Գույքահարկ. ական տնտեսության ու ներդրումային միջավայրի տակ

Գույքահարկի վերանայումը վերջին ժամանակներում ներմուծված կարգավորումներից մեկն էր, որի նկատմամբ հանրությունը (գոնե մեծ մասը) հայտնեց իր անհամաձայնությունը: Այն դեպքում, երբ օրենսդրական մի շարք նախաձեռնություններ ու որոշումներ են ընդունվում, որոնք անմիջական անբարենպաստ ֆոն են գործարարության, հետևաբար և տնտեսության համար, քննարկումները մնում են զուտ մասնագիտական նեղ միջավայրերում: Իսկ անշարժ գույքի հարկման փոփոխությունները վերաբերում են յուրաքանչյուրին՝ անկախ ծավալից:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանի հետ զրուցել ենք գույքահարկի նոր կարգավորումների հետևանքների ու վտանգների մասին:

Պարոն Ֆարմանյան, օրենսդրական առումով ո՞րն է տարբերությունը՝ ի՞նչ է փոխում նոր կարգավորումը: Ներկայիս շեմից քանի անգամ բարձրացման մասին է խոսքը:

-Առանցքային փոփոխությունը հետևյալն է․ գործող օրենսդրությամբ, գույքահարկի հարկման բազան՝ անշարժ գույքի կադաստրային արժեքն է․ 2021թ․ հունվարի մեկից, որպես հարկման բազա, հիմք է ընդունվելու գույքի շուկայական արժեքը։ Միջին հաշվարկներով՝ վճարման ենթակա հարկի գումարը կավելանա մինչև 8-10 անգամ։ Նոր կարգավորումներով վերացվելու է նաև չհարկվող շեմը․ խոսքը վերաբերում է մինչև երեք միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքին, որը մինչ այժմ չի հարկվում, սակայն հաջորդ տարվանից հարկվելու է նաև նմանատիպ գույքը․ խնդիրն այն է նաև, թե ինչ սկզբունքով է գնահատվելու անշարժ գույքը․ անկախ ամեն ինչից՝ կարծում եմ շուկայական արժեքի հիման վրա գույքահարկի հաշվարկումը անարդար մոտեցում է։

-Միջին աշխատավարձ ու եկամուտ ունեցող քաղաքացու պարագայում ի՞նչ սոցիալական ու տնտեսական խնդիր կարող ենք կանխորոշել:

-Այս հարցի շրջանակներում ցանկանում եմ անդրադառնալ հետևյալին․ նախ իշխանական ներկայացուցիչները, այդ թվում վարչապետը, արտահայտել են բազմաթիվ հակասական տեսակետներ։ Երբ նախորդ տարի ԱԺ-ն ընդունեց ‹‹Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին›› օրենքը, սկզբում բոլորը հայտարարում էին, որ այդ օրենքի ընդունման նպատակը գույքահարկի բարձրացումը չէ: Այնուհետև ակնհայտ դարձավ, որ գույքահարկը բարձրանալու է: Դա ոչ այլ ինչ էր, քան գաղտագողի մոտեցում: Միաժամանակ վարչապետի կողմից հայտարարվեց, որ իրենք ֆիսկալ նպատակ չեն հետապնդում, ֆինանսների նախարարը զուգահեռ հայտարարեց, որ գույքահարկի և տնտեսական աճի միջև՝ կապը զրոյական է․ այս ամենից հետո տրամաբանական հարց է առաջանում, եթե նպատակը ֆիսկալ չէ, ապա ի՞նչ է…։ Գուցե այն կարելի է որակել, որպես ‹‹ազգային տու՞րք››, պարզ չէ։ Որպես արդարացում՝ անընդհատ խոսվում է այն մասին, որ եկամտահարկի նվազեցումը՝ բյուջեի եկամուտների տեսակետից, կոմպենսացվելու է գույքահարկի բարձրացմամբ․ դա ոչ այլ ինչ է, քան աբսուրդ։ Եկամտահարկը բացարձակապես կապ չունի գույքահարկի հետ․ ի՞նչ ասեն բոլոր մեր այն հայրենակիցները, որոնք աշխատանք չունեն․ չ՞է որ եկամտահարկ վճարում են բոլոր նրանք, որոնք ստանում են եկամուտ, աշխատավարձ։ Վերջին հաշվով, այս արտակարգ դրության պայմաններում, երբ չկա հանրային ընդվզման հնարավորություն՝ նման օրենքների ընդունումը ոչ այլ ինչ է, քան դավադրություն՝ հանրության թիկունքում։ Այս օրենքի ընդունումը, կարծում եմ, միանշանակ առաջացնելու է բացասական տնտեսական և սոցիալական  հետևանքներ։

-Ֆինանսների նախարարությունը մատնանշում է աստիճանական բարձրացման մասին, և խոսակցություններ կային, որ պետության կողմից սուբսիդավորման անհրաժեշտություն ու հեռանկար է լինելու: Որքանո՞վ է սա նպատակահարմար գործողություն (անկախ համավարակի թելադրած պայմաններից):

-Այո, խոսվում է աստիճանական բարձրացման մասին․ մենք գործ ունենք պարզ  մանիպուլյացիայի հետ․ մասնավորապես հայտարարվում է, որ մինչև 2026 թվականը, վճարման ենթակա գույքահարկի բացարձակ թիվը, իբրև թե նվազելու է։ Ինչի մասին է խոսքը․ փորձեմ մանրամասնել․ դեռևս նախորդ տարի ընդունված՝ չարաբաստիկ ‹‹Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին›› օրենքի ընդունումով, ըստ էության, գույքահարկն արդեն բարձրացվել է։ Այնուհետև, հարկային օրենսգրքի փոփոխություններով ամրագրվեց, որ 2021թ-ից նոր դրույքաչափերով գույքահարկը պետք է վճարվի, ըստ տարիների, մինչև 2026 թվականը, համապատասխանաբար, վճարման ենթակա գումարի՝ 25 %․ 30%, 35%, 50%, 75%-ի չափով և 2026թ-ից արդեն 100%-ով։ Գույքահարկի բարձրացումը կարելի է համարել ական՝ տնտեսության և ներդրումային միջավայրի տակ, իսկ աստիճանական բարձրացումը՝ դանդաղ գործողության ական։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև, որ վճարման ենթակա գույքահարկի նույնիսկ 25 %-ը բազմաթիվ դեպքերում բացարձակ թվով ավելի բարձր է, քան ամբողջ տարվա գույքահարկը, որը հաշվարկվել է մինչ այժմ։ Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, ապա դա նոնսենս է, որովհետև կառավարությունը մի կողմից ընդունում է տնտեսական և սոցիալական առումով  բացասական հետևանքներ առաջացնող օրենք, իսկ մյուս կողմից խոսվում է այն սուբսիդավորելու մասին․ կարծում եմ այս մասով մեկնաբանություններն ավելորդ են։

Ի՞նչ խնդիրների և ի՞նչ իրականության առաջ կկանգնի բիզնեսը՝ անշարժ գույքի բիզնեսը և ընդհանուր առմամբ գործարարությունը, ներդրումային հեռանկարները:

-Ինչպես արդեն նշեցի՝ գույքահարկի բարձրացումը ական է, ռումբ է տնտեսական համակարգի տակ, որի բացասական հետևանքները կերևան ապագայում։ Նույնիսկ մինչ այս փոփոխությունները բանկերում և վարկային կազմակերպություններում կուտակվել է հսկայական քանակությամբ անշարժ գույք, որը չի վաճառվում կամ դժվար է վաճառվում․ սրան գումարած  գույքահարկի բարձրացումը՝ կարելի է կանխատեսել նույնիսկ անշարժ գույքի շուկայի փլուզում։ Գույքահարկի բարձրացումը հիմնավորելու համար շատ մոդայիկ է դարձել անընդհատ խոսել միջազգային փորձի մասին, մասնավորապես բերվում է Մեծ Բրիտանիայի կամ այլ զարգացած երկրների օրինակը։ Կարծում եմ, որ այդ երկրների հետ համեմատվելը կոպտագույն սխալ է կամ խորը մոլորություն․ նախ ամբողջ աշխարհի կապիտալը հոսում է զարգացած երկրներ, այդ թվում Մեծ Բրիտանիա, հետևաբար այդ երկրները կարող են իրենց թույլ տալ սահմանել գույքահարկի բարձր շեմ։ Բացի դա, աշխարհի քարտեզի վրա գոյություն չունի մի երկիր, որը կարելի է համեմատել Հայաստանի հետ․փակ են երկրի սահմանների մոտ 70 տոկոսը,  գտնվում ենք  երկկողմանի շրջափակման մեջ, ծովային ելք չունենք, փաստացի գտնվում ենք պատերազմական վիճակում։ Հայաստանը չունի որևէ ներդրումային գրավչություն, հետևաբար ներդրումներ ներգրավելու առումով՝ պետք էր իրականացնել բացառապես խրախուսող քաղաքականություն։ Կարծում եմ, որ Հայաստանի պարագայում, գույքահարկը որպես հարկատեսակ նույնիսկ պետք է ընդհանրապես վերացնել։ Հուսով եմ, հաջորդ իշխանությունների օրոք, այդպես էլ կլինի։ Թող անհամեստություն չթվա, բայց  Հայաստանը կարող է այս առումով օրինակ ծառայել այլ երկրների համար։ Անկախ ամեն ինչից կարծում եմ, որ նոր համակարգը շատ անարդար է։ Բերեմ մի օրինակ․ պատկերացրեք նույն թաղամասում առկա են հարևանությամբ գտնվող երկու բնակելի տներ, որոնցից մեկը կառուցված է ճաշակով, որակյալ նյութերից և բնականաբար շուկայական արժեքը բարձր է, իսկ հարևանությամբ գտնվող մյուս տունը պատրաստված է պակաս որակյալ, ‹‹անճաշակ›› է, ունի անշուք տեսք, որի շուկայական արժեքը բնականաբար ցածր է քան մյուսինը։ Պատկերացրեք՝ նշված բարվոք տեսք ունեցող տան սեփականատերը, որը ժամանակին կառուցել է այդ տունը, ներկայումս չունի եկամուտներ, իսկ մյուս տան սեփականատերը՝ ունի հսկայական եկամուտներ, որը չի երևում․ դիցուկ՝ բանկային ավանդներ, կամ այլ գույք, որը տեղափոխել է արտերկիր․հարց է առաջանում, ինչու պետք է բարետես, քաղաքին ու փողոցին լավ ճաշակ ու միջավայր հողորդող տան սեփականատերը մի քանի անգամ ավել գույքահարկ վճարի։ Ստացվում է, որ այս փոփոխությունները յուրահատուկ պատժիչ գործիք են այն սեփականատերերի համար, որոնք ճաշակ և լավ արտաքին են հաղորդել քաղաքին, միջավայրին: Հարկ եմ համարում նշել նաև, որ նախկինում տարբեր ապօրինությունների արդյունքում, տարբեր անձինք դարձել են սրճարանների, բժշկական կենտրոնների, սպորտային համալիրների կամ այլ գործունեության ոլորտների սեփականատերեր, որոնց գույքը տեղակայված է նախկինում հանրային նշանակություն ունեցող տարածքներում կամ նույնիսկ բնակելի տների հարևանությամբ։ Որևէ մեկը չի խոսում այն մասին, որ այդ անձանց պատճառով բազմաթիվ տների սեփականատերեր արդեն տուժել են․ գուցե արդար լիներ ա՞յդ սուբյեկտներից գանձել բարձր գույքահարկ, որոնք ստանում են շահույթներ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներին վնաս պատճառելու գնով․․․։

-Ո՞րն է Ձեր պրոգնոզը՝ արդյոք կգործի գույքահարկի դրույքաչափերի բարձրացման այս մեխանիզմը, թե ի վերջո հասարակական ճնշումը կունենա արդյունքներ:

-Օրենքն արդեն ընդունվել է։ Հասարակական ճնշման միջոցով, թերևս հնարավոր լինի ապագայում այդ օրենքը չեղարկել կամ արմատապես վերանայել:

-Վերջում՝ արդյո՞ք կեղծ օրակարգ չի գույքահարկի այս կարգավորման դեմ պայքարի այս ձևը (հանրությունը կառչում է բնակության վայրից, բնիկ-ոչ բնիկ բառից, իսկ գլոբալ խնդիրը փաստացի մնում է երկրորդված):

-Այո, պայքարի այդ ձևը կեղծ օրակարգ է  կամ նույնիսկ այն կարելի է որակել, որպես հակապետական քայլ։ Օրենքի փոփոխությունը վերաբերում է և ազդելու է ՀՀ բոլոր քաղաքացիների վրա։ Ի՞նչ կապ ունի բնիկ Երևանցին, բնիկ Գյումրեցին կամ ասենք բնիկ Կապանցին․․․․: