Կորոնավիրուսը և ճգնաժամը. պատճա՞ռ, թե առիթ

 

Դավիթ Հախվերդյան
Տնտեսագիտության դոկտոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Ամբերդ հետազոտական կենտրոն

Ակնհայտ է, որ աշխարհը համավարակի հետ կապված ճգնաժամի, դրա պատճառների, հետևանքների վերլուծությունների ու կանխատեսումների պակաս չի զգում: Ճգնաժամը, որպես երևույթ, գնահատվում և դրա հետևանքները կանխատեսվում  են ամենատարբեր տեսանկյուններից՝ սկսած առողջապահականից, վերջացրած աշխարհաքաղաքականով:

Ներկա պահին համավարակի վերաբերյալ արմատավորված կարծիքները կարող ենք բաժանել երկու խոշոր խմբի՝ առաջինում ներառելով «պետականամետ» և, այսպես կոչված, ձախ տնտեսագետ-սոցիոլոգների, իսկ երկրորդում՝ ազատական տնտեսագետների տեսակետները:

Հատկանշական է, որ նրանց միջև առկա տարաձայնությունների մեծ մասը վերաբերում է ոչ թե խնդրի լուծման մոդելներին ու կառուցակարգերին, այլ համավարակի պատճառներին1:

Այդուհանդերձ, տեսակետների այդ բազմազանության մեջ մասնագետները համարյա թե միակարծիք են հետևյալ հարցում. COVID-19 տնտեսական ճգնաժամն աննախադեպ է, քանի որ այն հարվածեց երկրների տնտեսություններին (հատկապես՝ խոշոր) գրեթե միաժամանակ։ Համավարակի կանխարգելման միջոցառումների հետևանքով լայն տարածում գտան տնտեսական ցնցումները՝ միանգամից կաթվածահար անելով տնտեսության շատ ոլորտներ: Ընդ որում, COVID-19 ո՛չ վարկային, ո՛չ բանկային կամ հանկարծակի դադարի, ո՛չ էլ արժութային ճգնաժամ է: Դա մի տնտեսական ճգնաժամ է, որ ներառում է բոլոր այդ ճգնաժամերի տարրերը, ինչպես նաև հանդես է գալիս որպես միմյանց վրա փոխազդող առաջարկի և պահանջարկի ցնցումների բարդ համակցություն2:

Այսպիսով՝ ի՞նչ է սպասվում աշխարհին: Իսկապես, համաշխարհային տնտեսական զարգացումների նկատմամբ սպասումները բավական մտահոգիչ են։ COVID-19-ի բացասական ազդեցությունն արդեն իսկ դրսևորվել է ֆինանսական և հումքային շուկաներում։ Երկրները փակել են սահմանները, նվազել են առևտրաշրջանառությունը և թողարկման ծավալները, և եթե տարեսկզբին 2020 թվականի համար կանխատեսվում էր 2,8 տոկոս համախառն աճ, ապա այսօր արդեն այս կանխատեսումը շրջվել է գլխիվայր, և անկումն անխուսափելի է3։

ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց 2020 թվականի առաջին կիսամյակի դրությամբ համաշխարհային տնտեսության վիճակի վերաբերյալ՝ ներառելով նաև կանխատեսում մինչև 2021 թվականը: Փորձագետների կարծիքով, ընթացիկ տարում նախանշվում է 3.2% անկում: Ընդ որում, նշվում է, որ COVID-19 համավարակի պատճառով հետագա երկու տարիներին աշխարհը կկորցնի շուրջ 8.5 տրլն ԱՄՆ դոլար եկամուտ, որը 1930-ական թթ. Մեծ ճգնաժամից հետո ամենակտրուկ անկումն է: Սակայն, միաժամանակ, ասվում է, որ նման ռեցեսիայի ծանր հետևանքները կարելի է հաղթահարել՝ իրավամբ նոր մակարդակի բարձրացնելով միջազգային համագործակցությունը: Համաձայն ՄԱԿ-ի զեկույցի՝ զարգացած երկրներին սպասվում է բացասական տնտեսական աճ, ինչի հետևանքով վերջիններիս ՀՆԱ-ն կկրճատվի 5%-ով: Այդ կորուստները մասամբ կփոխհատուցվեն միայն 2021 թվականին, երբ տնտեսությունը կարձանագրի չափավոր՝ 3,4% տնտեսական աճ: Ինչ վերաբերում է զարգացող երկրներին, ապա այստեղ ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսության՝ միջինում 0.7% անկում, այնինչ համաշխարհային առևտրի ոլորտում դա կկազմի շուրջ 15%՝ պայմանավորված համաշխարհային պահանջարկի կտրուկ նվազմամբ և գլոբալ արժեշղթաներում տեղի ունեցող խզումներով: Համավարակը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ աղքատության գծից ներքև կհայտնվի ավելի քան 34 մլն մարդ, ընդ որում, այս հավելաճի ավելի քան կեսը բաժին կընկնի աֆրիկյան երկրներին: Իսկ երկարաժամկետ կանխատեսումները ցույց են տալիս, որ 2030 թվականին ծայրահեղ աղքատ ապրողների քանակը կաճի ևս 130 մլն-ով:

Համավարակը հատկապես ուժեղ «հարվածեց» ցածր վարձատրվող, հատուկ հմտություններ չպահանջող աշխատանք կատարող անձանց, այն դեպքում, երբ բարձր որակավորված աշխատողները տուժեցին ավելի քիչ: Ուստի այս հանգամանքն աննկատ չի անցնի, և աշխարհում էապես կմեծանա աղքատների և հարուստների եկամուտների միջև առկա խզումն ինչպես մարդկանց, այնպես էլ պետությունների մակարդակով4:

Ինչպես կարծում է Համաշխարհային բանկի ղեկավար Դ. Մալպասը, համավարակի պատճառով համաշխարհային տնտեսության անկումը կհանգեցնի նրան, որ շուրջ 60 մլն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ, իսկ մինչ այդ Oxfam-ի (Աղքատության դեմ պայքարի կազմակերպություն) փորձագետները զգուշացնում էին ավելի քան 500 մլն մարդու՝ աղքատության մեջ հայտնվելու ռիսկի մասին5:

ՄԱԿ-ի փորձագետների պնդմամբ, COVID-19-ի պատճառով իր աշխատանքը կկորցնի ավելի քան 195 մլն մարդ, իսկ գործազրկության և աղքատության մակարդակը կհասնի իր «պատմական» շեմին: Ճգնաժամի հետևանքով առավել մեծ կորուստներ կկրեն փոքր և միջին ձեռնարկատիրությունը, գյուղատնտեսությունը, ինքնազբաղված անձինք և աշխատանքային միգրանտները6:

Ելնելով վերոնշյալից, համաշխարհային պարտքային ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով, 20-ից ավելի երկրների 300 օրենսդիր դիմել է ԱՄՀ՝ կոչ անելով դուրս գրել աղքատ երկրների պարտքերը7:

Հաջորդ դիտարկումը, որ ուզում ենք մեջբերել, հրապարակվել է Euromonitor վերլուծական կենտրոնի՝ «Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա» խորագրով զեկույցում: Այստեղ նշվում է, որ, ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով կվարակվի բնակչության 1-10%-ը (ներառյալ համապատասխան թեստավորում չանցած, անախտանիշ (ասիմպտոմ) վարակակիրները): Ըստ հետազոտողների հաշվարկների՝ կորոնավիրուսից մահացության եզրափակիչ ցուցանիշը համաշխարհային մասշտաբով չի գերազանցի 0.8%-ը:

Հետազոտողները դիտարկում են նաև առավել հոռետեսական սցենար (խոր ռեցեսիա)՝ ըստ որի կվարակվի աշխարհի բնակչության մինչև 15%-ը, համավարակն անկում չի ապրի մինչև հուլիսի վերջ, իսկ մահացությունը միջինում կաճի մինչև 1%: Այս դեպքում կարելի է ակնկալել ընկերությունների սնանկացումների պատկառելի «շքերթ», որը կանխարգելելու համար անհրաժեշտ կլինի նախաձեռնել պետական լայնածավալ հակաճգնաժամային միջոցառումներ: Առավել կոշտ, սակայն քիչ հավանական սցենարները (առաջին՝ համավարակն  ամռանը  թուլանում  է,  սակայն «վերադառնում» սեպտեմբեր-հոկտեմբերին, երկրորդ՝ շարունակվում է մինչև գարուն՝ գագաթնակետին հասնելով  աշնանը) ենթադրում են աշխարհի բնակչության մինչև 25-30%-ի վարակում, իսկ միջին մահացությունը՝ մինչև 2,5%: Սակայն, համաշխարհային տնտեսության վերականգնման առումով, ըստ բոլոր սցենարների, կանխատեսումը նույնն է. համաշխարհային տնտեսությունը կվերադառնա մինչճգնաժամային   մակարդակին    2021 թվականի վերջին կամ 2022 թվականին8: Փոքր-ինչ տարբերվում է ԱՄՀ տնօրեն-կարգադրիչի կարծիքը՝ ըստ որի համաշխարհային տնտեսությունը մինչճգնաժամային  մակարդակին  կհասնի 2023 թվականին9:

Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսության հիմնական «խաղացողներին», ապա նախ՝ անդրադառնանք ԱՄՆ- ին, որտեղ, կախված համավարակի զարգացման դինամիկայից, կանխատեսվում է ՀՆԱ-ի կրճատում 3,3-7,4%-ի չափով: Միաժամանակ, ըստ ամենալավատեսական կանխատեսումների, տնտեսական ակտիվության մակարդակի վերականգնում ակնկալվում է ոչ շուտ, քան 2021 թվականի վերջին: Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում՝ համավարակի երկրորդ ալիքի բռնկման դեպքում, ԱՄՆ ՀՆԱ-ն կրկին կսկսի նվազել10:

ԵՄ պարագայում պետք է նշել, որ վերջինս այս պահի դրությամբ տուժել է ավելի շատ, քան մնացյալ աշխարհը: ԵՄ տնտեսությունը 2020 թվականի առաջին երեք ամիսներին կրճատվել է 3.5%-ով, և այդ տեմպերը շարունակվելու դեպքում տարեկան անկումը կկազմի 13%, իսկ կորուստները՝ 2 տրլն ԱՄՆ դոլար: Եվ սա այն դեպքում, երբ մոտավորապես նույնքան անհրաժեշտ կլինի ծախսել համավարակի և ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում:

Հաջորդ կանխատեսումը պատկանում է Եվրոբանկին: Ըստ այդմ՝ եվրոգոտու (ներառում է ԵՄ անդամ 27 երկրից 19 եր- կիր) երկրներում անկումը կկազմի 12%: Ի դեպ, եվրոգոտուն բաժին է ընկնում ԵՄ տնտեսության մոտ 85%-ը կամ 14 տրլն եվրո կազմող ՀՆԱ 12 տրլն-ը: Շուրջ 450 մլն բնակչություն ունեցող ԵՄ-ին բաժին է ընկնում Covid-19-ի հետ կապված մահերի շուրջ կեսը:

ԱՄՆ ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով նվազել է 1.2%-ով՝ ԵՄ 3.5%-ի համեմատ: Եթե արտարկման (էքստրապոլյացիայի) միջոցով այս ցուցանիշը վերագրենք տարվան, ապա կտեսնենք, որ առաջին եռամսյակում ԵՄ տնտեսության անկման տեմպերը գնահատվում են 13%՝ ԱՄՆ 4,8%-ի համեմատությամբ: Ըստ ԱՄՀ գնահատա- կանների՝ ԵՄ տնտեսության անկումը կկազմի 7%, ԱՄՆ-ինը՝ 6%, Ճապոնիայինը՝ 5%, այն դեպքում, երբ Չինաստանը կապահովի 1,2% աճ11:

Համեմատության համար նշենք, որ փորձագետների գնահատմամբ, կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի տնտեսությանը հասցված վնասն ըստ հիմնական սցենարի կկազմի 1,53 մլրդ ԱՄՆ դոլար (կամ 2019 թ. ՀՆԱ 11.2%–ը)12:

Համաձայն ԱՄՀ գնահատման՝ աշխարհի խոշորագույն երեք տնտեսությունները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային արտադրության և սպառման ավելի քան կեսը, արձանագրել են ժամանակակից պատմության ամենալուրջ անկումը:

Չինաստանի տնտեսական ակտիվությունն ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է: Նույն կերպ, Եվրամիությունը նման անկում չի ունեցել իր գոյության ամբողջ ժամանակահատ- վածում, իսկ ԱՄՆ տնտեսությունը «սայթաքել» է պատմության մեջ առավել երկարատև՝ 10-ամյա վերելքից հետո:

Գործազրկությունն ԱՄՆ-ում գերազանցել է բոլոր ռեկորդները՝ Մեծ ճգնաժամի օրերից սկսած:

Համավարակն ընդհատեց համաշխարհային տնտեսության վերականգնումը 2008-2009 թթ. ճգնաժամից հետո, իսկ դրա ծավալներն այսօր նույնիսկ ծիծաղելի են թվում, համեմատած այն հետևանքների հետ, որոնք սպասվում են աշխարհին, այսպես կոչված, Մեծ կարանտինից հետո: Սա նշանակում է, որ հարստության բազմապատկման և անհավասարության կրճատման գործընթացները երկրագնդում կլինեն ավելի երկարատև:

Ինչպես հայտնի է, 2008 թ. ճգնաժամի ժամանակ աշխարհը սահմանափակվեց դրամավարկային քաղաքականության մեղմացմամբ՝ թողարկելով փողեր և, այդպիսով, հաղթահարելով ֆինանսական ճգնաժամը: Այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քանի որ խնդիրը ոչ թե կապիտալի անբավարարության, այլ կորոնավիրուսի և դրա հետ կապված սահմանափակումների մեջ է:

Տնտեսությունների վերականգնման նպատակով նախատեսվում է տրամադրել 9 տրլն ԱՄՆ դոլար, սակայն հասկանալի է, որ նման գումար պետությունները չունեն, հետևաբար՝ պետք է դիմեն պարտք վերցնելուն, որի վճարման բեռը բաժին կընկնի հաջորդ սերունդներին:

Եվ եթե զարգացած երկրներն առանց դժվարությունների կգտնեն պարտքի ներգրավման աղբյուրներ, ապա նույնը դժվար է հավաստել զարգացող երկրների համար: Հայտնի է, որ արտակարգ պայմաններում կապիտալը «փախչում է» զարգացող շուկաներից՝ հանգեցնելով դևալվացիայի, ավելացնելով ինչպես հին, այնպես էլ նոր ներգրավված պարտքի արժեքը, դրանով իսկ բարձրացնելով բյուջեի վրա ճնշումը: Հետևաբար՝ համեմատաբար ոչ հարուստ զարգացող երկրները, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը, Հնդկաստանը կամ Մեքսիկան, կորոնավիրուսից կտուժեն ավելի շատ: Ընդ որում, ՄԱԿ-ն այս երկրներին կոչ է արել հավաքել 5.5 տրլն ԱՄՆ դոլար արժողությամբ հակաճգնաժամային փաթեթ, թեև, փորձագետների կարծիքով, դա նույնպես բավարար չէ13:

Ընդհանուր առմամբ, տպավորությունն այնպիսին է, որ արևմտյան երկրներին վախեցնում է ոչ այդքան կորոնավիրուսի փաստը, որքան վերջինիս չեզոքացմանն ուղղված միջոցները՝ մտահոգվելով «վարկային փուչիկի աղետալի պայթյունից»:

Այդ իսկ պատճառով արևմտյան մամուլում ներկայիս ճգնաժամը ոչ միայն և ոչ այդքան համեմատվում է 1918 թվականի «Իսպանական ժանտախտի», որքան 2008 թվականի ճգնաժամի հետ:

Տեսականորեն, խոշոր և բազմազանեցված (դիվերսիֆիկացված) տնտեսությունները (օրինակ՝ ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի) ի վիճակի են հաղթահարելու տնտեսական ակտիվության ժամանակավոր (2-3 ամիս տևողությամբ) անկման հետ կապված հիմնախնդիրները: Սակայն, կյանքը ցույց է տալիս, որ այդ աքսիոման «աշխատում էր» նախկինում, բայց ոչ հիմա: Բիզնես միջավայրի, բնակչության և բյուջեի ռեկորդային վարկահագեցվածության պայմաններում տնտեսական ակտիվության՝ նույնիսկ ոչ այդքան երկարատև կանգը կարող է հանգեցնել խուճապի և դեֆոլտների շղթայական ռեակցիայի՝ ամենաանկանխատեսելի տնտեսական հետևանքներով: Չինաստանն այս իրավիճակից դուրս եկավ համավարակի դեմ պայքարի ամենակոշտ միջոցների կիրառմամբ. հասկանալի է, որ երկիրն ամեն դեպքում տնտեսական վնաս կկրի, սակայն տնտեսական գահավիժում, որպես այդպիսին, չի դիտարկվի: Ընդ որում, արևմտյան երկրները Չինաստանին մեղադրում էին (են) կորոնավիրուսի դեմ պայքարում «ավտորիտար» մեթոդների օգտագործման մեջ՝ արձանագրելով, որ դրանք ընդունելի չեն «զարգացած ժողովրդավարության» պայմաններում: Սա, իհարկե, հասկանալի մոտեցում է, որը, միաժամանակ, ունի մեկ կարևոր բացասական կողմ. ԱՄՆ և ԵՄ տնտեսություններն ավելի խոցելի են, իսկ պետական ֆինանսները՝ շատ ավելի վատ վիճակում:

Խնդիրն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում դժվար են պատկերացնում, թե «վարկային փուչիկի» որ բաղադրիչն է առավել խոցելի, քանի որ ամերիկյան պետական պարտատոմսերը համաշխարհային տնտեսության համար մշտապես համարվել են, այսպես կոչված, ոչ ռիսկային ակտիվ, և, համապատասխանաբար, գլոբալ տնտեսական ցնցումների ժամանակ դրանց թողարկումների միջոցով հնարավոր է դարձել ֆինանսական ներարկումների խնդրի լուծումը: Թեև ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը հայտարարել է 5 տրլն ԱՄՆ դոլարի ներարկման մասին, այս անգամ, կարծես թե, դիտարկվում է ԱՄՆ գլխավոր ակտիվի գնորդների պակաս, ինչը կարող է համակարգային խնդիրներ ստեղծել բյուջեի պակասուրդի ֆինանսավորման և ֆոնդային շուկաների կայունության համար14:

Այդուհանդերձ, արդյո՞ք կորոնավիրուսը համարվում է համաշխարհային ճգնաժամի պատճառ: Չպետք է մոռանալ, որ դեռևս 2019 թվականի երկրորդ կեսին ԱՄՀ-ը, Համաշխարհային բանկը, JP Morgan Chase-ը, АКРА գործակալությունը կանխատեսում էին տնտեսական ճգնաժամ 2020 թվականի վերջին՝ ելնելով հետևյալ նախադրյալներից.

  • ռեկորդային ծավալի համաշխարհային պարտք՝ 188 տրլն ԱՄՆ դոլար՝ 2019 թվականի վերջի դրությամբ, որը համաշխարհային ՀՆԱ 230 %-ն է,
  • վերարտադրության գլոբալ անհաշվեկշռվածության աննախադեպ խորացում, որը հիմք էր ստեղծում առևտրային պատերազմների և հովանավորչության համար,
  • ֆոնդային շուկաների կրիտիկական վիճակ:

Այս գործոններն ուղեկցվում էին Բրեքզիթի, պատժամիջոցների հակամարտության, ԱՄՆ նախագահական ընտրությունների, ինչպես նաև նավթային առևտրային պատերազմների քաղաքական ռիսկերով: Հարց է առաջանում. իսկ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գործողություններն ինչպե՞ս են ազդելու ինտեգրման և տնտեսական զարգացման վրա՝ նպաստելով գլոբալացման կանոնների վերաձևակերպմանը:

Առաջին հերթին, դա հովանավորչության ուժգնացումն է, արտադրական շղթաների խզումը, համաշխարհային առևտրի «սառեցումը». կորոնավիրուսի դեմ պայքարին անհրաժեշտ ապրանքների թողարկման անհրաժեշտությունը նախադրյալներ է ստեղծել այդ երկրների փաստացի և տնտեսական «փակման» համար:

Երկրորդ հերթին, միջազգային կորպորացիաների  կողմից  ճնշումը, ճգնաժամի «ներքո» պետությունների կողմից պարտքերի դուրսգրումը կամ վերակառուցումը:

Երրորդ հերթին, դա տնտեսական օգնությունն աշխարհաքաղաքական գերիշխանության սահմանման համար որպես գործիք օգտագործելու ռիսկն է: Ակնհայտ են ազդեցության ոլորտների նոր՝ աշխարհաքաղաքական վերաբաժանման փորձերը15:

Ակներև է, որ վերը բերված վերլուծությունը բացահայտում է, այսպես կոչված, COVID-19 ճգնաժամի «ծագումնաբանությունը», հիմնավորելով, որ համավարակը ճգնաժամի առաջացման ոչ թե պատճառ էր, այլ առիթ:

Ի վերջո, այս պատճառահետևանքային դիտարկումները մղելով երկրորդ պլան, անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցին. ի՞նչ անել: Միջազգային կազմակերպությունների հորդորներն ու մոտեցումները համագործակցության խորացման և խնդիրները միասնական ուժերով լուծելու վերաբերյալ, «չեն աշխատում»: Համաշխարհային տնտեսությունը «վերադառնում է ի շրջանս յուր», այն է՝ նեղ ազգային քաղաքականության, հովանավորչության, ազգային շահի գերակայության վիճակի:

Կարծում ենք՝ տեղին է համաշխարհային տնտեսության պարբերական զարգացման դրույթի հիշատակումը, սակայն այս պարագայում խոսքը վերաբերում է ոչ թե անկման կամ վերելքի հարափոխությանը, այլ գաղափարախոսական հենքին ու պետական և ազգային շահերի վերաիմաստավորմանը:

Գաղտնիք չէ, որ տնտեսագիտության նույնիսկ ամենադասական մոտեցումներն առավել արդյունավետ կիրառվել են միայն իրենց հատուկ միջավայրում, և այսօր տնտեսական քաղաքականության վերաընկալման, նոր օրենքների ու օրինաչափությունների ամրագրման անհրաժեշտությունն աներկբա է:

Անդրադառնալով մեր հանրապետությանը, պետք է նշել, որ բազմաթիվ հետազոտողների այն պնդումը, որ «ճգնաժամը նաև հնարավորություն է», ցավոք, չկենսագործվեց: Ավելին, երկրում ստեղծված կրիտիկական վիճակը ստիպում է բացառապես մտածել վնասները նվազագույնի հասցնելու, հումանիտար աղետից խուսափելու, կորոնավիրուսի համապետական տարածումը կանխարգելելու և զոհերի թիվը հնարավորինս կրճատելու ուղղությամբ:

Ճգնաժամի ավարտից հետո մեզ սպասվում է համաշխարհային տնտեսությունում և տարածաշրջանում վերադիրքավորվելու երկար ու դժվարին ճանապարհ…

Օգտագործված գրականություն

  1. Բեջանյան Հ., Պայքար համավարակի դեմ. դեպի տնտեսական ճգնաժա՞մ, թե՞ ճգնաժամի կանխարգելում, «Ամբերդ» տեղեկագիր, 2020, N1 (2), 15 17-24, https://asue.am/upload/files/amberd/Am- berd%202020.1.pdf
  2. Սողոմոնյան Խ., COVID-19 տնտեսական ճգնաժամի գործունեության մեխանիզմը, 2020-05-15, https://www.hamakarg. am/?p=4048
  3. Влияние коронавируса COVID-19 на эконо- мику, 2020/05/29, https://www.tadviser.ru/ index.php
  4. Всемирный банк предрек крайнюю бед- ность 60 млн человек из-за пандемии; 20 мая 2020; https://winterfax.ru/busi– ness/709392
  5. Данилов И., Вирус отнимает у Запада руль от мировой экономики, 15.03.2020, https:// ru/20200315/1568608631.html
  6. Жуков С., Масленников А., 14.04.2020, Мировая экономика в ситуации пандемии коронавируса. Положение на 13 апреля 2020 г., https://www.imemo.ru/news/events/ text/mirovaya-ekonomika-v-situatsii-pan- demii-koronavirusa-polozhenie-na-13-aprel- ya-2020-g
  7. Калмыков А., Европа подсчитала убытки от коронавируса. Худшие прогнозы сбыва- ются, Би-би-си, 1 мая 2020, https://w bbc.com/russian/features-52493422
  8. Калмыков А., Мировой экономике грозикризис столетия, предупредил МВФ. Но все оказалось еще хуже, Би-би-си, 13 мая 2020, https://www.bbc.com/russian/news-52642074
  1. Коронавирус: в ООН поставили диагноз мировой экономике и назначили лечение, Май 15, 2020, http://khovar.tj/rus/2020/05/ koronavirus-v-oon-postavili-diagnoz-miro- voj-ekonomike-i-naznachili-lechenie/
  2. МВФ: Пандемия COVID-19 нанесет серьезный урон экономике Кыргызстана; https://rus.azattyk.org/a/30611446.html
  3. Петровский П., Коронавирус – не причина, а катализатор экономического кризиса, 18 май 2020, http://russkie.org/articles/korona- virus-ne-prichina-a-katalizator-ekonomichesk- ogo-krizisa/
  4. Чернышевская Ю., Мировая экономика начнет восстановление с 2021 года; 29.04.2020; https://wrzd-partner.ru/oth– er/news/mirovaya-ekonomika-nachnet-vossta- novlenie-s-2021-goda/
  5. Чтобы восстановиться после пандемии COVID-19, мировой экономике понадобится три года; 17.05.2020; https://inshe.tv/eco- nomics/2020-05-17/530742/
  6. Assessment of the Economic Impact of Re- strictive Government Policies (Lockdowns) to Combat Coronavirus; 03.04.2020, http://in- rau.am/rus/11/1226?fbclid=IwAR1ygZ_ dY_vVnLDb5w-pUgr59bVdXPouEQEZW6tfx- 4M2X_phe8JSmthLa1Q