Covid-19 համավարակը խթանում է հովանավորչությունը

Շուշան Մովսիսյան
ՀՊՏՀ ասպիրանտ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հատել է 5 միլիոնի սահմանը, զոհերիքանակն անցել 344 հազարից: Համավարակը խաթարել է տնտեսական բնականոն գործունեությունն ամբողջ աշխարհում: Աննախադեպ միջոցառումները, որ կիրառում են երկրները մարդկային կյանքեր փրկելու համար, ահռելի վնասներ են հասցնում համաշխարհային տնտեսությանը:

Covid-19 մեծ հարված է հասցնում նաև համաշխարհային առևտրին: Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի համաձայն՝ գլոբալ առևտուրն արդեն իսկ նվազել էր 2019 թ.՝ ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի հետևանքով: 2020 թ. կանխատեսվում է միջազգային առևտրի կտրուկ անկում ինչպես բոլոր տարածաշրջաններում, այնպես էլ տնտեսության բոլոր հատվածներում: Ըստ լավատեսական սցենարի՝ 2020 թ. ապրանքների համաշխարհային առևտուրը կնվա- զի 13%-ով: Իսկ եթե կառավարությունները ձախողվեն իրավիճակի վերահսկման և միջոցառումների համակարգման գործընթացներում, ապա անկումը կկազմի 32% և ավելի: Կանխատեսումների այսպիսի մեծ միջակայքը պայմանավորված է նույնքան մեծ անորոշությամբ, քանի որ բուն խնդիրը դուրս է տնտեսական համակարգից: Անորոշությունից են բխում նաև արտաքին առևտրի ոլորտում իրականացվող հովանավորչական միջոցառումները:

Ապրանքների,  ծառայությունների, կապիտալի,  աշխատուժի, տեխնոլոգիաների շուկաների միջազգային փոխկապվածության օգուտներն անժխտելի են: Սկսած 1817 թ.՝ Դ. Ռիկարդոյի համեմատական առավելությունների տեսության ներկայացումից ի վեր, բազմաթիվ վերլուծություններով հաստատվել է ազատ առևտրի դրական նշանակությունը դրան մասնակից բոլոր կողմերի համար: Արդյունքում համաշխարհային տնտեսությունում առևտրի ազատականացումը շարունակական բնույթ է կրում: Էմպիրիկ տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ ճգնաժամային իրավիճակները հանգեցնում են հովանավորչական միջոցառումների աճի՝ դրդելով կառավարություններին նախաձեռնելու առևտրի սահմանափակման և այլ պատասխան քայլեր1:

Ի՞նչ է իրենից ներկայացնում հովանավորչությունը

Առևտրի հովանավորչությունը քաղաքականություն է, որ պաշտպանում է ազգային տնտեսությունն օտարերկրյա մրցակ ցությունից արտաքին առևտրի պետական կարգավորման գործիքների կիրառմամբ: Covid-19-ով պայմանավորված՝ 2020 թ. փետրվար, մարտ, ապրիլ ամիսների ընթացքում ավելացել է արտահանման սահմանափակումների թիվը:

Համավարակները փոխել են պատմության ընթացքը: Բացի ահռելի մարդկային կորուստներից, դրանք տնտեսական վնասներ են հասցրել, իսկ երբեմն, որքան էլ տարօրինակ է հնչում, հանգեցրել բնակչության եկամուտների և բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Հովանավորչական միջոցառումներ են իրականացվում բժշկական պարագաների, դեղորայքի և ծայրահեղ կարևոր պարենային ապրանքների առևտրի ոլորտում՝ նպատակ հետապնդելով կանխելու այդպիսի ապրանքների պակասուրդը երկրներում: Ըստ շվեյցարական Global Trade Alert4-ի տվյալների՝ 2020 թ. սկզբից 82 երկիր և ինտեգրացիոն միավորումներ բժշկական պարագաների և դեղամիջոցների արտահանման սահմանափակման 132 միջոցառում են ներկայացրել (մայիսի 1-ի

Աղբյուրը՝ Global Trade Alert:

 դրությամբ): Ընդ որում, միջոցառումների 36%-ը (թվով՝ 47-ը) բաժին է ընկնում զարգացած երկրներին և վերջիններիս ինտեգրացիոն միավորումներին (Եվրոպական միություն): 22 երկիր և ինտեգրացիոն միավորումներ, ընդհանուր առմամբ, ներկայացրել են գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման սահմանափակման 31 միջոցառում: Զարգացած երկրները պարենային ապրանքների արտահանման սահմանափակման միջոցառումներ չեն ներկայացրել:

Բժշկական պարագաների և դեղամիջոցների արտահանման սահմանափակումների կիրառումը սկսվել է դեռևս փետրվարին՝ ընդգրկելով բավական լայն աշխարհագրական շրջանակ՝ Եվրամիության երկրներ, ԵԱՏՄ, ԱՄՆ և այլն: Սակայն, ելնելով անհատական պաշտպանական միջոցների պակասուրդից, Եվրամիությունը մարտի վերջին թույլատրել էր նմանատիպ ապրանքների արտահանումը մեկ վերապահումով. արտահանում իրականացնել ցանկացող ընկերությունները պետք է ստանային իրենց երկրների կառավարությունների համաձայնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն շատ արագ կերպով վերափոխել էր նաև այս որոշումը՝ գիտակցելով դրա ծանր հետևանքներն այն զարգացող երկրների համար, որոնք կախված են ԵՄ-ից բժշկական պարագաների ներմուծումից5:

Եվրասիական տնտեսական միությունն (ԵԱՏՄ) ապրիլի սկզբին ընդունել է համավարակի հակազդման և ԵԱՏՄ տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների փաթեթ՝ ըստ որի միասնական ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվում ծայրահեղ կարևոր ապրանքների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ6: Մասնավորապես՝ մինչև 2020 թ. հունիսի 30-ը արգել- վում է մի շարք պարենային ապրանքների արտահանումը: Ցանկում ներառված են սոխը, սխտորը, աշորան, բրինձը, հնդկացորենը, կորեկը, այլուրը, արևածաղկի սերմերը և այլն: Մինչ այդ՝ մարտի 24-ին, որոշում էր կայացվել ժամանակավորապես (մինչև 2020 թ. սեպտեմբերի 30-ը) արգելել ԵԱՏՄ տարածքից բժշկական պարագաների արտահանումը7, այդ թվում՝ դիմակներ, ռեսպիրատորներ, պաշտպանիչ ակնոցներ, ախտահանող միջոցներ և այլն:

Հարկ է նշել նաև, որ այս միջոցառումներին զուգահեռ, մի շարք համանման արտադրանքների նկատմամբ կիրառվում են ներմուծման զրոյական մաքսատուրքեր: Դրանք են պարենային, գյուղատնտեսական և բժշկական ապրանքներն ու դեղա- միջոցները, որոնք, ստեղծված իրավիճակի հետ կապված, կարող են կարճաժամկետ հեռանկարում ունենալ մեծ պահանջարկ կամ պակասուրդ։

Համավարակի սկզբնական շրջանում ինտեգրացիոն կառույցների ներսում բացակայում էր համակարգված քաղաքականությունը ոչ միայն առողջապահական ճգնաժամի հակազդման, այլև տնտեսական քաղաքականության իրականացման տեսանկյունից:

Մինչև միասնական միջոցառումների կիրառումը ԵԱՏՄ երկրներն արդեն իսկ ներկայացրել էին ծայրահեղ կարևոր ապրանքների առևտուրը կարգավորող միջոցառումների ցանկ: ՀՀ-ում պարետի մարտի 19-ի որոշմամբ սահմանափակվել էր մի շարք բժշկական պարագաների արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ8: Նման ապրանքների արտահանման համար անհրաժեշտ էր համապատասխան թույլտվություն ստանալ Պետական եկամուտների կոմիտեից: Այս որոշումն ուժը կորցրած է ճանաչվել ապրիլի 3-ին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ համավարակի հակազդման միջոցառումների հաստատումից հետո:

ՌԴ կառավարությունը մարտի 17-ին հաստատել էր համավարակի պայմաններում կայուն տնտեսական զարգացման առաջնահերթ միջոցառումների ծրագիր, որը նախատեսում էր նաև պարենային և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակումների կիրառում9: Մարտի սկզբին Ռուսաստանը արտահանման արգելք էր սահմանել անհատական պաշտպանական, ինչպես նաև ախտահանող միջոցների նկատմամբ: Նշված արգելքը նախատեսվում էր կիրառել մինչև 2020 թ. հունիսի 1-ը, որը, սակայն, ուժը կորցրած է ճանաչվել ապրիլի 30-ին10:

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի հրամանով, 2020 թվականի մարտի 22-ից սկսած, երկիրը կիրառել է արգելք պարենային մի շարք ապրանքների արտահանման նկատմամբ: Ցանկում ներառվել են հնդկացորենը, ցորենի ալյուրը, կաղամբը, գազարը, ճակնդեղը, սոխը, շաքարը, արևածաղկի սերմերը և արևածաղկի ձեթը: Այս միջոցառումը նպատակ է հետապնդել արտակարգ դրության պայմաններում կանխելու ներքին շուկայում ծայրահեղ կարևոր ապրանքների պակասը: Ապրիլի սկզբին արտահանման արգելքը չեղարկվել է. ներկայում երկրում գործում են առաջնային պարենային ապրանքների արտահանման սահմանափակումներ (մինչև 2020 թ. սեպտեմբերի 1-ը): Մասնավորապես՝ ցորենի և այլուրի արտահանումն իրականացվում է գյուղատնտեսության նախարարության հաստատած ամսական մասնաբաժնի շրջանակներում:

Ղրղզստանի Հանրապետությունը դեռևս փետրվարի սկզբին ներկայացրել էր  մի շարք պարենային (ցորեն, ալյուր, ձեթ, բրինձ, մակարոնային արտադրանք, շաքար, ձու, աղ և այլն) և ախտահանող ապրանքների արտահանման արգելքներ:

ԵԱՏՄ անդամ երկրներից Բելառուսն այն եզակիներից է, որ հրաժարվել է համավարակի դեմ պայքարի արտակարգ միջոցառումներից: Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից ելնելով, Բելառուսը մարտի ընթացքում ներկայացրել է երկրի սահմաններից բժշկական մի շարք պարագաների և պարենային ապրանքների արտահանման արգելք: Ծայրահեղ անհրաժեշտ ապրանքների պակասուրդը կանխելու նպատակով բելառուսական մեծաթիվ ձեռնարկություններ վերամասնագիտացել են անհատական պաշտպանության միջոցների և հակասեպտիկների արտադրության մեջ:

Այսպիսով՝ կարելի է ասել, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն աստիճանաբար ավելի համակարգված արտաքին առևտրային քաղաքականություն են վարում:

Ներկայում իրականացվող առևտրի հովանավորչական միջոցառումները, միտված լինելով պետական անվտանգության ապահովմանը, նպատակ են հետապնդում կանխելու պարենային ծայրահեղ անհրաժեշտության ապրանքների ու բժշկական պարագաների պակասուրդը: Արտահանման սահմանափակումներին զուգահեռ, աշխարհի երկրները ժամանակավորապես ազատականացնում են նույն ապրանքների ներմուծումը (զրոյական մաքսատուրք, մաքսային ընթացակարգերի պարզեցում և այլն): Ավելին, ծայրահեղ կարևոր ապրանքների համար «պայքարը» սոսկ առևտրի կարգավորման միջոցառումներով չի սահմանափակվում: Փորձելով ձեռք բերել կենսական նշանակության բժշկական պարագաներ, սկսած դիմակներից մինչև թոքերի օդափոխման սարքեր, որոշ երկրներ և տարածաշրջաններ պնդում են, որ իրենց համար նախատեսված մատակարարումները խորհրդավոր կերպով ուղղորդվել են մեկ այլ տեղ՝ առավելապես   Միացյալ   Նահանգներ11:   Սպիտակ տունը հերքում է դա: Իրականում, սա միակ օրինակը չէ:

Պարենային և բժշկական ապրանքների առևտրի արգելքի հետևանքով ծանր վիճակում կհայտնվեն այն երկրները, որոնք կախված են այդ ապրանքների միջազգային առևտրից: Հետագայում սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդգրկելով կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղորայքի առևտուրը, իսկ կարանտինի ավարտից հետո՝ նաև թեստավորման սարքավորումները:

Ասիական առևտրի կենտրոնի տնօրեն Դեբորահ Էլմսի կարծիքով, առաջիկայում երկրներն աստիճանաբար կսկսեն հովանավորչական քաղաքականություն վարել նաև այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով պաշտպանելու ազգային տնտեսությունը: Կառավարությունները կօժանդակեն նախընտրելի արտադրություններին, ճյուղերին12:   Ու   թեև   այսպիսի   հովանավորչական միջոցառումները, որպես կանոն, կարճաժամկետ բնույթ են կրում, այդուհանդերձ պատմությունը ցույց է տալիս, որ դրանք ժամանակի ընթացում կայունություն դրսևորելու, ճգնաժամային իրավիճակի ավարտից հետո դեռ երկար ժամանակ պահպանվելու և համաշխարհային առևտրի զարգացմանը խոչընդոտելու վատ «սովորություն» ունեն:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Առանձին ապրանքների համար արտա- հանման ժամանակավոր սահմանափա- կումների մասին պարետի որոշում, 19 մարտի, 2020, N6, https://wgov.am/files/ docs/3957.pdf
  2. Мониторинг принятых государствами- членами ЕАЭС мер, направленных на преодоление негативных последствий распространения коронавирусной инфекции (COVID 2019), стр. 174, http://eurasiancommission.org/ru/covid-19/ Documents/МОНИТОРИНГ%20на%208%20 05.pdf
  3. Постановление от 2 марта 2020 года №223, http://static.government.ru/media/ files/odPVbEJwgG6QH0ryelXGwqAIBTnzjfMm. pdf
  1. Решение Коллегии ЕЭК от 03.2020 № 43 “О внесении изменений в Решение Коллегии Евразийской экономической комиссии от 21 апреля 2015 г. № 30 “О мерах нетарифного регулирования””, https://docs.eaeunion.org/docs/ru- ru/01425280/err_02042020_43
  1. Решение Коллегии ЕЭК от 03.2020 № 41 “О внесении изменений в Решение Коллегии Евразийской экономической комиссии от 21 апреля 2015 г. N 30 “О мерах нетарифного регулирования””, https://docs.eaeunion.org/docs/ru- ru/01425254/err_26032020_41
  1. Covid-19 is bringing out protectionist in- stincts. “Piracy” in obtaining vital supplies may rebound on those responsible, April 19 2020, https://wft.com/content/ed78b09c- 80a3-11ea-8fdb-7ec06edeef84
  2. Farhad , The global economic crisis, con- temporary protectionism, and least devel- oped countries, 2013, p. 40, https://www. unescap.org/sites/default/files/8-IIIT~1.pdf
  3. Global Trade Alert, https://www.global- tradealert.org
  4. Linders , Verstappen R., An even Greater Trade Collapse? How COVID-19 is changing global supply chains, April 30, 2020, https:// fleishmanhillard.eu/2020/04/greater-trade- collapse-how-covid-19-is-impacting-trade/
  5. Yen Nee Lee, Coronavirus pandemic will cause a “much bigger wave” of protection- ism, says trade expert, April 9 2020, https://cnbc.com/2020/04/10/coronavirus-ex- pect-a-lot-more-protectionism-says-trade-ex- pert.html

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Ամբերդ հետազոտական կենտրոն