«Բնությունն ավելի ազնիվ է քեզ հետ, քան մարդը…» Վիտալի ԼԵՈՆՈՎԻՉ

Այգու խնամված կածաններն ինձ տանում են փոքրիկ մի տուն, որտեղ վարդեր են` ներսից ու դրսից:  Թանձր կանաչ գույնով ներկված, փայտե, նուրբ  պատուահաններով այս տանն է ապրում Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը` կնոջ, մասնագիտությամբ բժշիկ-մանկաբույժ տիկին Ջուլիետայի հետ:

-Գիտեք, շատ դժվարությամբ է հարցազրույցներ տալիս, չի սիրում խոսել, լուսանկարվել…Զարմանալի է, որ այս անգամ համաձայնել է:

Ասաց ու ժպիտով ինձ դիմավորեց տիկին Ջուլիետան: Ու ահա տեսնում եմ պարոն Լեոնովիչի անհանգիստ դեմքը, երևի ուզում էր ժամ առաջ ավարտեինք դեռ չսկսված հարցազրույցը, բայց ընդամենը առաջին հարցից հետո ես հաճելիորեն արձանագրեցի, որ շատ անկեղծ ու զարմանալի զրույց պետք է ունենանք:

-Ծնվել եմ 1937թ-ին, Վրաստանում: Հայրս ազնվական ծագում ունի, կիսալեհ է,  կիսաֆրանսիացի: Նա հայտնի բուսաբան-անտառաբան Էդմոնդ Լեոնովիչն է, նա է հիմնել այս դենդրոպարկը, երբ Թբլիսիից գործուղվել է Հայաստան: Մայրս` զտարյուն հայ է: Մեր ընտանիքը շատ դժվարությունների միջով է անցել, հորս ծնողները տեսել են ռուսական աքսորը…Հայրս անտառին սիրահարված մարդ էր, ինչը նաև ինձ է փոխանցել, նա շատ մեծ ջանքերի գնով է ստեղծել այն, ինչ այսօր կա: Ցանկացած երկրի համար անտառներն ու այգիները, բուսականությունն, առհասարակ շատ մեծ նշանակություն ունեն, դա քաղաքակրթության վառ օրինակ է …:

-Ձեր մանկությունն այս անտառում է անցել,  բնությանը ձուլված ապրելը ի՞նչ է տվել ձեզ:

-Համառություն: Բնությունից սովորել եմ համառ լինել: Գիտակցել եմ, որ այս կյանքում մարդուն  հեշտ ու հանգիստ ոչինչ չի տրվում: Ինչ-որ բանի հասնելու համար հարկավոր են տարիներ, տարիների եռանդ, աշխատանք ու շատ մեծ ջանքեր: Այո, մանկությունս էստեղ է անցել, ես անտառի երեխա եմ եղել, սիրել եմ Լոռին, իր յուրահատուկ կլիման, բուսականությունը, իմ դեպքում հնարավոր չէր չսիրել բնությունը: Մինչև հիմա էլ բնությունից երբեք չեմ կշտանում ու հագենում:

-Այս այգում կա՞ մի ծառ, որն ամենաշատն եք սիրում:

Այո, սոճին…Ինձ համար սոճին գուցե ավելին է, քան ծառը…Մանկության հիշողություններ ունեմ իր հետ կապված, իմ ամենասիրելի ծառն է: Առհասարակ, ծառը գեղեցկություն է…:

-Այսօր քանի տեսակի ծառեր և բույսեր կան այգում, պարոն Լեոնովիչ…

Ցավոք շատ քիչ, եթե համեմատելու լինենք 1960-ականների այգու հետ, այն ժամանակ հայրս մոտավորապես 400 տեսակի ծառերի ու թփերի մասին էր խոսում, իսկ այսօր պահպանվել է դրանցից ընդամենը 150-ը: Դա կախված է եղել իհարկե մեր երկրում տեղի ունեցած ճգնաժամերի հետ, անտառներն ու բուսականությունն էլ միշտ տուժում են նման դեպքերում: Խորհրդային ժամանակաշրջանում մեծ գումարներ են ներդրվել նմանօրինակ պարկերում, էլ չեմ ասում աշխատուժի մասին: Այդ տարիներին այստեղ 50-60 հոգի բանվորներ են աշխատել, իսկ հիմա` ընդամենը 9 հոգի մշտական և ևս 5-ը` սեզոնային: Այս պայմաններով դժվար է իհարկե պահել ու պահպանել դենդրոպարկը, բայց փորձում ենք…Երբ ես տնօրեն դարձա` փոխարինելով հորս, ցավոք նա շատ կարճ ապրեց դրանից հետո, չհասցրեց ինձ շատ բան փոխանցել մասնագիտական առումով, եսէլ  չհասցրի վերցնել նրանից, ինքս եմ հետագա գործունեությունը ծավալել, որքան կարողացել եմ, փորձել եմ լավ կրթություն ստանալ, որ ամեն բան պրոֆեսոինալ կարողանամ անել:

-Այգում, բացի շքեղ եղևնիներից, սոճիներից ու մայրիներից  ամենուր անասելի գեղեցիկ ու խնամված վարդեր են, չգիտեմ ինչո՞ւ ենթադրում եմ, որ դրանք հենց դուք եք խնամում…

-Հիմնականում այդպես էլ կա (ժպտում է): Իսկ եթե որոշ ժամանակ ես չեմ, ուրեմն շատ խիստ հետևում եմ խնամողներին: Վարդերը երկարաժամկետ թփեր են, ամիսներով կարող են ծաղկել, եթե ճիշտ խնամես: Իսկ հատկապես մեր պարկում դրանք շատ համահունչ են շրջապատող ծառերի հետ: Այգու խնամքն ամեն ժամ է, ես ինքս անդադար շփվում եմ բույսերի հետ: Սիրում եմ վաղ արթնանալ, մոտ ժամը 06:30-ին, նախաճաշելուց հետո, շրջում եմ ամբողջ այգով, առանձնացնում առաջնահերթ գործերը, հանձնարարություններ կազմում, մինչև կգան աշխատակիցները: Ուրիշների համար սա զբոսնելու դրախտային վայր է, ինձ համար սովորական, աշխատանքային միջավայր, որտեղ պետք գործ անել` ամեն օր: Իսկ այ ձմռանը շատ ձանձրալի է ինձ համար, երբ ամենօրյա աշխատանքը չկա, անհամբեր սպասում եմ, երբ պիտի գարունը գա…:

-Վերջին տարիներին բավականին ակտիվացել է դենդրոպարկի այցելունեի թիվը, դա լավ է, թե՞ վատ…

-Մի կողմից լավ է, իհարկե, որովհետև այդ ճանապարոհվ այգին գումարներ է աշխատում, որով և հոգում ենք ընթացիկ ծախսերը, բայց մյուս կողմից` ի սկզբանէ, այգին նախատեսված չի եղել շատ այցելուների համար, իր կառուցվածը թույլ չի տալիս մեծ քանակի մարդկանց ընդունել միաժամանակ: Եվ հետո, նկատել եմ, որ շատերը գալիս են ուղղակի ժամանակ անցկացնելու, այն ինչ լավ կլիներ, որ գային նախևառաջ մի նոր բան տեսնելու, բուսականությունը արժեվորելու, այգու պատմությանը ծանոթանալու: Մենք պետք է այդ արժեհամակարգով ապրենք, ոչ թե ուղղակի դուրս գանք հարմարավետ զբոսանքի…

-Ձեր զավակները կամ թոռները կշարունակե՞ն ձեր գործը:

-Օ~հ, վախենամ թե ոչ: Երկու աղջիկ ունեմ, նրանք երկուսն էլ այլ մասնագիտություններ են ընտրել, մենք էլ որպես ժամանակակից ծնողներ դեմ չենք եղել իրենց ընտրությանը: Երեք թոռներ ունեմ ու մեկ ծոռ…Նրանք էլ շատ հեռու բնագավառներ են ընտրել: Աղջիկներս, թեև շատ օգնում են ինձ, սիրում են այս այգին, մեզ հաճախ են այցելում, բայց թե ով կարող է շարունակել, չգիտեմ…:

-Տարվա, ո՞ր եղանակին եք ձեզ նմանեցնում, ձեր ներսում դուք գարուն եք, ամառ, թե…

-Լավ հարց է: Իմ ներսում ես աշուն եմ: Գուցե տարօրինակ թվա, բայց էդպես է, սովորաբար մարդիկ գարուն են սիրում, իսկ ես ահա աշունը, ավելին` հորդառատ անձրևներն եմ շատ սիրում:

-Մարդկանց հարաբերությունները նմա՞ն են բնությանը:

-Մարդկային հարաբերություններից ամեն ինչ կարելի է սպասել, ամեն անկանխատեսելի, ամեն տարօրինակ բան, իսկ բնությունից`ոչ: Բնության մեջ ամեն ինչ կանխատեսելի է, սպասելի է, դու միշտ գիտես, թե որը ինչպես կավարտվի, բնությունն ավելի ազնիվ է քեզ հետ, քան մարդը….

 

Հարցազրույցը` Գայանե Դավթյանի