Կդիմանա, արդյոք, ՀՀ առողջապահական համակարգը շարունակական համավարակի ազդեցությանը

Սուսաննա Աղաջանյան
Տնտեսագիտության թեկնածու

Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհը բախվել է բազմաթիվ  համաճարակների, և  յուրաքանչյուր ժամանակաշրջանի բնորոշ է   եղել   առողջապահական   համակարգի զարգացման «իր» մակարդակը: Ավելին, նույնիսկ մատչելի բժշկական փորձաքննության, սարքավորումների առկայության պայմաններում ամեն ինչ չէ, որ աշխարհում հավասարաչափ է բաշխված:

Կորոնավիրուսի տարածումը լուրջ մարտահրավեր է թե՛ աշխարհի և թե՛ ՀՀ առողջապահական համակարգերի համար: Խնդիրները բազմաթիվ են՝ սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, պաշտպանական միջոցներ, մասնագիտական ներուժ և այլն:

Վերջին տասնամյակում ընդլայնվել են առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ծավալները: Սակայն, չլուծված հիմնահարցերի շրջանակը շարունակում է ընդգրկուն լինել: Համաշխարհային բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհում շուրջ 400 մլն մարդ հնարավորություն չունի օգտվելու հիմնական առողջապահական ծառայություններից1: Միաժամանակ, առողջապահական համակարգերը սկսել են բախվել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բնակչության ծերացումը, անառողջ սննդով և կենսակերպով պայմանավորված հիվանդությունների տարածումը, ինչպես նաև ոչ վարակային հիվանդությունների, իսկ այսօր նաև համաճարակային իրավիճակների տարածումը և այլն:

Փորձենք հասկանալ, թե ինչպիսին է առողջապահական համակարգերի վիճակն աշխարհում: Նշենք, որ կան առողջապահական համակարգերի արդյունավետությունը գնահատող մի շարք ցուցանիշներ: Այսպես՝ Բլումբերգի առողջապահական համակարգերի արդյունավետությունը գնահատող ցուցչի հիմքում 3 ցուցանիշ է՝ կյանքի միջին տևողություն, առողջապահության վրա կատարվող պետական ծախսեր և մեկ շնչի հաշվով բժշկական ծառայությունների արժեք (գծապատկեր 1):

Ինչպես երևում է գծապատկերից, 2018 թ., ըստ վերոնշյալ վարկանշավորման, բարձր արդյունավետությամբ առողջապահական համակարգեր ունեցող երկրների առաջին հնգյակում են ընդգրկվել Հոնկոնգը, Սինգապուրը, Իսպանիան, Իտալիան և Հարավային Կորեան: Եվ, որքան էլ զարմանալի է, այս երկրներից հատկապես Իսպանիան և Իտալիան, թերևս, ամենածանրն են տանում կորոնավիրուսային համավարակը:

Առողջապահության անվտանգության համաշխարհային ցուցիչը գնահատում է աշխարհի բոլոր երկրների առողջապահական համակարգերի արդյունավետության մակարդակը: Այս զեկույցում երկրները դասակարգվում են՝ ելնելով համաճարակների նկատմամբ իրենց պատրաստվածության աստիճանից: Վարկանշավորման արդյունքները ցույց են տալիս, որ աշխարհում ոչ մի երկիր ամբողջապես պատրաստ չէ դիմակայելու համաճարակներին:

Գծապատկեր 1 Առողջապահության արդյունավետության համաթիվը2

Գծապատկեր 2 Առողջապահության անվտանգության համաշխարհային ցուցիչ. Հայաստան3

Հայաստանն այս վարկանշավորման մեջ զբաղեցնում է 44-րդ տեղը (50.2 միավոր), ընդ որում, վարակների հայտնաբերման և կանխարգելման ցուցանիշով՝ 21-րդ (56.7 միավոր), վաղ հայտնաբերման և իրազեկման ցուցանիշով՝ 46-րդ (60.8 միավոր), արագ արձագանքման և համաճարակի տարածման կանխարգելման ցուցանիշով՝ 26-րդ (55.5 միավոր), հիվանդների և առողջապահական համակարգի աշխատակիցների համար բավարար և հուսալի առողջապահական համակարգի առկայությամբ՝ 81-րդ (25.7 միավոր), ազգային առողջապահական համակարգի ներուժը բարձրացնելու, ֆինանսավորումը մեծացնելու պարտավորություններով՝ 83-րդ (50.1 միավոր), ռիսկի ընդհանուր միջավայրի և կենսաբանական վտանգների նկատմամբ խոցելիությամբ՝ 123-րդ (50.4 միավոր)տեղում է (գծապատկեր 2)4:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ կան երկրներ, որոնց առողջապահական համակարգերն ունեն բարձր ցուցանիշներ, բայց միջինում վերջիններս պատրաստ չեն հիվանդությունների նոր բռնկումների: Միաժամանակ, հետազոտության արդյունքները վկայում են, որ ճգնաժամերի կանխարգելման ֆինանսավորման համակարգում առկա են բազմաթիվ բացեր, որոնք փոխկապակցված և արագ փոփոխվող աշխարհում խորանում են քաղաքական անկայունության, ուրբանիզացիայի, կլիմայի փոփոխության, պաթոգեն հարուցիչներ ստեղծելու և տարածելու արագության պայմաններում:

Վերջին տարիներին առողջապահության ֆինանսավորման ծավալներն ավելանում են, սակայն ՀՀ-ում 2018 թ. առողջապահության վրա կատարվող պետական ծախսերը նվազել են 4.4%-ով կամ 3.6 մլրդ դրամով՝ կազմելով ՀՆԱ 1.4%-ը կամ բյուջեի մոտ 5.4%-ը (աղյուսակ 1)։

Աղյուսակ 1

Գծապատկեր 3 Տնային տնտեսությունների սպառողական ծախսերի կառուցվածքը (%-ով՝ ընդհանուրի նկատմամբ)6

Նշենք, որ վերը նշվածները բավական մտահոգիչ ցուցանիշներ են: Բացի դրանից, ՀՀ-ում բժշկական ծառայությունների արժեքի շուրջ 80%-ը վճարում են քաղաքացիները, ինչը նրանց կատարած ծախսերի շուրջ 13%-ն է (կրթության հետ միասին) (գծապատկեր 3):

Այս տեսանկյունից, խնդիր է առաջանում ավելացնելու առողջապահության ֆինանսավորման պետական ծախսերը, քանզի այս ցուցանիշները վկայում են ոչ միայն առողջապահական ծառայությունների դժվարամատչելիության, այլև ոլորտի կադրային (2018 թ. 10000 մարդու հաշվով ՀՀ-ում բուժաշխատողների քանակը 45 էր), տեխնիկական ապահովման, որակի կառավար- ման և այլ խնդիրների մասին: Առողջապահական հաստատությունները և ներուժը հիմնականում կենտրոնացված են հանրապետության առավելապես խոշոր քաղաքներում (հիմնականում Երևանում` բժիշկնե- րի 72.7%-ը, հիվանդանոցների` 41.9%-ը, հի- վանդանոցային մահճակալների` 64.9%-ը): Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության իրավունք ունեցել է բնակչության միայն 8.3%-ը (աղյուսակ 2):

ԱՂՅՈՒՍԱԿ 2

Համընդհանուր առողջապահության ապահովումը ենթադրում է անհրաժեշտ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ առանց ֆինանսական խոչընդոտների: Դեղամիջոցների հասանելիությունը ևս դրա կարևոր մասն է: Դեղագործական արդյունաբերությունը, համաշխարհային առողջապահական համայնքի հետ համագործակցելով, չափազանց կարևոր դեր է խաղում համաշխարհային առումով առողջության համար սահմանված առաջնահերթություններին արձագանքելու, անհրաժեշտ նորարարական արտադրանք մշակելու, արդեն իսկ գոյություն ունեցող արտադրանքի հասանելիության ընդլայնման և նոր գործընկերության ձևավորման գործում՝ ապահովելով դեղամիջոցների երկարաժամկետ և կայուն հասանելիություն:

Դեղագործական արդյունաբերությունն այժմ աշխատում է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ: Սակայն, այս հանգամանքը միայն «գործի կեսն է», քանզի, երբ այդ նոր ապրանքները դուրս գան շուկա, դրանց հասանելիության ապահովումը հիմնական խնդիր կդառնա հատկապես առավել խոցելի երկրներում:

Բժշկական նշանակության ապրանքների մատչելիության ապահովումը լուրջ հիմնախնդիր է ողջ աշխարհում՝ հաշվի առնելով դեղագործական արտադրանքի և բժշկական նշանակության պարագաների բարձր գները, որոնք ճնշում են գործադրում պետությունների՝ առանց այն էլ սահմանափակ հնարավորությունների վրա: Օրինակ՝ 2020 թ.-ին Առողջապահական պետական նպատակային ծրագրի շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց տրամադրվելու է 3.190.799,4 դրամի դեղորայք8: Բայց ցածր և միջին եկամուտ ունեցող բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, բնակչությունը հիմնականում սեփական միջոցներից է վճարում դեղորայքի արժեքը:

Այսպես՝ ՀՀ-ում ոչ պարենային ապրանքների մանրածախ շրջանառության 14.88%-ը բաժին է ընկնում դեղագործական, բժշկական և օրթոպեդիկ ապրանքներին, որոնք ոչ պարենային ապրանքների ընդհանուր մանրածախ շրջանառության մեջ ունեն ամենամեծ տեսակարար կշիռը՝ զիջելով միայն շինանյութին: Համավարակի բռնկման առաջին 2 շաբաթվա ընթացքում բնակչության շրջանում ավելացան նաև դեղորայքի խուճապային գնումները: Հատկապես նկատվեց հակավարակային դեղորայքի վաճառքի աճ, սակայն, հարկ է արձանագրել, որ այս հատվածում գնային փոփոխություններ տեղի չունեցան: Գների աճ արձանագրվեց հիմնականում պաշտպանական միջոցների շուկայում (բժշկական սպիրտի գինը 1100-ից դարձավ 2000, դիմակինը՝ 17-ից՝ 250, ձեռնոցներինը՝ 30-ից՝ 200 դրամ), ինչի հետևանքով կտրուկ ավելացան բնակչության սպառողական ծախսերը: Խուճապային շաբաթներից հետո աստիճաբար տեղի ունեցավ թե՛ տեղական և թե՛ ներմուծվող դեղորայքի գների աստիճանական բարձրացում՝ պայմանավորված արժույթի փոխարժեքի փոփոխությամբ, ԵԱՏՄ անդամ երկրների կողմից առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների արտահանման սահմանափակումներով, Չինաստանից և Իրանից հումքի մատակարարումների խափանումներով, ինչպես նաև Հնդկաստանի կողմից դեղագործական հումքի արտահանման վրա կիրառված սահմանափակումներով:

Նման զարգացումները ֆինանսական միջոցների սղության և արտաքին մատակարարումներից կախվածության պայմաններում մեծ ռիսկեր են պարունակում: Կորոնավիրուսային համավարակը, անկախ միջազգային վարկանիշներից, բացահայտեց շատ երկրների առողջապահական համակարգերում առկա խնդիրները: Առաջին անհրաժեշտության ծախսերն ուղղվեցին հենց այդ կողմ՝ ժամանակավոր հիվանդանոցներ, պաշտպանական միջոցների և սարքավորումների գնումներ, անհրաժեշտ  անձնակազմ:  Երբ  կորոնավիրուսի «փոշին» նստի, երկրները պետք է  արդեն «բուժեն» տնտեսությունը և առողջապահական համակարգը:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2019 թ., ԱՎԾ, 2020 թ.:
  2. Статистический ежегодник Евразийского Экономического Союза. ЕЭК, Москва, 2019.
  3. Global Health Security Building collec- tive action and accountability. The Economist. Intelligence Unit. https://nonews.co/wp-con- tent/uploads/2019/12/GHS2019.pdf
  4. https://knoema.com/atlas/topics/World-Rank- ings/World-Rankings/Health-care-efficien-

cy-index?action=export&gadget=trank- ing-container

  1. Tracking universal health coverage: First global monitoring report. Joint WHO/World Bank Group report, June
  2. http://www.irtek.am/views/act.aspx-?aid=151889

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տեղեկագիր