Սոցիալական կապիտալը և Covid-19-ի տարածումը

Լիանա ԻՍԱՅԱՆ
ՀՊՏՀ ասպիրանտ

Covid-19-ի տվյալներն այս պահին, թերևս, ամենաշատ վերլուծվողն են տվյալագետների ու տարբեր գիտնականների կողմից, թեև, հավաստիության տեսանկյունից, դրանք կասկածի տակ են դրվում։ Հոդվածի շրջանակում կփորձենք այս տվյալների վերլուծությունը ներկայացնել մի տեսանկյունից, որն առնվազն ամենահաճախ քննարկվողներից չէ գիտական ու հանրային հարթակներում։ Այսպես՝ աղյուսակ 1-ում արտացոլված է տարբեր երկրներում 1 մլն բնակչի հաշվով վարակակիրների ցուցանիշի1 և, մեր կարծիքով, սկզբնական շրջանում (մինչև տարատեսակ միջոցառումների իրականացումը) վարակի տարածման արագությունը պայմանավորող մի շարք ցուցանիշների միջև կոռելյացիոն կապը։

Նկատենք, որ եթե դիտարկված որոշ ցուցանիշների դեպքում պետությունները թեկուզ որոշ չափով աշխատում են ռիսկերը մեղմելու ուղղությամբ (միջազգային տեղաշարժի սահմանափակումներ, բազմաթիվ երկրներում, արտակարգ դրության հայտարարմամբ պայմանավորված տեղաշարժի արգելքներ և այլն), ապա սոցիալական կապիտալի ու ցանցային  կապերի ցուցանիշների պարագայում3, կարծես թե, ոչ ոք այդ մասին չի էլ մտածում։ Մինչդեռ, ինչպես տեսնում ենք աղյուսակ 1-ի տվյալներից, սոցիալական կապիտալի ցուցանիշն ամենաբարձր կոռելյացիոն կապն ունի 1 մլն բնակչի հաշվով վարակակիրների ցուցանիշի հետ։ Նշենք, որ համանման հաշվարկ կատարել ենք նաև ըստ 14.04.2020 թ. և 19.03.20 թ. տվյալների,   և պատկերը նույնական է 01.05.2020 թ.-ի հետ, բացառությամբ արտագնա զբոսաշրջության ցուցանիշի, որի դեպքում կոռելյացիոն կապն աստիճանաբար ավելի է թուլացել, ինչը տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ աշխարհի «փակվելուց» հետո այն վարակի տարածումը պայմանավորող հիմնական գործոն լինել չի կարող։ Առավել մանրամասնորեն դիտարկենք պատկերը սոցիալական կապիտալի և ցանցային կապերի ցուցանիշների առումով (գծապատկեր 1, 2):

Ինչպես նկատում ենք, 1 մլն բնակչի հաշվով վարակակիրների ցուցանիշի և ցանցային կապերի ցուցանիշների միջև կոռելյացիան ավելի է մեծանում outlier-ները (այդ թվում՝ Հարավային Կորեան, Ճապոնիան, Սինգապուրը և այլն) հանելուց հետո: Նշենք, որ ՀՀ-ն 01.05.20 թ. դրությամբ 1 մլն բնակչի հաշվով վարակակիրների ցուցանիշով 57-րդն էր վարակակիր ունեցող երկրների շարքում, 14.04.20 թ. դրությամբ՝ 60-րդը, 19.03.20 թ. դրությամբ՝ 52-րդը: Ըստ ցանցային կապերի ցուցանիշի՝ մեր երկիրը 39-րդն է աշխարհում4։ Ընդհանուր տրամաբանությունից որոշ չափով շեղվում են գծապատկերների վերջին հատվածում ներկայացված՝ 2-րդ պայմանական քլաստերներին պատկանող երկրները։

Ի՞նչ է սա նշանակում։ Այս գործողության հիմնական նպատակը վարակի տարածման բարձր ներուժ ունեցող երկրների ցանկի վերհանումն է, ինչը պետք է բարձրացնի թե՛ նշված երկրների կառավարությունների, թե՛ նրանց գործընկերների զգոնության մակարդակը։

Գծապատկեր 2 Կապը ցանցային կապերի և 1 մլն բնակչի հաշվով վարակակիրների ցուցանիշների միջև6

Ուստի, օգտագործելով վերը բերված ցուցանիշները, կատարել ենք վարակի տարածման ռիսկի ինդեքսի8 հաշվարկ, որի արդյունքում բացահայտել ենք առավել բարձր ռիսկային 30 երկրների ցանկը, որն էլ ներկայացված է գծապատկեր 3-ում։

Գծապատկեր 3 Վարակի տարածման առավել բարձր ռիսկ ունեցող 30 երկրներն ըստ վարակի տարածման ռիսկի ինդեքսի7

Նշենք, որ, ըստ մեր հաշվարկների, ՀՀ-ն, որ վարակի տարածման  ռիսկի  ինդեքսով  64-րդն   է, 01.05.20 թ. դրությամբ 1 մլն բնակչի հաշվով վարակակիրների ցուցանիշով նույն երկրների շարքում մոտ 60-րդն էր, ինչը նշանակում է, որ մեր երկիրն աչքի չի ընկել ո՛չ պայքարի արտասովոր արդյունավետ գործիքներով, ո՛չ էլ անարդյունավետ պայքարի հետևանքով զիջել է մյուս երկրներին՝ հայտնվելով գրեթե նույնական դիրքում։ Մինչդեռ, օրինակ, հարևան Վրաստանն ըստ վարակի տարածման ռիսկի ինդեքսի 67-րդն է, իսկ 1 մլն բնակչի հաշվով վարակակիրների ցուցանիշի՝ մոտ 110-րդն աշխարհում9:

Գծապատկեր 4 Համաշխարհային առևտրային ցանցը, 2017 թ.10

Դիտարկենք նաև մեկ այլ ցուցանիշ, որը, մեր կարծիքով, ևս մասնակիորեն կարող է բացատրել վարակի տարածման տրամաբանությունն ու ռիսկերի մեղմման ազդակներ հաղորդել։ Խոսքը համաշխարհային առևտրային ցանցի մասին է։

Գծապատկերում վառ գույնով ներկայացված են արտահանման խոշոր կենտրոնները՝ Եվրոպա, Չինաստան, ԱՄՆ, OPEC երկրներ և այլ խմբեր, որոնք ցանցի խոշորագույն հանգույցներն են։ Շատերն այս օրերին խոսում են փոփոխվող աշխարհի մասին։ Արդյո՞ք համավարակի հաղթահարումից հետո համաշխարհային առևտրային կապերն այսպիսի տեսք կունենան։ Մեր կարծիքով՝ ո՛չ:  Դա արդեն իսկ  տեսանելի է մեծ արագությամբ փոփոխվող միջազգային, մասնավորապես՝ Եվրամիության՝ հարցականի տակ դրվող հարաբերություններում11։

Ամփոփելով նշենք, որ այս մտահոգություններն ամենևին էլ անտեղի չեն։ Սոցիալական կապիտալի հետազոտողները, որ վեր են հանել երկրների ու մարդկանց հարաբերությունների փոփոխություններն Իսպանական գրիպից առաջ ու հետո, արձանագրել են՝ Իսպանական գրիպի ժամանակ հազար մարդու հաշվով մահացության մեկ դեպքով ավելացումը հանգեցրել է վստահության մակարդակի 1,4 տոկոսային կետով անկման։ Սոցիալական վստահության այս կորուստը տասնամյակներ շարունակ խոչընդոտել է տնտեսական աճը12։  Ու  եթե  պետական  ինստիտուտների ու առողջապահական ազգային ծառայությունների դեպքում ապացուցվում է դրանց աշխատանքի անարդյունավետությունը ճգնաժամին դիմակայելու գործում, ապա քաղաքացիական հասարակությունը լուրջ տրոհում է ապրում համընդհանուր կասկածի տրամադրությունների պատճառով։ Ուստի մեր հետազոտության մեջ բացահայտված ցուցանիշները, վստահության և համագործակցության մակարդակի կտրուկ նվազման առումով, կարծում ենք՝ առնվազն ահազանգող են։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Թադևոսյան Ռ., Կորոնավիրուսը խարխլել է Եվրամիության միասնությունը, «Ամբերդ» տեղեկագիր. կորոնավիրուսը և աշխարհը, 2020/1 (2), Երևան, էջ 30-33, https:// asue.am/upload/files/amberd/Amberd%20 2020.1.pdf
  2. Aassve A., Alfani G., Gandolfi , Moglie M. L., Pandemics and social capital: From the Spanish flu of 1918-19 to COVID-19, 2020, https://voxeu.org/article/pandemics-and-so- cial-capital?fbclid=IwAR1KUPhmLSuF1SiuZ- POylPSy8akx9_BNt40tYlNw7Bi71wjlTK9hod- 9Kkxk
  3. The Legatum Prosperity Index 2019, Method- ology Report, https://prosperitysite.s3-ac- celerate.amazonaws.com/7515/8634/9002/ Methodology_for_Legatum_Prosperity_In- dex_2019.pdf
  4. The Legatum Prosperity Index 2019, Country Profiles, https://prosperitysite.s3-accelerate. com/4415/8635/2894/The_Lega- tum_Prosperity_Index_2019_Country_Pro- file_Document.pdf

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Ամբերդ հետազոտական կենտրոն