Մարդկային կապիտալը, մարդկային ներուժը և համավարակը

Ռուզաննա Թադևոսյան
ՀՊՏՀ ասպիրանտ

Մասնագիտական հրապարակումներում և հասարակական  քննարկումներում հաճախակի կարելի է հանդիպել մեր հանրապետությունում բարձր որակավորում ունեցող աշխատուժի առկայության վերաբերյալ պնդումների: Թե որքանով են դրանք համընկնում իրականությանը, կարող ենք տեսնել՝ հիմնվելով որոշակի չափումների, համաթվերի վրա, որոնք, քննադատության արժանի բազմաթիվ կողմերով հանդերձ, գոնե այլ պետությունների հետ համեմատման հիմք են տալիս: Նմանօրինակ չափումներից են ՀԲ-ի կողմից հրապարակվող Մարդկային կապիտալի  (ՄԿՀ) և ՄԱԿ-ի կողմից հրապարակվող Մարդկային ներուժի զարգացման համաթվերը (ՄՆԶՀ):

Իսկ ի՞նչ է մարդկային կապիտալը: Դա մարդու՝ որպես հասարակության անդամի սեփական արտադրողական ներուժն իրացնելուն անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և առողջության «փաթեթն» է: Այսպիսով՝ ՄԿՀ-ն գալիք սերնդի աշխատանքի արտադրողականության արտահայտությունն է՝ ըստ լիարժեք կրթության և կատարյալ առողջության հենանշի (benchmark): Այլ կերպ ասած, դա չափում է մարդկային կապիտալի մեծությունը, որին այսօր ծնված երեխան կարող է ակնկալել, որ կհասնի մինչև 18 տարին լրանալը1: Հետևաբար՝ մարդկային կապիտալը նաև ամենակարևոր «հումքն» է տեխնոլոգիական նորարարության (ինովացիայի) և երկարաժամկետ աճի ապահովման համար: Եվ եթե ցանկանում ենք պատկերացում կազմել, թե բարձր տեխնոլոգիաների զարգացման ինչ ներուժի ենք տիրապետում և ապագայի համար ինչ նշաձող կարող ենք սահմանել, նախևառաջ, պետք է ունենանք մեր «հումքի»՝ իրականությանը մոտ պատկեր:

Այսպիսով, ըստ ՀԲ վերջին՝ 2018 թ. հրապարակման, Հայաստանը մարդկային կապիտալի համաթվով (0.57 միավոր) 157 երկրի շարքում զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը: Իսկ դա նշանակում է, որ այսօր ծնված երեխան ապագայում ընդամենը 57%-ով արտադրողական կլինի, այսինքն՝ 43%-ով պակաս արտադրողական, քան կարող էր լինել, եթե ստանար ամբողջական կրթություն և լիներ լիարժեք առողջ:

ԱՂՅՈՒՍԱԿ 1

Ցուցանիշը ստանդարտացված է և գտնվում  է 0-1 միջակայքում: Բնականաբար, որևէ երկիր, նույնիսկ առաջին հորիզոնականում գտնվող Սինգապուրը, առավելագույն 1 միավորը չի ստացել (վերջինիս ցուցանիշ 0.88 է):

ՄԿՀ-ը երեք բաղադրիչի՝ մինչև 5 տարեկանն ապրելու հավանականության, կրթության ու առողջության ցուցանիշների արտադրյալն է: Համաթվի բոլոր ցուցանիշները և ԱՊՀ երկրների (Բելառուսի և Ուզբեկստանի տվյալները բացակայում են) արդյունքները ներկայացված են աղյուսակ 1-ում:

Ընդհանուր առմամբ, համաթիվը ներառում է 5 ցուցանիշ՝ մինչև 5 տարեկանն ապրելու հավանականություն, մինչև 18 տարին լրանալը ուսումնառության սպասվող տարիների թիվ, ներդաշնակեցված թեստերի միավոր, չափահասների կյանքի սպասվող տևողություն և մինչև 5 տարեկան թերաճ չհամարվող երեխաների տոկոս:

Ինչպես երևում է աղյուսակից, Հայաստանը ներդաշնակեցված թեստերի բավական ցածր միավոր ունի: Այս ցուցանիշը 300-625  միջակայքում  է:  Մեր  երկիրն իր 443 միավորով զիջում է նույնիսկ ԱՊՀ երկրների միջինին (470 միավոր): Իսկ դա նշանակում է, որ մեզանում դպրոցական կրթության որակը ցածր է ԱՊՀ մյուս երկրների համեմատ: Հատկանշական է, որ այստեղ հաշվի է առնվել ոչ միայն ուսումնառության տարիների թիվը, այլև թե ինչ են  սովորել  աշակերտներն  այդ  ընթացքում։ Ուստի հաշվարկվում է նաև ուսումնառության տարիների թիվը՝ ճշգրտված որակով: Այսպես՝ հայաստանցի երեխան, որն ակնկալում է սովորել 11.1 տարի, իրականում, հաշվի առնելով իր ստացած գիտելիքի ծավալը, ստանում է ընդամենը 7.9 տարվա կրթություն. տարբերությունը՝ 3.2 տարի:  Այսինքն՝  աշակերտը  ստանում  է 7.9 տարվան համարժեք գիտելիք, մինչդեռ դպրոց է հաճախում 3.2 տարի ավելի ժամանակահատված: Սա, թերևս, մեր կրթական համակարգի իրական գնահատականն է: Կարծում ենք՝ այդ տարբերությունը, այլ երկրների կրթության որակի հետ համեմատության առումով, ավելի լավ ցուցանիշ է, քան նույնիսկ ՄԿՀ հիմքում առկա՝ որակով ճշգրտված տարիների թիվը: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ ներդաշնակեցված թեստի միևնույն միավորի դեպքում սպասվող ուսումնառության տարիների ավելի մեծ թիվը մեծացնում է նաև որակով ճշգրտված տարիների թիվը: Բայց եթե աշակերտները կարողացել են ավելի բարձր միավոր ստանալ ավելի քիչ տարիների ընթացքում, նշանակում է՝ կա՛մ այդ կրթական համակարգն է ավելի արդյունավետ, կա՛մ տվյալ երկրի աշակերտների մտավոր կարողությունների մակարդակն է ավելի բարձր: Եթե այս տեսանկյունից դիտարկենք կրթության որակը, ապա Հայաստանն ԱՊՀ երկրներից կգերազանցի Ղրղզստանին և Մոլդովային: Առողջությանը վերաբերող ցուցանիշներով մեր երկիրն առաջ է անցել ԱՊՀ երկրների մեծ մասից (այդ թվում՝ Ադրբեջանից) և հարևան Վրաստանից: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանը, ըստ ՄԿՀ-ի, ԱՊՀ երկրներից առաջ է անցել միայն Տաջիկստանից, իսկ հարևան բոլոր երկրներին զիջում է (Իրան՝ 0.59, Վրաստան՝ 0.61, Թուրքիա՝ 0,63, Ադրբեջան՝ 0,60): Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանի 0.57 միավորը ցածր է տարածաշրջանի (Եվրոպա և Կենտրոնական Ասիա՝ 0.70), սակայն բարձր` իր եկամուտների խմբում ընդգըրկ- ված  երկրների  միջին  ցուցանիշից (միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրներ՝ 0,48): Նշենք, որ 2018 թ. հուլիսի 1-ին ՀԲ-ն փոխել է Հայաստանի դասակարգումը՝ մեր երկիրը ներառելով միջինից բարձր եկամուտներ ունեցողների խմբում, և, չնայած այն հանգամանքին, որ ՄԿՀ-ն հրապարակվել է հոկտեմբերին, Հայաստանը զեկույցում ընդգրկվել է որպես միջինից ցածր եկամուտներ ունեցող երկիր, իսկ իրականը եղել է միջինից բարձր եկամուտների խումբը, որի ցուցանիշը 0.578 է՝ փոքր-ինչ ավելի, քան Հայաստանինը: Այսպիսով՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եկամուտների միևնույն խմբում ընդգրկված երկրների հետ համեմատությունից պարզ է դառնում, որ Հայաստանը մարդկային կապիտալի միջինից ցածր ցուցանիշ ունեցող երկիր է, ինչի հիմնական պատճառը կրթության ցուցանիշների ցածր լինելն է: Այս ամենին զուգահեռ, այժմ արդեն COVID-19 է սպառնում կրթության որակին ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների՝ ապրիլի 2-ից աշխարհի 193 երկրում փակ են եղել մանկապարտեզնե- րը, դպրոցները և համալսարանները, ընդհանուր թվով՝ շուրջ 1.6 մլրդ սովորող չի հաճախել կրթական հաստատություններ: Այնուհետև որոշ երկրներ սկսել են աստիճանաբար վերաբացել դպրոցները, և մայիսի 5-ի դրությամբ փակ են եղել 177 երկրի կրթական հաստատություններ՝ տարածվելով շուրջ 1.3 մլրդ աշակերտի վրա2: Դպրոցների փակ լինելն ազդում է աշակերտների ընդհանուր զարգացածության, սոցիալականացման և սովորելու հնարավորությունների վրա՝ ավելի խորացնելով անհավասարությունը (ոչ բոլորին է հասանելի համացանցը կամ դրանից օգտվելու տեխնիկան՝ հատկապես մի քանի դպրոցական ունեցող ընտանիքներում): Երկրների մեծամասնությունը դեռ պատրաստ չէ հեռավար կրթության, և այժմ կիրառվում է մի համակարգ, որն անգամ փորձարկված չէ՝ խնդիրներ առաջացնելով թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար:

Հատկանշական է, որ նման ծավալով կրթօջախների փակման հանգամանքն աննախադեպ է, և դրա ազդեցությունը դեռ երկարաժամկետում է զգացվելու: Իսկ կարճաժամկետ ազդեցությունը դեռևս արտահայտվում է միայն տնից աշխատող ծնողների արտադրողականության անկմամբ  և մանկապարտեզների, դպրոցների փակ լինելու հետևանքով որոշ ծնողների կորցրած աշխատանքով: Նորվեգիայի վիճակագրական կոմիտեի հետազոտության համաձայն՝ դպրոցների (մանկապարտեզից մինչև ավագ դպրոց) մեկ օրվա փակման արժեքը յուրաքանչյուր աշակերտի համար մոտավոր գնահատվում է 173 ԱՄՆ դոլար (1809 նորվեգական կրոն): Գնահատականի հիմքում կրթության խափանման հետևանքով ապագայում վաստակելիք եկամտի նվազումն է, այսինքն՝ կանխատեսվում է, որ իրենց կրթության ընդհատման պատճառով ներկայիս դպրոցականների եկամուտը կպակասի համապատասխան չափով: Ընդ որում, ենթադրության հիմքում այն իրողությունն է, որ հեռավար կրթության պայմաններում աշակերտները ստանում են նախատեսվող գիտելիքի միայն կեսը: Ընդհանուր առմամբ, գնահատվում է, որ եթե դպրոցները փակ մնան մինչև արձակուրդ, ապա կորուստը կարժենա 7,5 մլրդ ԱՄՆ դոլար (77 մլրդ նոր- վեգական կրոն): Սրանում ներառված են ընդհանուր մարդկային կապիտալի մա- կարդակի իջեցումը և աշխատանքի առաջարկի հնարավոր կրճատումը` պայմանավորված դպրոցների և մանկապարտեզների փակ լինելով3: Ընդունված է համարել, որ ուսումնառության լրացուցիչ մեկ տարին, այլ հավասար պայմաններում, ապագայում միջինում 10%-ով բարձրացնում է տարեկան ստացվող եկամուտը4: Այս տեսանկյունից, դժվար չէ պատկերացնել համավարակի ազդեցությունը մարդկային կապիտալի վրա: Իհարկե, սա չի նշանակում, որ երկրներն իզուր են դպրոցները փակել կամ պետք է արդեն բացեն, ինչպես, օրինակ, վարվեցին մի շարք երկրներ: Մասնավորապես՝ Դանիայում աստիճանաբար սկսվել է դպրոցների վերաբացման գործընթացը, ինչը, սակայն, վերաբերում է տարրական կրթություն ստացողներին՝ համարելով, որ վերջիններս ռիսկային գոտում չեն և վարակի տարածման մեծ աղբյուր չեն հանդիսանում: Մի շարք արևմտյան երկրներում այս մոտեցումը գուցե արդարացված է, քանի որ ընտանիքներն առավելագույնը երկու սերնդից են բաղկացած, այսինքն՝ ընտանիքի անդամները նույնպես ռիսկային խմբում չեն: Մինչդեռ Հայաստանում այս մոտեցումը չի կարող կիրառվել՝ հաշվի առնելով ընտանիքների՝ հաճախ 3 սերնդից (ներառյալ ռիսկային գոտում գտնվող ավագ սերդի ներկայացուցիչները) բաղկացած լինելու հանգամանքը:

COVID-19-ը սպառնալիք է նաև մարդկային կյանքի համար. համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում է զոհերի թիվը: Ուստի, այս տեսանկյունից ևս, դա կհանգեցնի մարդկային կապիտալի մակարդակի իջեցման, թեև ոչ այնքան, որքան կրթության որակի անկման դեպքում: Բանն այն է, որ մարդկային կապիտալում չափահասների կյանքի սպասվող տևողությունը գնահատելիս օգտագործվում է այն 15 տարեկանների տեսակարար կշիռը, որոնք, ակնկալվում է, կապրեն մինչև 60 տարին լրանալը, իսկ կորոնավիրուսի հետևանքով մահացածների միջին տարիքն ամբողջ աշխարհում բարձր է 60-ից:

Այսպիսով՝ համավարակն իր ազդեցությունն է թողնելու ողջ աշխարհի, ներառյալ Հայաստանի մարդկային կապիտալի վրա: Հաշվի առնելով, որ Հայաստանում, կրթության որակով պայմանավորված, մարդկային կապիտալի ցուցանիշն այնքան էլ

 

Մարդկային ներուժի զարգացման համաթիվն ԱՊՀ երկրներում

բարձր չէ, ապա կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի դա ավելի ցածր  կլինի:  Իսկ ինչպիսի՞ն են հայաստանաբնակների հնարավորությունները ցանկալի կյանքով ապրելու և արարելու առումով: Իհարկե, գաղտնիք չէ, որ ՀՆԱ-ն բարեկեցության չափման լավ մոտարկում չէ, ուստի մշակվել է Մարդկային ներուժի զարգացման համաթիվը` ընդգծելու համար, որ կարևորվում է ոչ միայն տնտեսական զարգացումը, այլև երկար և առողջ կյանքով ապրելու, արժանավայել կենսամակարդակ ունենալու և կրթություն ստանալու իրողությունները: Մարդկային ներուժի զարգացումը կարելի է բնորոշել որպես ընտրության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված գործընթաց: Իսկ դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է զարգացնել մարդկանց կարողությունները և մեծացնել առկա հնարավորությունները: Ամեն տարի հրապարակվող ՄՆԶՀ-ն արտահայտում է հենց այդ ամենի միջինացված պատկերը: Կամ, այլ կերպ ասած, ՄՆԶՀ-ը գնահատում է կյանքի սպասվող տևողությունը, կրթություն ստանալու հնարավորությունը (չափվում է ըստ ուսումնառության սպասվող և չափահասների ուսման տարիների միջին թվերի) և կենսամակարդակը (չափվում է ըստ գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչի հաշվով ՀԱԱ-ի): Հատկանշական է, որ Հայաստանը 0.76 միավորով ընդգրկվել է մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում՝ զբաղեցնելով 81-րդ հորիզոնականը5: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով 2 տեղով և առաջ անցնելով հարևան Ադրբեջանից (0.75), ՀՀ-ն դեռևս հետ է մնում իր մյուս հարևաններից՝ Թուր- քիայից (0.8), Իրանից (0.79) և Վրաստանից (0.78):

ԱՊՀ երկրների շարքում, ի տարբերություն ՄԿՀ-ի, ՄՆԶՀ-ի միջինից (0.74) բարձր ցուցանիշ ունենք՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Ուսման սպասվող տևողությունը և չափահասների ուսման տարիների միջին թիվն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 13.2 և 11.8 տարի: Կարևոր է ընդգծել, որ կյանքի սպասվող տևողությունը ևս Հայաստանում բավական աճել է (2018 թ.՝ 74.9 տարի, ինչը 2010 թ. համեմատ ավելի է 2.5, իսկ 1990 թ. համեմատ՝ 7 տարով): Սակայն, COVID-19-ն ամբողջ աշխարհում կհանգեցնի կյանքի սպասվող տևողության անկման, քանի որ այն ուղղակիորեն կապված է մահացության ցուցանիշի հետ: Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ ՄՆԶԻ-ն ամբողջ աշխարհում և հատկապես այն երկրներում, որտեղ զոհերի թիվը մեծ է, նույնպես կնվազի:

Ամփոփելով նշենք, որ մարդկային կապիտալում կատարվող ներդրումները, մեղմ ասած, չեն բավարարում մրցունակ երկրի պահանջներին: Կրթական համակարգի խնդիրները սկիզբ են առնում  հենց դպրոցական համակարգից, որտեղ կրթության տարիներ-որակ հարաբերակցությունը չափազանց մտահոգիչ է: Հայաստանի գերխնդիրը պետք է լինի դպրոցական կրթության՝ որպես ուսման մյուս փուլերի հիմքի որակի վերանայումը: Որքան էլ ցավալի է, սակայն համավարակը խորացնելու է արդեն իսկ եղած խնդիրները, ուստի ամբողջ աշխարհում մարդկային կապիտալի և մարդկային ներուժի զարգացման անկումն անխուսափելի է: Իսկ թե որքան ցավոտ կլինի այդ անկումը յուրաքանչյուր երկրի համար, կախված է տվյալ երկրի՝ համավարակի դեմ մղվող պայքարի արդյունավետության աստիճա- նից:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. The Human Capital Project, International Bank for Reconstruction and Development, The World Bank,
  2. Human Developmen Report 2019, UNDP, New York,
  3. Methodology for a World Bank Human Capital Index, Aart Kraay, Policy Research Working Paper 8593, World Bank Group, Development Economics, Development Re- search Group, 2018
  4. Cost of school closure in the face of COVID-19, Statistics Norway, Reports 2020/15, published 15 April 2020.
  1. Closing schools for COVID-19 does lifelong harm and widens inequality, The Economist, Apr 30th 2020
  2. http://hdr.undp.org/en/content/2019-hu- man-development-index-ranking
  3. http://hdr.undp.org/sites/default/files/ pdf
  4. https://en.unesco.org/covid19/educationre- sponse

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տեղեկագիր