Համավարակի սոցիալ-տնտեսական իմունիտետի դրսևորումները

Արմեն Ճուղուրյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Ինչպիսի՞ն կլինի COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետագիծը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ COVID 19-ի զոհ են դառնում հիմնականում մեծահասակներն ու խրոնիկական հիվանդություններով տառապող անձինք (գծապատկեր 1)։ Համավարակը, բնականաբար, ունենում է նաև սոցիալ-տնտեսական ծանր հետևանքներ: Սակայն, այս ամենին զուգահեռ, արդեն իսկ դրսևորվում են որոշակիորեն դրական արդյունքներ՝ հակազդելով այն արատավոր մրցավազքին, որը, շարունակվելով տասնամյակներով, մեր հասարակությանը հասցրել էր վտանգավոր անդունդի եզրին։

Ճանապարհորդության և բիզնեսի նկատմամբ   սահմանափակումները,   ի   վերջո, դրականորեն են անդրադառնում մոլորակի  աղտոտվածության  մակարդակի  վրա: NASA-ի    ներկայացրած    արբանյակային պատկերներն ապացուցում են, որ այս տարեսկզբից  Չինաստանի  երկնակամարում նկատելի են ազոտի երկօքսիդի (NO2) մակարդակի   կայուն   անկման   երևույթներ: Բնականաբար,  դա  արդեն  իսկ  պայմանավորված է համավարակի բռնկման հետևանքով  տնտեսական  գործունեության դանդաղեցմամբ: Համավարակը նույնպիսի անդրադարձ է ունենում նաև Իտալիայի ջրուղիների վրա՝ կտրուկ վերափոխումներ արձանագրելով Վենետիկի ջրանցքներում, որոնք բյուրեղային են դարձել զբոսաշրջության  բացակայության  պատճառով: Նավերի և այլ տրանսպորտային միջոցների  զգալի  կրճատման  ուղղությամբ  Իտալիայի   կարանտինային   միջոցառումների շնորհիվ՝ ներկայում Վենետիկի ջրանցքներում   հնարավոր է տեսնել նույնիսկ ձկների վտառներ:

Մարդկությունը համավարակի շեմին հասել էր մի իրավիճակի, երբ արդեն չէր էլ նկատում, որ հայտնվել է շռայլ ապրելակերպի մրցավազքի արատավոր ճիրաններում։ Ընտանիքի բոլոր չափահաս անդամները ցանկանում էին ունենալ անձնական օգտագործման ավտոմեքենա, հնարավորինս ակտիվորեն ճամփորդել, վաստակել առավելագույն գումար, որ նորից ու նորից վատնեն ճոխ ապրելակերպի նպատակով։ Արդյունքում` լարված աշխատանքային օր, ընկճախտ (դեպրեսիա), ընտանեկան սառը հարաբերություններ, մարդասիրության կորուստ, սոցիալական ինքնամեկուսացում, շրջապատի նկատմամբ անտարբերություն, եսակենտրոնության (էգոիզմի) խորացում…

Համավարակը կարծես եկավ վերարժևորելու և սրբագրելու մեր ապրելակերպն ու սպառողական վարքագիծը։ Կարծում ենք՝ այս արհավիրքից հետո անհատները պետք է վերադասավորեն իրենց սպառողական զամբյուղի կառուցվածքը՝ փոքրինչ զուսպ վարքագիծ ցուցաբերելով դեպի շռայլություն տանող ծախսերի հանդեպ, ավելի պահպանողական ու զգուշավոր լինելով ֆինանսական պաշարների կուտակման նկատմամբ՝ այդպիսով բարձրացնելով իրենց պատրաստականության մակարդակը հետագա փորձությունների ռիսկերին դիմակայելու ուղղությամբ։

Հաշվարկները, որ կատարվել են ըստ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Բրյուգի ներկայացրած մոդելի, վկայում են, որ Չինաստանում COVID-19 համավարակի հետևանքով մահացածների թիվը քսանապատիկ ավելի փոքր է, քան մինչհամավարակային պայմաններում օդի աղտոտվածության պատճառով հիվանդություններից մահացողներինը2: Այս ամենով պայմանավորված, կարծում ենք, որ զգալի կլինեն նաև համավարակի բացասական հետևանքներին ուղեկցող սոցիալ-տնտեսական դրական դրսևորումները, մասնավորապես՝ կմեղմվեն ավտոճանապարհային խցանումները, փոքր-ինչ կպասիվանա մարդկանց միջազգային շարժունությունը, կկրճատվեն ավիաթռիչքերը, որոնք իրենց վառելիքի արտանետումներով արդեն հանգեցնում էին բնապահպանական աղետի3։ Միաժամանակ, եթե զբոսաշրջային քաղաքների իշխանությունները, շահույթ ստանալու մոլուցքին տրված, տուրք էին տալիս զբոսաշրջային ծառայությունների մատուցման մրցավազքին և գրեթե չէին էլ նկատում, թե ինչպես են իրենց քաղաքները հայտնվում աղբի, օդի անթույլատրելի աղտոտվածության մեջ, ապա գոնե հիմա կվերարժևորեն իրենց գործառույթները։

Դա վերաբերում է նաև անհատներին, որոնք սկսել էին շրջանցել հանրային հիգիենիայի պահպանման պարտավորությունները և իրենց հաշիվ չէին տալիս, թե ինչպես են իրենց գործունեությամբ վնաս հասցնում առողջապահությանն ու շրջապատին4։ Համավարակը պարտավորեցրեց վերհիշելու մեր սոցիալական պատասխանատվությունը ոչ միայն անձնական, այլև հանրային հիգիենայի նկատմամբ։

Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական իմունիտետ ձեռք կբերենք համավարակից հետո

Համավարակը կարծես ցնցեց և փորձության ենթարկեց նաև մինչ այժմ ձևավորված գլոբալացման հիմնասյուների ամրությունը։ Այսօր պետությունները բացառապես հետապնդում են նեղ ազգային սոցիալ-տնտեսական շահեր՝ սեփական ժողովրդին համավարակից փրկելու համար, շրջանցելով այն փաստը, որ վարակը սահմաններ չի ճանաչում և «առանց վիզաների» ազատորեն ճափորդում է մոլորակով մեկ5։ Դեռևս չի նկատվում պետությունների համախմբվածություն՝ համավարակի դեմ միասնական պայքարի հարցում։ Այս իրավիճակում կապիտալի միգրացիան, բնականաբար, փոխելու է իր վարքագիծը։ Այսպես՝ եթե մինչ համավարակը Հայաստանից տեղի էր ունենում «կապիտալի փախուստ»6, այժմ արդեն, կարծում ենք, երկրների տնտեսական մեկուսացման պայմաններում հայկական կապիտալը կհանգրվանի հայրենիքում՝ խթանելով տեղական ներդրումները։

Նախորդ երեսուն տարիների մակրոտնտեսական կառավարման սխալները մեզ հուշում են, որ պետությունը տնտեսական զարգացման հարցում չպետք է հույսը դնի միայն շուկայական հարաբերությունների վրա՝ հանդես գալով պասիվ դիրքորոշմամբ: Ուստի կարևոր է պետության կանխարգելիչ դերն այս հարցում, որտեղ առաջնահերթ ենք համարում տնտեսական բարեփոխումների հետևյալ առանցքային ուղղությունները:

Նախ՝ անհրաժեշտ է իրականացնել ներմուծման փոխարինման քաղաքականություն: Ժամանակն է, որ պետությունը, ներկրումների սահմանափակման հաշվին, միջոցներ ձեռնարկի փոխարինող ապրանքների արտադրություններ հիմնելու և նոր աշխատատեղեր բացելու ուղղությամբ, ինչը պետք է իրագործվի աստիճանաբար՝ մեղմելով ներկրումների պակասուրդային ռիսկերը: Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ պետությունը ներդրումների աղբյուր փնտրի հենց երկրի ներսում՝ վարելով նպատակասլաց հարկաբյուջետային քաղաքականություն:

Եզրակացություն

COVID-19-ը եկավ ապացուցելու, որ համավարակային ռիսկերին դիմակայելիս ճգնաժամը հնարավորինս հեշտությամբ կհաղթահարեն այն երկրները, որոնք կձևավորեն սոցիալ-տնտեսական համակարգային իմունիտետ: Ու թեև Հայաստանի Հանրապետությունում գործում են հակաճգնաժամային և արտակարգ իրավիճակների կառավարման կառույցներ, կայացվում համավարակի սոցիալ-տնտեսական վնասների փոխհատուցման մասին կառավարության որոշումներ, որոնք ներկայում մեկ տասնյակից ավելի են, սակայն, կարծում ենք, որ անգամ այս գործողությունները բավարար չեն համավարակային ռիսկերի զսպման համար: Այս առումով, կարևոր ենք համարում համավարակների դեմ սոցիալ- տնտեսական իմունային համակարգի ձևավորումը, որի առանցքում կանգնած կլինի պետությունը:

Որքան էլ որ համավարակի պայմաններում «բոլորը դեմքով շրջվում են դեպի պետությունը», միևնույնն է, պահուստային բյուջետային միջոցները չեն բավարարում նման արհավիրքներին դիմակայելու համար: Ուստի ֆինանսական պաշարների ձևավորմամբ համավարակային ռիսկային փոխհատուցումը չի կարող լիարժեք լուծում ստանալ, եթե չձևավորվի սոցիալ- տնտեսական իմունային համակարգ, որն իր մեջ ներառում է տնտեսության մեջ պետության ճկուն միջամտությունը, միջազգային շուկաներից կախվածության ռիսկերի թուլացումը, բազմազանեցված (դիվերսիֆիկացված) տնտեսավարումը, ազգաբնակչության սպառողական վարքագծային փոփոխությունը, սոցիալական պատասխանատվության նորմերի վերանայումը:

Եվ եթե COVID-19-ի իմունիտետի պատվաստանյութի ստեղծումը կարող է կանխարգելել համավարակի բռնկումն ազգաբնակչության շրջանում, ապա ինչու չմտածել սոցիալ-տնտեսական իմունային համակարգի ձևավորման մասին՝ փորձելով ուժեղացնել պետության դիմադրողականությունն արտակարգ իրավիճակների ժամանակ և դրանով իսկ կառավարելի դարձնելով համավարակային ռիսկերը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Коронавирус: для кого он особенно опасен и почему?, https://wdw.com/ru
  2. The Unexpected Impact Of A Pandemic On The Environment, https://www.iflscience. com/environment/the-unexpected-im-

pact-of-a-pandemic-on-the-environment-

  1. Dynamics of beneficial epidemics, https://nature.com/articles/s41598-019- 50039-w
  2. Consumer attitudes: The short and long term effects of an unprecedented pandemic, https://www.nutraingredients.com/Arti- cle/2020/04/15/
  1. Economic impact of epidemics and pan- demics, https://weuroparl.europa.eu/ RegData/etudes/BRIE/2020/646195/EPRS_ BRI(2020)646195_EN.pdf
  2. Ճուղուրյան Ա., Խաչատրյան Ն., Կապի- տալի փախուստի պատմական ընթացքը և կանխարգելման ուղիները ՀՀ-ում, «Պատմություն և քաղաքականություն», գիտական հանդես, #1,(2), 2019, էջ 142:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տեղեկագիր