետաձգում են իրենց երազանքի իրականացումն` ավելի հարմար ժամանակում այն իրականացնելու մտադրությամբ:

Մյուս դեպքում կանայք հաճախ բախվում են այլ տեսակի խնդիրների հետ, որոնք առավելապես կապված են իրենց հանդեպ միջավայրի թերահավատության առկայության ու իրենց շրջապատող մարդկանց կողմից աջակցության բացակայության հետ: Ցանկացած փայլուն նախաձեռնություն կարելի է փշրել` նրա հանդեպ հավատի ու անհրաժեշտ աջակցության բացակայության պարագայում: Մյուս կողմից կանանց ձեռնարկատիրության զարգացմանը խաչընդոտում են առկա կարծրատիպերը, քանի որ հայ ընտանիքներում լիդեր դուստրեր ավելի քիչ են մեծացնում, քան լիդեր որդիների:

-Կա՞, Դուք ֆիքսե՞լ եք ընդհանրություն գործարար հայուհիների գործելաոճում:
-Գործարար կանայք հերոսուհիներ են ու յուրաքանչյուրն իր թիկունքում կրում է մեծ պատմություն, որը երկար ճանապարհ է` ընտանեկան ծանրաբեռնվածություներից դեպի երազանքի իրականացում սեփական բիզնեսում: Կանայք ավելի միտված են միմյանց աջակցելու և համագործակցության: Կանայք նաև ավելի հեշտ են դառնում մյուսների համար մոտիվացիայի աղբյուր, քան դա կարող էր լինել տղամարդկանց դեպքում: Բացի այդ կանայք ավելի են միտված մրցակցության քան տղամարդիկ, որ առողջ հարաբերություններում այն նպաստում է միայն աճի ու զարգացման:

Պետք է նաև ընդգծել, որ կանայք ավելի են հոգ տանում մասնագիտական զարգացման ու առաջընթացի մասին, քան տղամարդիկ: Սա է վկայում նաև այն վիճակագրությունը, որ ցանկացած կարողությունների զարգացման ծրագրում կանանց տեսակարար կշիռը տատանվում է 60-80%: Այս հանգամանքը կանանց դարձնում է ավելի մրցունակ, առաջադեմ ու նորարար:

Կանայք կարող են իրագործել ցանկացած նախաձեռնություն ու հասնել հաջողության ու դա հենց նրանց պատասխանատվության ու հավասարակաշռվածության շնորհիվ է: Շատ ավելի մեծ արդյունքների կարող են հասնել, եթե միմյանց աջակցեն ու փոխհամագործակցեն: Յուրաքանչյուր կնոջ հաջողությունը պետք է ոգեշնչման աղբյուր դառնա մյուսի համար:

Հարցազրույցը՝ Ինվեստ Ամսագիր